«Թե՛ մտնենք յութուբ, թե՛ ֆեյսբուք, կարդում ենք, որ դոմիկի հարցը մենակ ինքն ա առաջ քաշում»
«ԵԼՔ» դաշինքի անդամ Էդմոն Մարուքյանը, թիվ 9 ընտրատարածքի մյուս թեկնածուների հետ եղավ Վանաձոր քաղաքի Լենինգրադյան տնակային ավանում: Վերջինս հիշեցրեց, որ ի տարբերություն շատերի, ինքը տնակային ավանի խնդիրը բազմաթիվ անգամներ է բարձրաձայնել Ազգային ժողովի ամբիոնից: Սակայն խնդիրը խորքային է, որի լուծումը եւս բարդ է: «Ես հիմա գտնվում եմ Վանաձորի ամենախոցելի տարածքում, որտեղ ոչ մի պաշտոնյա երես չունի, որ գա կանգնի ու խոսա ձեր հետ: Ես երես ունեմ այնքանով, որքանով, որ ԱԺ-ում մի շարք անգամներ, թե՛ վարչապետ Տիգրան Սարգսյանին, թե՛ Հովիկ Աբրահամյանին էս հարցով դիմել եմ: Նոր վարչապետն էլ նոր է եկել, դեռ անիմաստ է դիմել, դեռ իրա խոստացած բաներն էլ չի արել: Ես եկել եմ, այստեղ, ձեզ ասելու, որ 5 տարի հավատարմորեն վանաձորցու շահը, ովքեր որ ընտրել էին ինձ, ես պաշտպանել եմ: Ունեցել եմ մի մանդատ, դրանով ինչ կարողացել, արել եմ, եւ հպարտորեն ձեր ձայնը հնչեցրել եմ այնտեղ: Այլ բան է, որ էդ խնդիրը չի լուծվել: Մենք ոնց որ այստեղ հանդիպել ենք մեկ, երկու, հինգ տարի առաջ, նույն ձեւի էս տնակային ավանը մնացել է, որովհետեւ ինքը բարդ, բազմաշերտ խնդիր է»: ԱԺ պատգամավորը, սակայն վստահեցնում է, որ այժմ էլ խնդիրը շարունակում է մնալ ոչ միայն իր, այլեւ «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված Վանաձորի համայնքի ավագանու անդամների ուշադրության կենտրոնում: «Ես եւ ավագանու մեր 10 ընդդիմադիր անդամները, ում որ դուք ընտրել եք, ձեր խնդրով հետեւողականորեն զբաղվելու ենք: Ֆրակցիայի ղեկավարն էստեղ է, իրենք ձեզ չեն մոռացել, չեն մոռանում, եւ չեն մոռանալու: Նույնն էլ ես եմ ասում: Որ մեր քաղաքական ուժը, ոչ էլ ես, որպես վանաձորցի կյանքում ձեր խնդիրը ժողովրդի լեզվով ասած «ականջի հետեւ չի ընկնելու»: Առաջին իսկ ցանկացած հնարավորություն, որ եղավ տնակային ավանների խնդիրը լուծելու, մենք էդ խնդիրը լուծելու ենք, դրանով զբաղվենք»: Բնակիչներից մեկն էլ արձագանքեց, որ այսօր տնակային ավանի հարցը կարելի է լուծել, եւ լուծման տարբերակներ առաջարկեց. «Դա շատ հեշտ գործ ա: Դատարկ կվարտիրեք շատ կան, եթե փուլ եկած կվարտիրեն տան, էս մեկիս, էն մեկին, կսարքեն իրանց ուժերով, կապրեն»: Մեկ ուրիշն էլ նշեց, որ խոստումներ շատ են լսել, սակայն խոսքը գործ այդպես էլ չի դարձել. «Շատ են խոստումներն եղել, բայց ոչ մեկը, ոչ մի բան չի արել: Մեր հարցը մենակ առաջ ա քաշել պարոն Մարուքյանը: Թե՛ մտնենք յութուբ, թե՛ ֆեյսբուք, կարդում ենք, որ դոմիկի հարցը մենակ ինքն ա առաջ քաշում: Ուրիշ ոչ մի պատգամավոր առաջ չի քաշել էդ հարցը: Լոկ խոսքեր են եղել»: Հանդիպման ավարտին Էդմոն Մարուքյանը խոստացավ` վերընտրվելու դեպքում շարունակելու է բարձրաձայնել երկրում առկա խնդիրներն ու գտնել դրանց լուծման ուղիները: «Եթե դուք ուզում եք, որ ձեր ձայնը հնչեցնող լինի նաեւ այսուհետ, ես ձեր առջեւ կանգնած եմ, կարող եք վերընտրել ինձ: Այս անգամ «ԵԼՔ» դաշինքին ընտրելով, դուք հնարավորություն եք ստեղծում մենք մի քանի անգամ ավել պատգամավորներ ունենալ խորհրդարանում: Եթե մեր տեսակը բազմապատկվի խորհրդարանում, եթե ձեր քվեարկությամբ «ԵԼՔ»-ը շատ ձայն հավաքի, մենք կկարողանանք եւ՛ այս տնակային ավանի, եւ՛ Շիրակի մարզի տնակային ավանի, եւ ընդհանրապես Հայաստանում ծառացած խնդիրների լուծման ու փոփոխությունների ճանապարհը բռնել»:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ
Աղբյուր՝ aravot.am
Բաժին: featured, Մամուլ, Նախընտրական նյութեր