Էդմոն Մարուքյան. «Շատ դեպքերում ես վստահ եմ, որ որևէ մեկը որևէ մեկին որևէ փոխառություն չի տալիս» Դիանա Ղազարյան

14/12/2016

Պատգամավոր Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով ԱԺ-ում քննարկվող ապօրինի հարստացման մասին օրինագծին, ասում է՝ իրապես այն սպասված և շատ կարևոր է։ Սակայն պատգամավորն ունի իր դիտարկումները։ Նա մասնավորապես նշում է, որ որքանով հասկանում է օրենքի տրամաբանությունից, այն դիտարկվելու է մեկ տարվա կտրվածքով, այսինքն՝ թե մեկ տարվա ընթացքում պաշտոնատար անձի միջոցները որքանով են չհիմնավորված «էական» գերազանցել։

Նշենք՝ «Էական» է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկը (5 միլիոն) գերազանցող գումարը:

Պատգամավորը նախարարից հետաքրքրվեց՝ արդյո՞ք սա նշանակում է, որ տարվա ընթացքում բարձրաստիճան պաշտոնատար անձը կարող է 5 միլիոն դրամի չափով չհիմնավորված միջոցներ ունենալ կամ գույք ձեռք բերել և քրեական հետապնդման խնդիր չունենա։

Մարուքյանը կարծում է, որ սահմանված 5 միլիոն դրամը բավականին մեծ է՝ նկատի ունենալով երկրում առկա սոցիալ-տնտեսական վիճակը, որպես կաշառք կամ գույք ստանալու և որոշակի ծառայություններ մատուցելու գործոնը։ Այդ պատճառով առաջարկում է՝ նվազեցնել սահմանված շեմը։

Հովհաննիսյանը այս դիտարկմանն ի պատասխան պարզաբանեց, որ հինգ միլիոն դրամի շեմի նվազեցումը ընդունում է որպես առաջարկ, սակայն դիտարկելով միջազգային փորձը, անձնային, ինստիտուցիոնալ գործոնները, ապա շատ վտանգավոր է, երբ փոքր շեմ ես նախատեսում, քանի որ դրանով փորձում ես փոշիացնել իրական ջանքերը և գլոբալ խնդիրը շարունակում է մնալ։ Նախարարը կիսում է Մարուքյանի այն դիրքորոշումը, որ սահմանված 5 միլիոն դրամը տարվա կտրվածքով բավականին մեծ գումար է, սակայն այս պարագայում կարծում է, որ կարեւորը ոչ թե այդ գումարի չափն է, այլ՝ կոռուպցիայի դեմ պայքարը։

«Եթե չհիմնավորված եկամուտը օրինակ 4 միլիոն 500 հազար դրամ է, ապա ապօրինի հարստացման համար, այս հանցակազմի շրջանակներում, այո՛,  կոնկրետ ներկայացված այս փաթեթով, քրեական  պատասխանատվություն չի առաջանա, բայց վստահեցնում եմ ձեզ, որ համապատասխան տեղերում «կարմիր դրոշակները», «կարմիր կոճակները» կվառվեն»,-ասում է նախարարը։

Պատգամավոր Մարուքյանը հակադարձեց. «Շատ դեպքերում ես վստահ եմ, որ որևէ մեկը  որևէ մեկին որևէ փոխառություն չի տալիս, ուղղակի գումարները հիմնավորելու համար արձանագրում են, որ ինչ որ գումար փոխառության արդյունքում է գոյացել»,-նշում է Էդմոն Մարուքյանը։ Նախարար Հովհաննիսյանն այս դիտարկման հետ համաձայն է: Նրա խոսքով՝ փոխառությունների ձևակերպման երևույթը բավականին տարածված է և դրա հետ կապված խնդիրը նրանում է, որ երբ ուսումնասիրում են պաշտոնատար անձի հայտարարագիրը և տեսնում, որ նա փոխառություն է ստացել, ապա ողջամիտ կասկած է ծագում, որ իրականում նա փոխառություն չի ստացել: Նախարարն այս խնդրի լուծման տարբերակ է համարում պաշտոնատար անձին «ստիպելը», որպեսզի նա փոխառության հանձնման և ստացման անկխանկիկ գործարքներ իրականացնի։

Անկանխիկ եղանակով կատարվող գործարքի պարագայում, Հովհաննիսյանը հավաստիացնում է, իրավասու մարմինը իրավունքն ունի ստուգելու՝ արդյոք այն անձը, ում տրվել էր փոխառությունը կամ վերադարձվել է, ի վիճակի՞ էր այդ փոխառությունը ստանալ, որ այժմ հետ է վերադարձնում: Արփինե Հովհհանիսյանը փոխառությունների և նվիրատվությունների խնդիրը լուծման գլխավոր միջոց է համարում կանխիկ գործարքների սահմանափակումը։

Աղբյուր՝ hetq.am

Բաժին: featured, Մամուլ