Ովքե՞ր են մեծամասնական ընտրակարգով ընտրված ամենաակտիվ, բացակայած եւ հարուստ պատգամավորները

01/12/2016

ԱԺ հինգերորդ գումարման մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորներից 41-ից 30-ը ներկայացնում են իշխող ՀՀԿ խմբակցությունը: Մեծամասնական կարգով ընտրված պատգամավորներից ակտիվ է եղել միայն 15-ը, 25-ն անգամ «խոսափողին մոտ չեն եկել»:

Այս մասին Մեդիա-կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ մոնիթորինգ ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը՝ ներկայացնելով մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորների գործունեության վերաբերյալ ուսումնասիրությունները:

«Օրենսդրական նախաձեռնությունների մասով ավելի տխուր է պատկերը՝ 63-37% հարաբերակցությամբ»,- ասաց Վասիլյանը:

Ըստ հարցերի եւ ելույթների՝ ամենաակտիվ պատգամավորն է Վանաձորի թիվ 30 ընտրատարածքից ընտրված Էդմոն Մարուքյանը (խմբակցությունում ընդգրկված չէ), ապա Երեւանի թիվ 8 ընտրատարածքից ընտրված Կորյուն Նահապետյանը (ՀՀԿ) եւ երրորդ հորիզոնականում է Երեւանի թիվ 2 ընտրատարածքից ընտրված Սամվել Ֆարմանյանը (ՀՀԿ):

Խորհրդարանի միլիոնատեր պատգամավորներից 16-ից 12-ը կրկին իշխող ՀՀԿ-ից է:

Ծրագրի փորձագետ Գոռ Աբրահամյանի խոսքով՝ մտահոգիչ է, որ մեծամասնական պատգամավորների մեծամասնությունը կենտրոնացած է ամենախոշոր երկու խմբակցությունում՝ ՀՀԿ-ում եւ ԲՀԿ-ում.

«Տպավորություն է, որ իշխանության մենաշնորհն է եղել մեծամասնական ընտրակարգով պատգամավորներին խորհրդարանում ընդգրկել»,- ասաց Աբրահամյանը՝ հավելելով, որ խնդիր է նաեւ այն, որ հասարակության չկուսակցականացված մասը լիարժեք հնարավորություն չի ունենում պատգամավոր «գործուղել խորհրդարան»:

Ամենաշատ դրամական միջոցներ հայտարարագրած, ինչպես նաեւ բացակայած մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորը «մեծ քաղաքականությունից հեռացած» ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանն անդրադարձավ իրենց խմբակցության մեծամասնական պատգամավորների պասիվության խնդրին.

«Կան պատգամավորներ, որոնք առանձնապես չեն փայլում իրենց գործունեությամբ, ինչպես թվերն են ցույց տալիս, բայց հանուն ճշմարտության պետք է արձանագրենք, որ կարող են լինել պատգամավորներ, որոնք իրենց աշխատանքը մի քիչ այլ կերպ են կառուցում, բայց  ինչպես ընտրության արդյունքներն են ցույց տալիս հասարակությունը նման գործունեության ակնկալիք ունի»,- ասաց պատգամավորը:

Ֆարմանյանի խոսքով՝ իրենց ուղղված դիմումների նամակների մեծ մասը վերաբերել է տարբեր տեսակի կրթական, սոցիալական եւ այլ աջակցություն ստանալուն:

Ֆարմանյանը հույս հայտնեց, որ հաջորդ գումարման խորհրդարանում ավելի շատ կլինեն «իրենց ֆունկցիան ավելի հստակ կատարող պատգամավորներ»:

Մեծամասնական ընտրակարգով ընտրված ամենաակտիվ պատգամավոր Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ մեծամասնական ընտրակարգի վերացումը նպաստելու է «իշխանության վերարտադրությանը»:

Պատգամավորը խոսեց նաեւ այն խնդրի մասին, որ չաշխատող պատգամավորներն ամենաշատ ձայն ունեցող պատգամավորներն են՝ հաշվի առնելով վերջիններիս ադմինիստրատիվ, ֆինանսական եւ այլ ռեսուրսներ: Ըստ Մարուքյանի՝ նման մարդիկ այս ընտրությունների ժամանակ եւս կարող են օգնել իշխանություններին, սակայն չընդգրկվել խորհրդարանում:

Armtimes.com-ի հարցին՝ ի՞նչ օրինակ կարող են ներկայացնել, ըստ որի՝ իրենց բարձրացրած խնդիրները լուծում են ստացել, Ֆարմանյանն ասաց, որ իրենց հիմնականում դիմում են տարբեր սոցիալական աջակցություն ստանալու ակնկալիքով: Բարձրացրած խնդիրներից հիշատակեց Երեւանի Դավիթ Բեկ թաղամասի բնակիչների խնդրին եւ, մասնավորապես, այդ տարածքի շինությունը որպես պետական գույք ամրագրելուն:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, որը ընտրվել է որպես անկախ պատգամավոր պատասխանեց, որ դիմումներն առաջին 3 ամսին կրկին տարբեր հարցերով սոցիալական աջակցության մասին էին, սակայն պատգամավորի՝ օրենսդիր գործունեությունը ներկայացնելու աշխատանքներից հետո «դիմումները ֆիլտրվել են»: Քաղաքացիները դիմել են թե՛ իրավական տարբեր խախտումների, թե՛ ՏԻՄ ու պետական կառավարման խնդիրներով:

Բարձրացրած հարցերից պատգամավորը հիշատակեց Քիմպրոմի աշխատակիցների չվճարված աշխատավարձի հարցը, Վանաձորի Պոլիտեխնիկը Երեւանի Մանկավարժականին միացնելու հարցը, որի որոշումն իր բարձրացնելուց հետո Կառավարության նիստի օրակարգից հանվել է:

Աղբյուր՝ armtimes.am

Բաժին: featured, Մամուլ