Տավուշցիները փակել են ճանապարհը և պահանջում են վարչապետին

04/08/2017

Քիչ առաջ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«1000-ից ավելի տավուշցիներ չեն պատրաստվում բացել ճանապարհը․ նրանք պահանջում են վարչապետին…

Անտառը վերացնելը երբեք չի կարող «աշխատատեղ» համարվել և մենք բոլորս լավ գիտենք թե ինչիպիսի շահեր են կանգնած յուրաքանչյուր անտառահատման դեպքի ետևում։ Մենք բոլորս լավ գիտենք, որ ընտրություններից առաջ որոշ շրջանակների ներկայացուցիչներին թույլատրվել է հատել մերձակա անտառները միայն թե ձայն հավաքեն համապատասխան թեկնածուների համար։ Հիմա ընտրություններն ավարտվել են և իշխանությունները հասկանալով, որ արդեն աղետալի վիճակի են հասցրել անտառահատման ծավալները, սկսել են խոչընդոտել և որոշ վայրերում արգելել անտառահատումը։ Ես լուրջ կասկածներ ունեմ, որ այսպիսի բողոքի ակցիաները անց են կացվում ոչ թե աղքատ գյուղացիների, ովքեր աշխատանքի խնդիր ունեն, այլ կոնկրետ անտառահատման բիզնեսով զբաղվողների կողմից և որևէ արդարացում չի կարող լինել ՀՀ քրեական օրենսգրքով արգելված արարքները կատարելուն։ Վարչապետ չէ ով ուզում է գնա ճանապարհը բացելուն, չի կարող ասել դե լավ թողնում ենք կտրեք անտառները… Նույն տրամաբանությամբ, օրենքով արգելված ցանկացած գործունեություն իրականացնելու համար կարելի է ճանապարհներ փակել ու պահանջել Վարչապետին, որպեսզի նա գա ու ասի տղերք ջան գնացեք և կատարեք այդ ապօրինությունը և մեր սերունդներին ոչ մի անտառ չթողնեք։

Այսպիսով, պահանջում եմ ՀՀ կառավարությունից հանրապետության ամբողջ տարածքով մեկ արգելել անտառահատումը, սանիտարական հատման քողի տակ իրականացվող ապօրինությունը, իսկ օրենքը խախտողների նկատմամբ լինել հետևողական և խիստ։

Աղբյուր՝ 1in.am

Բաժին: featured, Մամուլ