Էդմոն Մարուքյանը տեսակցել է Հրաչյա Հարությունյանին․ նրա պատժաչափը կարող է փոխվել

22/07/2017

«ԱԺ» Ելք դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանը այսօր տեսակցել է երեկ Ռուսատանի Դաշնությունից Հայաստան տեղափոխված դատապարտյալ Հրաչյա Հարությունյանին:

Մարուքյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ Հարությունյանը բարձր տրամադրություն ուներ, անգամ չէր հավատում, որ վերջապես հայրենիքում է: Այցելության պահին Հարությունյանը բուժզննում է անցել «Հարությունյանը բարձր տրամադրությամբ էր, իր շնորհակալությունն էր հայտնում հայ ժողովրդին, Ռուսաստանի հայերին, եկեղեցուն՝ այդ նեղ պահին իր և իր ընտանիքի կողքին կանգնելու համար»,-ասաց Մարուքյանը:

Ինչ վերաբերում է հաջորդիվ իրավական գործընթացներին, ապա Մարուքյանն ասաց, որ պետք է որ օրենսդրությունների համապատասխանեցում տեղի ունենա: Ռուսատանում Հրաչյա Հարությունյանի մասով կայացված դատավճիռը ՀՀ դատարանում նշված հոդվածով պետք է համապատասխանեցվի, որից հետո կորոշվի այն Քրեակատարողական հիմնարկը, այն ռեժիմը, որով նա կշարունակի կրել իր պատիժը:

Մեր դիտարկմանը, թե հնարավոր է պատժաչափի փոփոխություն լինի, Մարուքյանը արձագանքեց. «Չի բացառվում, քանի որ Ռոսաստանի դաշնությունում նրան սպառնում էր մինչև 7 տարի ազատազրկում, և նա ստացավ 6 տարի 9 ամիս պատժաչափ, այսինքն առավելագունը: Իսկ Հայաստանի օրենսդրությամբ նույն արաքի համար նախատեսվում է 4-10 տարի ազատազրկում: Այսինքն նվազագույնը 4 տարի է: Եվ, ըստ էության, հայաստանյան դատարանը կորոշի, թե քանի տարի պատիժը կկրի Հարությունյանը»,-ասաց Մարուքյանը:

Մարուքյանը նշեց, որ Հարությունյանի հետ տեսակցելու ժամանակ նա առանձնապես դժգոհություն չի հայտնել ռուսական քրեակատարողական հիմնարկից, պայմաններից, բայց որ Ռուսատանի ՔԿՀ-ներում պայմանները այնքան էլ լավ չեն, գիտեն բոլորը: «Հարությունյանը առանձնապես չդժգոհեց: Նա միայն շնորհակալություն էր հայտնում և նշում էր, որ երբ ազատ արձակվի, առանձին-առանձին պետք է շնորհակալություն հայտնի բոլոր նրանց, ովքեր այս ընթացքում իր և իր ընտանիքի կողքին են եղել»,-ասաց Մարուքյանը:

Աղբյուր՝ 1in.am

Բաժին: featured, Հարցազրույցներ, Մամուլ