Բյուջեն չեն լցնում մարդկանց կեղեքելու միջոցով, տուրիզմի զարգացման համար պետք է վերացնել անիմաստ վճարները. Էդմոն Մարուքյան

21/08/2017

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձել է քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանի բարձրացրած հարցին, ըստ որի` Հայաստան մտնող բոլոր մեքենաները սահմանին վճարում են 14000-24000 դրամ գումար` այդ թվում Ռուսաստանից ժամանող մեր տասնյակ հազարավոր հայրենակիցները, ինչի համար նա դիմել է Պետական եկամուտների նախագահ Վարդան Հարությունյանին:

Նշենք, որ սահմանին նախատեսվող այս վճարումը սահմանված է «Ճանապարհային վճարի մասին» ՀՀ օրենքով:

Էդմոն Մարուքյանն ասաց, որ այդ խնդիրը վաղուց կա, այն նաև բարձրացրել են Ջավախքի մեր հայրենակիցները, որոնք նույն իրավիճակում են հայտնվում: «Հիմա չեմ կարող ասել, թե ինչ իրավակարգավորում է պետք, սակայն վարչապետ Հովիկ Աբրահամյանի ժամանակ և վերջերս էլ այդ հարցը բարձրացվել է: Որքանով հասկացել եմ՝ չեն կարգավորել»,-ասաց նա և նշեց, որ ստացվում է, որ իրենց համար ավելի կարևոր է այդ մի քանի մեքենաներից գումար գանձելը, քան, օրինակ, տուրիզմի զարգացումը:

«Տուրիզմի զարգացման համար, կարծում եմ, բոլոր տեսակի խոչընդոտները, անիմաստ վճարները, մարդկանց խնդրի առաջ կանգնեցնելը պետք է վերացնել: Դա վիզաների ազատականացման պես մի բան է: Եթե մենք կարողանանք այդ բյուրոկրատիան, անիմաստ գումարների գանձումները կարգի բերել և ողջամիտ սահմանների մեջ դնել, դա միայն ու միայն նոր արագություն կտա տուրիզմի զարգացմանը»,-ասաց նա:

Ամեն դեպքում, պատգամավորը նկատեց, որ եկողը, միևնույն է, գալիս է Հայաստան, սակայն Վրաստանի սահմանը հատելիս նման խնդրի չի բախվում, ինչին բախվում է Հայաստանի սահմանին՝ դա արդեն անթույլատրելի է և տհաճ:

Ինչ վերաբերում է բյուջեն լցնելու խնդրին, ապա ըստ Էդմոն Մարուքյանի՝ բյուջեն նման բաներով չեն լցնում: «Բյուջեն լցնում են զարգացմանն ուղղված ծրագրերով, համակարգված մեթոդներով, ոչ թե մարդկանց կեղեքելու կամ անհանգստություններ, դիսկոմֆորտ պատճառելու միջոցով»,-ասաց նա:

Անդրադառնալով կառավարության կողմից տուրիզմի զարգացմանն ուղղված ծրագրերին՝ նա ասաց, որ կարծում է, թե տուրիզմի զարգացման ռազմավարության մեջ պետք է ներառվի այդ վճարների վերացումը:

Նա նշեց, որ դրա փոխարեն ավելի շատ Հայաստան եկող մարդ կունենանք և ավելի շատ Հայաստան մտնող գումար, ծախս, շրջանառություն, ինչի արդյունքում բյուջեի եկամուտները կավելանան: Հարցին՝ արդյոք չե՞ն պատրաստվում նման առաջարկով ներկայանալ, Մարուքյանը պատասխանեց, որ նման մտադրություն չունեն, քանի որ դա հայտնի փաստ է և բազմաթիվ մարդիկ արդեն դիմել են:

Լիանա Առաքելյան

Աղբյուր՝ tert.am

Բաժին: featured, Հարցազրույցներ, Մամուլ