Նոր ընդդիմություն. Փոքր-ինչ ավելի
2016 թվականի ներքաղաքական իրադարձություններն ըստ էության տեղի ունեցան գերազանցապես իշխանական դաշտում: Տարին մեկնարկեց փետրվարին Սերժ Սարգսյանի ելույթով, որն, ըստ էության, ՀՀԿ-ի նախընտրական ուղեցույցն էր: Թեև տեղի ունեցան ապրիլյան պատերազմն ու հուլիսյան իրադարձությունները, որոնք ֆորս-մաժորային իրավիճակ ստեղծեցին ներքաղաքական կյանքում, այնուհանդերձ՝ Հայաստանի քաղաքական դաշտում չգտնվեց սուբյեկտ, որը այդ իրադարձությունների ընթացքում կկարողանար հանրային մեծ լեգիտիմության պայմաններում ստանձնել որոշակի թելադրող դերակատարություն:
Չնայած առաջին հայացքից իշխանության համար երկու ֆորս-մաժորների ընթացքում էլ ոչ շահեկան իրողություններին՝ նախաձեռնության թելը շարունակեց մնալ իշխանության ձեռքում, ինչն էլ եզրափակվեց ներիշխանական աշնանային վերադասավորումներով և ՀՀԿ-ի նախընտրական համագումարով:
Ընդդիմադիր դաշտի կարողունակության կտրուկ անկումը երևի թե հանդիսացավ ներքաղաքական կյանքում 2016 թվականի առանցքային խնդիրներից մեկը, ինչը հատկապես տագնապալի է այն պայմաններում, երբ ընդամենը երկու-երեք ամիս հետո տեղի են ունենալու խորհրդարանական ընտրությունները՝ խորհրդարանական կառավարման մոդելի պայմաններում:
2016-ի ավարտին, իհարկե, ընդդիմադիր դաշտում տեղի ունեցավ մի իրադարձություն, որը սպասված էր և բեկումնային՝ երեք կուսակցությունները կազմեցին նախընտրական դաշինք՝ անվանելով այն ԵԼՔ դաշինք: Դրանք են «Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունները, որոնք նաև հայտարարել են մեկ կուսակցություն դառնալու նպատակի մասին:
Ինչ սկիզբ կլինի դա ընդդիմադիր դաշտի ռեսթարթի՝ վերբեռնման գործում, շատ դժվար է ասել: Ակնհայտ է, սակայն, որ դաշտում երևի թե եզակի կառուցողական և պրոգրեսիվ նախաձեռնությունը դա էր, ինչը, իհարկե, զուտ ծավալային առումով խիստ անհամարժեք է այն տիրույթներին, որ զբաղեցնում է իշխանությունը ներկայիս քաղաքական դաշտում:
Հայաստանում կա ընդդիմության լրջագույն խնդիր, որտեղ, սակայն, չափիչը պետք է լինի ոչ թե ազնվությունն ու անկեղծությունը, մաքրությունն ու անբասիրությունը, այլ բովանդակությունը, խնդիրների շեշտադրման հստակությունն ու ախտորոշման ամբողջականությունը: Այլ կերպ ասած՝ եթե պայմանական ձևակերպենք բնորոշումը, Հայաստանին պետք է «պրոֆեսիոնալ» ընդդիմություն: Ոչ թե վարձու, այլ պրոֆեսիոնալ ընդդիմություն, որի համար չափիչը կամ ցուցիչը իշխանության հասցեին հայհոյանքի սրությունը չէ, և որի համար ընդհանրապես չկա այդպիսի խնդիր՝ մրցել որևէ մեկի հետ առավել անկեղծ ընդդիմություն լինելու հարցում կամ առավել մաքուր ընդդիմություն լինելու հարցում:
Հայաստանում իշխանությունը փոխել հնարավոր է մարդուն փոխելով, հետևաբար Հայաստանում ընդդիմությունն այն է, ինչը փոխում է մարդուն: Մնացյալը, ինչքան էլ անկեղծ է, սրտացավ է, ազնիվ է և մաքուր, ընդամենը անկեղծություն է, սրտացավություն, ազնվություն և մաքրություն: Ընդդիմությունը, սակայն, արդյունավետ լինելու համար պետք է լինի փոքր-ինչ ավելին:
Լուսանկարը՝ Photolure-ի
Աղբյուր՝ 1in.am