Էդմոն Մարուքյան. «ԵՏՄ-ի կողմնակիցները պետք է քաղաքական պատասխանատվություն կրեն». «Ժողովուրդ»

11/08/2016

Անցած երեք օրերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Իրանի, Ադրբեջանի, ապա Թուրքիայի, երեկ էլ Հայաստանի նախագահների հետ ունեցած հանդիպումների եւ դրանց հնարավոր հետեւանքների շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Էդմոն Մարուքյանի հետ։ – Պուտին-Սարգսյան հանդիպման ընթացքում, ըստ Ձեզ, արդյո՞ք Հայաստանի առջեւ դրվել է տարածքային զիջումների վերջնագիր։ Հաշվի առնենք, որ նախօրեին Ալեքսանդր Դուգինը հայտարարել էր, որ 5 շրջանները, որպես առաջին քայլ, վերադարձնելու հարցում թե՛ Իրանը, թե՛ Ռուսաստանը, թե՛ Ադրբեջանն ու Թուրքիան համաձայն են։ Հայաստանն ինչպե՞ս կարող է այդ 4 երկրների կամքին դիմագրավել։ – Ամեն ինչ էլ հնարավոր է։ Դրա համար Հայաստանը չպետք է իր ունեցած բոլոր ձվերը դնի մեկ զամբյուղի մեջ, զամբյուղի անունն էլ Ռուսաստանի Դաշնություն է, որովհետեւ զամբյուղը վայր կընկնի, ու բոլոր ձվերը կկոտրվեն։ Հետևաբար` պետք է դիվերսիֆիկացված քաղաքականություն վարել, Եվրամիության հետ ասոցացված համաձայնագիրը վավերացնել, այսօր արեւմուտքում մեր գործընկերներին չկորցնել, պահպանել, ինչը, սակայն, ներկայումս չի ստացվում, ինչպես տեսնում ենք։ – Այսօր արդեն ակնհայտ է, որ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հաշվին Արցախի հարցում անթույլատրելի զիջումների պարտադրանքի գնով հասնել նրան, որ Ադրբեջանը մտնի ԵՏՄ։ Արդյո՞ք սա Սերժ Սարգսյանի կողմից 2013 թ. սեպտեմբերի 3-ին մեկ գիշերվա մեջ կայացրած որոշման արդյունքը չէ, ինչպե՞ս ենք սրա դիմացն առնելու։ – Ասոցացման համաձայնագրի 4 տարվա բանակցությունները այնուհետեւ եվրոպական, արեւմտյան մեր գործընկերներին նման վատ իրավիճակում դնելը, ԵՏՄ մտնելը, բերելու էր սրան, եւ սրա մասին 11 թվականից ասում ենք։ Ինչ ասել ենք, տեղի է ունենում, ես չեմ զարմանում։ Նորմալ է ամեն ինչ, քաղաքական ամբողջ պալիտրան կողմ էր, 7 պատգամավոր է դեմ քվեարկել, այն փաստարկումներով, որ մեր անվտանգության համար է։ Այդ մարդիկ հիմա քաղաքական պատասխանատվություն պետք է կրեն, կամ գոնե ասեն, որ մենք սխալ էինք այդ ժամանակ, ու հիմա ելքեր փնտրեն։

Արփինե ԹՈՎՄԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Աղբյուր՝ aravot.am

 

Բաժին: featured, Հարցազրույցներ, Մամուլ