Սվիտալսկու ասածը նորությո՞ւն էր, ո՞ւմ վրա եք մուննաթ գալիս. Էդմոն Մարուքյանը՝ ՀՀԿ-ին

16/06/2017

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։

– Պարոն Մարուքյան, Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին կոշտ հայտարարություններ է հնչեցրել անցկացված ընտրությունների վերաբերյալ՝ անդրադարձել է վարչական ռեսուրսի կիրառմանը, նույնիսկ հայտնի ձայնագրություններին։ Ինչպե՞ս եք գնահատում դեսպանի այս հայտարարությունները։

– ԵՄ դեսպան Սվիտալսկին Հայաստանում գործող այն դիվանագետներից է, որը միշտ օգտագործում է շատ մեղմ դիվանագիտական լեզու Հայաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Նրա հայտարարությունը շատ մեղմ է, կոշտ գնահատական չեմ տեսնում, փաստերի շարադրանք է ներկայացնում և ասում, թե ինչ է պետք Հայաստանին։ Դա մեզ համար է, մենք ենք անհանգստացած, որ այդ խնդիրները լուծվեն։ Դրանք կլուծվեն, թե չեն լուծվի՝ Սվիտալսկու կյանքում որևէ բան չի փոխվի։

– Իսկ իշխանությունների արձագանքը դեսպանի այդ մտահոգությանն արդյո՞ք ադեկվատ է։

– Ես զարմացած եմ իշխանությունների այդ արձագանքից։ Ասում են՝ գիտեք, մեր ներքին գործերին են խառնվում, Հայաստանը սուվերեն երկիր է։ Նո՞ր են հիշել, որ Հայաստանը սուվերեն երկիր է, շատ օրինակներ կարող եմ բերել, երբ իսկապես պետք է ասեին, որ Հայաստանը սուվերեն երկիր է, բայց չեն ասում։ Ես համոզված ասում եմ՝ դեսպան Սվիտալսկին չի խախտել դիվանագիտական լեզուն, դեսպանը միշտ կանգնած է եղել Հայաստանի, Հայաստանում բարեփոխումներ անցկացնելու կողքին, աջակցել է այդ գործընթացին։ Իշխանություններն էլ սիրով միլիոնավոր եվրոների աջակցություն են ստանում ու դրանից հետո նման ձևով արձագանքում։ Դա անարդար է։ Ամեն նորանշանակ նախարար դիմում է ԵՄ-ին աջակցության ու բարեփոխումներ իրականացնելու համար, վարչապետն ու կառավարությունն էլ բյուջեի համար են դիմում։ Իսկ Եվրամիությունն ի՞նչ է ասում՝ ավելին ավելիի դիմաց, ավելի շատ բարեփոխում կանեք, երկիրը կդարձնեք ժողովրդավարական՝ մենք ձեզ կաջակցենք։ Չեք անի, դուք գիտեք, ո՞ւմ վրա եք մուննաթ գալիս։ Նորությո՞ւն է ՍԱՍ-ի գործը, նորությո՞ւն է, որ Հայաստանում ընտրական ինստիտուտն ունի շատ ցածր հանրային վստահություն, նորությո՞ւն է, որ ռեյտինգայինը խայտառակ ընտրակարգ է։ Ես ուղղակի զարմացած եմ իշխանությունների այս արձագանքից, ըստ իս՝ հրահանգավորված արձագանք է։ Մեկ անգամ չէ, հետևողականորեն և շատ կոպիտ պատասխանում են. սա շատ մտահգոիչ է։

– Եվրամիությունն ընտրություններն ավելի բարձր որակի անցկացնելու համար այդքան գումար տվեց, մենք էլ իշխանությունների մակարդակով պատասխանում ենք՝ շնորհակալություն գումարի համար, բայց մեր ներքին գործերին մի խառնվեք։ Սրանից հասարակ քաղաքացին չի՞ տուժում։

– Հայաստանում ժողովրդավարությունը, ազատությունը, բարեփոխումներն են տուժում, ո՛չ Եվրամիությունը, ոչ էլ Սվիտալսկին չեն տուժում։ Ես չեմ կարծում, որ Հայաստանի սուվերենությունը վտանգված է Սվիտալսկու հայտարարություններից, շատ առիթներ են եղել Հայաստանի սուվերենությունը վտանգող, ավելի լավ է դրանով զբաղվեն։

– Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը, մենաշնորհների առկայությունը քննադատել է նաև ԱՄՆ դեսպան Միլսը, Սվիտալսկին էլ բազմիցս բարձրաձայնել է այդ խնդիրները, բայց, միևնույն է, իշխանությունների հետ աշխատանքը շարունակվում է։ Ինչո՞ւ, որովհետև չկա՞ այլընտրանքային գործընկեր։

– Պատճառն այն է, որ այս պահին գործող իշխանությունն իրենք են, և երկրորդ՝ չաշխատել իշխանությունների հետ՝ նշանակում է չաջակցել Հայաստանին ընդհանրապես։ Գործող իշխանության հետ չի կարող որևէ ձևի աշխատանք չլինել, բարեփոխումները իրականացվում են ընդհանուր համակարգի միջոցով։ Այս առումով միջազգային կառույցներն այլընտրանք չունեն։ Մյուս կողմից՝ ինադ անելով ՀՀ իշխանություններին՝ կտուժեն ՀՀ քաղաքացին ու պետությունը։ Այդ ամեն ինչը հասկանալով՝ Հայաստանի բարեկամ երկրները շարունակում են հետևողական կերպով աջակցել ՀՀ-ի զարգացմանը։ Բայց, իհարկե, իշխանությունների նմանատիպ վերաբերմունքը հիասթափեցնող է։

Լուսանկարը՝ Panorama.am-ի

Աղբյուր՝ 1in.am

Բաժին: featured, Հարցազրույցներ, Մամուլ