««ԵԼՔ»-ի բոլոր թեկնածուներն առաջադրվում են լուրջ արդյունքներ արձանագրելու, հաղթելու ու դաշինքին հնարավորինս շատ ձայն ապահովելու նպատակով». Էդմոն Մարուքյան

11/01/2017

Ինչպես հայտնի է՝ «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն «ԵԼՔ» դաշինքով: Դաշինքի ստեղծումից հետո հայտարարվեց, որ բանակցություններ կլինեն նաև այլ ուժերի հետ: ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ Էդմոն Մարուքյանից հետաքրքրվեցինք, թե բանակցություններն ի՞նչ փուլում են, առաջիկայում որևէ ուժի կամ ուժերի հետ համագործակցելո՞ւ են:

«Բանակցություններ կան, բայց արդյունք դեռևս չկա: Եթե որևէ բան լինի, մենք անպայման հրապարակում ենք մեր ցանկացած որոշում, որ հանրությունն իմանա: Քանի դեռ չենք հրապարակել, որևէ արդյունքի մասին խոսելը վաղ է: Դաշինքում ցանկացած հարց կարող է քննարկվել, բայց որոշումները կայացվում են կոնսենսուսով: Ցանկացած ուժի հարց էլ կարող է քննարկվել, բայց որոշում կայացնելու համար պետք է, որ երեք ուժերն էլ համաձայն լինեն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Էդմոն Մարուքյանը:

Հարցին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ «ԵԼՔ» դաշինքի շրջանակներում իր թեկնածությունը կառաջադրի թիվ 4 ընտրատարածքում. դաշինքի այլ անդամներ կա՞ն, որոնց թեկնածությունն առաջադրվել է, նա պատասխանեց. «Բազմաթիվ մարդկանց թեկնածություններ առաջադրվել են, բայց դեռևս չենք հրապարակում, որովհետև դեռ ընթացքի մեջ է: Առաջադրումների պրոցես է ընթանում, քննարկումներ են ծավալվում, մարդիկ իրենց թիմերն են ձևավորում, և դեռ կլինեն հայտարարություններ»:

Իսկ մեր այն հարցին, թե իր կարծիքով՝ Ալեն Սիմոնյանը մրցունա՞կ է թիվ 4  ընտրատարածքում, որտեղ առաջադրվում են Զարուհի Փոստանջյանը, Արտակ Սարգսյանը (ՍԱՍ-ի Արտակ), նա այսպես պատասխանեց. ««ԵԼՔ» դաշինքի բոլոր թեկնածուներն էլ մրցունակ են, և Ալեն Սիմոնյանն էլ՝ որպես նոր սերնդի քաղաքական գործիչ, կարող է բավականին լուրջ մրցակցություն առաջացնել տվյալ տարածքում: Հետևաբար, մենք այս ընտրություններին չենք նայում՝ որպես ձևական միջոցառում, և բոլոր թեկնածուներն առաջադրվում են լուրջ արդյունքներ արձանագրելու, հաղթելու ու դաշինքին հնարավորինս շատ ձայն ապահովելու նպատակով»:

Աղբյուր՝ 168.am

Բաժին: featured, Հարցազրույցներ, Մամուլ, Նախընտրական նյութեր