«ԵԼՔ»-ը գալիս է խախտելու երկրում հաստատված ստատուս-քվոն. Էդմոն Մարուքյանն առաջադրվել է թիվ 9 ընտրատարածքում
Առաջիկա խորհրդարանական ընտրություններին ԵԼՔ դաշինքի կողմից Էդմոնդ Մարուքյանն առաջադրվել եմ թիվ 9 ընտրատարածքում, որը ներառում է Լոռու մարզը: Այս մասին ֆեյսբուքում գրառում է կատարել Էդմոն Մարուքյանը:
«Տարիներ շարունակ բարձրաձայնելով Վանաձորի և Լոռու մարզի խնդիրները՝ ինձ համար այժմ մեծագույն պատիվ և պատասխանատվություն է առաջադրվել իմ սիրելի մարզում: Լոռու մարզի բոլո՛ր բնակիչներն այսուհետ ունեն հնարավորություն՝ քվեարկելու իմ օգտին և ունենալու իրենց խնդիրները հետևողականորեն բարձրաձայնող, մշտապես հասանելի և պրոֆեսիոնալ պատգամավոր:
Իմ մրցակիցներն այս ընտրատարածքում այն մարդիկ են, ում դուք լավ եք ճանաչում, ովքեր, տարիներ շարունակ լինելով իշխանության կազմում, պատասխանատու են մեր մարզի համատարած աղքատության, օրեցօր ահագնացող արտագաղթի, սոցիալ-տնտեսական թշվառության, մշակութային ամայացման համար: Նրանք ստացել են ձեր ձայնը, իսկ հետո մսխել ու փոշիացրել են այն. գրեթե չեն մոտեցել պատգամավորական ամբիոններին, հանդես չեն եկել օրենսդրական նախաձեռնություններով, սպասարկել են ոչ թե իրենց ընտրողների, այլ սեփական նեղ կլանային շահերը: Այժմ մենք ունենք իրական հնարավորություն՝ վճռապես փոխելու այս իրավիճակը: ԵԼՔ դաշինքը գալիս է՝ խախտելու Հայաստանում հաստատված ստատուս-քվոն, փոխելու հուսալքության և աղքատության միջավայրը, հաղթահարելու Հայաստանի զարգացման արգելքները:
Դուք այժմ ունեք լավագույն ընտրության հնարավորություն, իսկ մենք ունենք մեծագույն պատասխանատվություն՝ արդարացնելու ձեր տված յուրաքանչյուր քվեն և ապահովելու Հայաստանի լուսավոր վերԵԼՔ-ը», – նշված է գրառման մեջ:
Աղբյուր՝ 1in.am
Բաժին: featured, Մամուլ, Նախընտրական նյութեր