«Ելք»-ը գլխավոր դատախազին հաղորդել է «հանցագործության» մասին և հետևողական է լինելու

24/05/2017

«Ելք» դաշինքի քարոզարշավը Երևանի ավագանու ընտրություններում, ապրիլ, 2017թ.
Կիսվել
Print
Խոսքը «Զիբիլիքս» անվանումը ստացած սկանդալային փաստաթղթերի մասին է:
Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հանցագործության մասին հաղորդումը Գլխավոր դատախազությունն ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ), որտեղից «Ազատությանը» փոխանցեցին, որ «Զիբիլիքս» անվանումը ստացած հայտնի փաստաթղթերը կցվել են ավելի վաղ պատգամավորի հայտարարության հիման վրա հարուցված մեկ այլ քրեական գործի։

«Ազատության» հետ զրույցում Փաշինյանը տեղեկացրեց, որ ինքն այսօր նունպես եղել է ՀՔԾ-ում, ու քննիչին հանձնել այդ փաստաղթերի կրկնօրինակները։

«Ելք» խմբակցության պատգամավոր էդմոն Մարուքյանի համոզմամբ՝ այդ փաստաղթերը վկայում են, որ Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ի կողմից ընտրակաշառքների բաժանումը կրել է համակարգված և կենտրոնացված բնույթ և իրավապահները պարտավոր են ընթացք տալ գործին․ – «Այս ընտրությունների ընթացքում բազմաթիվ հայտարարություններ են եղել, բայց նման պատշաճ ձևով ձևակերպված հաղորդում որևէ քաղաքական միավորի կողմից չի ուղարկվել քաղաքական որևէ մարմնի: Այսինքն՝ բոլորը խոսում են, բայց մենք կոնկրետ հիմա գործ ենք անում: Սա մի կազմակերպված հրեշավոր համակարգ է, որի միջոցով նրանք գործում են»:

Ընդդիմադիր դաշինքը պնդում է, որ մոտ երեսուն էջանոց այդ նյութերը իրենց մոտ հայտնվել են, երբ Տարոն Մարգարյանի Կոմիտաս 56 հասցեում գտնվող ընտրական շտաբի աշխատակիցը դրանք նետել է աղբամանը․ – «Մենք ունենք փող բաժանողի ինստրուկցիա․ մարդ, որը գնում է, ներկայանում է բնակարաններում և ասում է՝ ես եկել եմ փող բաժանելու ՀՀԿ-ի անունից: Եվ այնտեղ գրված է՝ սկզբից ասել «բարև», հետո գրված է՝ ով է տան լիդերը, ակտիվիստը, հետո էդ մարդու հետ առանձնանալ ննջարանում կամ բաղնիքում և էնտեղ առաջարկել գումարը՝ ձայնագրությունից խուսափելու համար»:

Մարուքյանի պնդմամբ՝ ընտրակաշառքի բաժանման գործընթացում ներգրավված են եղել նաև իրավապահները․ թղթերից մեկը, ըստ պատգամավորի, ՀՀԿ-ի շտաբ է ուղարկվել ոստիկանության ֆաքսի համարից․ – «Որտեղ կա հստակ ոստիկանների անուն-ազգանունները․ այսինքն նրանց անձնական տվյալները փոխանցվել են ՀՀԿ-ի շտաբ, մարդու անուն, ազգանուն, հայրանուն, կոչում, պաշտոն․․․ Եվ թե որը քանի ձայն է բերում»:

Փաստաթղթերում, ըստ Մարուքյանի, ակնհայտ երևում է, որ իշխող Հանրապետականը, գումարից բացի, քվեի դիմաց քաղաքացիներին մատուցել կամ խոստացել են կենցաղային ծառայություններ․ – «Կա կոնկրետ հասցեներում գրված, թե ում «Փարոսն» է պետք կտրել, ումը թողնել: Էնտեղ կա կոնկրետ բանկային ոլորտի աշխատողների տվյալներ, որ էս մարդկանց բանկերից հանել, չգիտեմ ինչ անել․․․ Կա տվյալ, որ այստեղ ասֆալտապատել, այստեղ դուռը փոխել, այստեղ էսինչ բանը անել․․․ Այսինքն ես հասկանում եմ դա ինչ ա․ գնում են տներ, բակեր, աում են՝ ի՞նչ խնդիր ունեք: Մեկը ասում ա՝ մեր դուռը փոխեք, կքվեարկե՞ք ՀՀԿ-ի օգտին, եթե դուռը փոխենք: Ասում ա՝ այո․․․ գրում են պայմանը»:

«Ելք»-ում համոզված են, որ ընտրակաշառքի բաժանման այս գործընթացում ներգրավված են եղել առնվազն մի քանի հարյուր քաղաքացիներ: ՀՔԾ-ում մոտ մեկ շաբաթ առաջ հարուցված ընտրակաշառք տալու քրեական գործում, սակայն, մինչև այս պահը մեղադրյալ կամ կասկածյալ չկա։

Ընդդիմադիրները խոստանում են հետևողական լինել, որպեսզի բոլոր մեղավորները պատժվեն։ Ըստ համապատասխան հոդվածի, մեղավորների սպառնում է 3-5 տարի ազատազրկում։

Խոսքը, ըստ «Ելք» դաշինքի, Երևանի ավագանու մայիսի 14-ի ընտրություններում Հանրապետականի Կոմիտաս 56 հասցեում գտնվող ընտրական շտաբից դուրս բերված և աղբամանը նետված, ապա «Ելք»-ի ներկայացուցիչների կողմից հայտնաբերված սկանդալային թղթերի մասին է, որոնցում առկա են ընտրողների ցուցակներ, գումարի մասին համապատասխան նշումներ, կոնկրետ հասցեներում ծառայությունների մատուցում, ինչպես նաև ուղեցույց շտաբի անդամների համար՝ քաղաքացիներին գումարները հանձնելու գործընթացը կազմակերպելու նպատակով։

Ընդդիմադիրների պնդմամբ՝ այս գործընթացում ներգրավված են եղել նաև ոստիկանները, քանի որ թղթերից մեկը ուղարկված է եղել Ոստիկանությանը պատկանող ֆաքսի հեռախոսահամարից։

«Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանի խոսքով՝ իրենք հետևողական են լինելու, որպեսզի դատախազույթյունը ընթացք տա հաղորդմանը, և մեղավորները պատժվեն։

«Մենք կարող ենք ասել, որ էս ամենի թիկունքում Հանրապետական կուսակցությունն ա կանգնած և պետական ամբողջ ադմինիստրատիվ համակարգը», – հայտարարեց Մարուքյանը:

Իշխող Հանրապետականը, մինչդեռ, բացառում է, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանի շտաբում ընտրակաշառք է բաժանվել։ Ազգային ժողովի փոխնախագահ, Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ի նախընտրական շտաբի պետ Էդուարդ Շարմազանովն «Ազատության» հետ զրույցում նշեց․ – «Իմ կարծիքը չի փոխվել․ իմ ղեկավարած շտաբի զինանոցում «ընտրակաշառք» գաղափարը չի եղել: Եվ երկրորդը՝ մնացածն արդեն իրավապահ մարմինների որոշելիք խնդիրն է, դա իրենց տիրույթում է գտնվում: Եվ ես, սովորության համաձայն, երբեք չեմ խառնվում այլ, առավել ևս դատական ատյանների տիրույթին»:

Մայիսի 14-ին կայացած Երևանի ավագանու ընտրություններում, հիշեցնենք հաղթեց ՀՀԿ-ն՝ ստանալով ընտրողների մոտ 70 տոկոսի քվեն։

Աղբյուր՝ azatutyun.am

Բաժին: featured, Հարցազրույցներ, Մամուլ, Տեսանյութեր