Մենք բալանսավորում ենք իշխանությանը. Էդմոն Մարուքյան

13/09/2017

-ԱԺ 6-րդ գումարման խորհրդարանը սկսել է իր աշխատանքը։ Դուք նախորդ գումարման խորհրդարանում ևս եղել եք, և խնդրում եմ համեմատեք՝ ինչպե՞ս են սկսել, ինչպե՞ս եք գնահատում։

-Ես կարծում եմ՝ դեռ վաղ է համեմատություններ անել աշխատանքի գնահատման կոնտեքստում, որովհետև նոր Սահմանադրություն է, նոր Կանոնակարգ, ընտելանալու նոր մեխանիզմներ կան, որոնք միայն կյանքի կոչվելու արդյունքում կարող ենք հասկանալ՝ արդյունավե՞տ են, թե՞ թղթի վրա գրել ենք, բայց կյանքի չենք կարողանում կոչել։ Իսկ քաղաքական իմաստով այս խորհրդարանը որոշակի առումով բալանսավորված է, որովհետև կա «Ելք» խմբակցություն, որն արտաքին և ներքին խնդիրների վերաբերյալ ունի այլընտրանքային տեսլական, ինչը նախկինում գոյություն չուներ։ Նախկինում գոյություն ունեին ընդդիմադիր խմբակցություններ, որոնք արտաքին քաղաքական կոնտեքստում համամիտ էին իշխանության հետ։ Մենք բազմիցս նշել ենք, որ եթե քաղաքացիներն իրենց ձայներով մեզ չդարձնեն իշխանություն, ապա որպես ընդդիմադիր խմբակցություն բալանս կբերենք քաղաքական համակարգ։ Մեր ամբողջ գործունեությունը այս պահին միտված է դրան։

-«Ելք»-ը խորհրդարանում շրջանառության մեջ է դրել ԵԱՏՄ-ի կազմից դուրս գալու մասին նախագիծ։ Խորհրդարանական մյուս 3 ուժերը ձեր նախաձեռնությանը դեմ են, ի՞նչ զարգացումներ եք սպասում։

-Մենք բազմաքայլ գործընթաց ենք սկսել։ Նախագիծն արդեն շրջանառության մեջ է դրվել, հաջորդ քայլը կլինի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին նախագիծը։ Այդ հանձնաժողովը երկու ամիսների գործունեության ընթացքում ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին նախագծի վերաբերյալ եզրակացություն պետք է ներկայացնի խորհրդարանին։ Մեր ուղերձն այն է, որ իշխանությունները և մեր ընդդիմախոսները կարող են գալ այդ հանձնաժողով ու հիմնավորել, որ իրենք ճիշտ են, որ ԵԱՏՄ-ում մեր մնալն օգուտ է ու բխում է մեր պետական շահերից։ Այդ հանձնաժողովը հենց դրա համար ենք ստեղծում ու հուսով ենք, որ իշխանությունները կգնան այդ ճանապարհով, ու կստեղծվի այդ հանձնաժողովը։

-ԱԺ կանոնակարգ օրենքը ի՞նչ հնարավորություններ է տալիս ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու համար։

-ԱԺ կանոնակարգ օրենքը ժամանակավոր հանձնաժողովներին գործելու մեծ հնարավորություններ է տալիս՝ ուսումնասիրելու, հարցումներ անելու, փորձագետներին առաջադրանքներ տալու, որի աշխատանք արդյունքը պետք է լինի վերջնական եզրակացություն տալը խորհրդարանին։ Խորհրդարանը եզրակացություն ստանալուց հետո պետք է իր քաղաքական կամքը ձևավորի։ Սա լինելու է մեր երկրորդ քայլը, իսկ երրորդը լինելու է այն, որ մենք կազմակերպելու ենք խորհրդարանական լսումներ ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին նախագծի վերաբերյալ։ Լսումներին կհրավիրվեն բոլոր կողմերը և կունենան հնարավորություն ներկայացնել իրենց տեսակետները։

-Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Երևանում տեղական ինքնակառավարման մասին» օրենքն առաջին ընթերցմամբ, որով ավագանիում խմբակցությունները չեն կարող այլևս հանրաքվե նախաձեռնել։ Դա դիտարկվեց քայլ ընդդեմ «Ելք»-ի։ Ի՞նչ կասեք այդ մասին։

-Իշխանությունները վախեցած են, որ այն խմբակցությունները, որ մենք ունենք Վանաձորում, Երևանում, խորհրդարանում կարող են խորհրդարանական ու տեղական մակարդակներում հսկողություն իրականացնել և թալանը, կոռուպցիան, վատ բարքերը ջրի երես հանել ։ Դրա համար փորձ է արվում այն լծակները, որ ժամանակին օրենքով տրվել են, հետ վերցնել։ Իսկ այդ լծակները տրվել, օրենքն ընդունվել է, երբ Վենետիկի հանձնաժողովը եզրակացություն է տվել, այսինքն՝ այս օրենքները ԵՄ-ի հետ համագործակցության արդյունք են ։ Հիմա, երբ երկիրը, ռեգրեսի մեջ է, փորձում են հետ վերցնել այն իրավունքներ, որոնք անգամ չեն էլ կիրառվել։ «Ելք», ինչպես նաև «Երկիր Ծիրանի» խմբակցությունները, եթե օրենքն այդպես վերջնականապես ընդունվի, հնարավորություն չեն ունենա հանրաքվեի նախաձեռնությամբ հանդես գալ։ Սա մեծ հետընթաց կարող է լինել։

-«Ելք» դաշինքի՝ կուսակցություն դառնալու մասին ծրագրերը, որոնց մասին հայտարարվեց նախընտրական շրջանում, ե՞րբ են ի վերջո, կյանքի կոչվելու։

Այո, մեր հուշագրում կա կետ, որ «Ելք» դաշինքը կսկսի բանակցություններ միասնական կուսակցություն ստեղծելու վերաբերյալ։ Ինչպես գրված է, այդպես էլ կանենք։ Այսինքն՝ բանակցությունները կլինեն։ Մեծ հաշվով հիմա շտապելու բան չունենք։ Մենք նոր ենք սկսել գործել։ Բայց կրկնում եմ՝ այն, ինչ գրված է մեր հուշագրում, քայլ առ քայլ իրականացնելու ենք։

parliamentmonitiring.am

Բաժին: Հարցազրույցներ, Մամուլ