ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը որևէ կերպ չի ազդել ԵԱՏՄ-ից դուրս գալու մեր մտադրության վրա. Էդմոն Մարուքյան

26/11/2017

ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը Tert.am-ի հետ հարցազրույցում հայտարարեց, որ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը որևէ կերպ իրենց դիրքորոշումը չի փոխել ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցում։ «Պետք է նշեմ, որ դա որպես «և՛, և՛» ներկայացնելը սխալ է, սխալ է այն որպես Ասոցացման համաձայնագիր ներկայացնելը: Այստեղ չկա տնտեսական հատված, և Հայաստանի տնտեսության զարգացման համար անհրաժեշտ է, որ մենք ինտեգրվենք, ասոցացվենք Եվրոպական միությանը և 500 միլիոնանոց շուկային, նաև ազատություն ստանանք երկկողմ համաձայնագրեր կնքելու: Իսկ ԵԱՏՄ-ն երկկողմ համաձայնագրեր կնքելու հնարավորություն չի տալիս»,-ասաց նա:

-Պարո՛ն Մարուքյան, վաղը Ազգային ժողովում Հայաստանը Եվրասիական տնտեսական միության կազմից դուրս բերելու «Ելք» խմբակցության ներկայացրած հայտարարության նախագծի վերաբերյալ տեղի կունենան խորհրդարանական լսումներ: Ինչո՞ւ նախաձեռնեցիք՝ հաշվի առնելով, որ քաղաքական մեծամասնությունը դեմ է, բացի այդ, ուրբաթ օրը տեղի ունեցավ Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրումը: Այսինքն՝ այն, որ ՌԴ-ն չխոչընդոտեց համաձայնագրի ստորագրմանը, արդեն իսկ դիտվում է որպես մեծ զիջում ռուսական կողմից, և ակնհայտ է, որ հիմա քաղաքական մեծամասնությունը որևէ ցանկություն չի ունենա գրգռել «ռուսական արջին»: Ժամկետի առումով վատ ժամանակ չե՞ք ընտրել:

-Մեկ անգամ եղել է ԵԱՏՄ-ից դուրս գալու հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ մեր նախագծի քննարկումը, որը մերժվել է. մայր նախագիծը դեռևս օրակարգում է, և դրա հիման վրա է, որ «Ելք» խմբակցությունը, օգտվելով ԱԺ-կանոնակարգ օրենքի ընձեռած նոր հնարավորությունից, հրավիրում է այս հանրային լսումները: Դրանց նպատակը հետևյալն է՝ մենք ուզում ենք հանրության տարբեր ակտիվ հատվածների ներկայացուցիչներին հնարավորություն տալ արտահայտվելու, որովհետև սա լուրջ կոնսոլիդացիայի խնդիր է, մեկ խմբակցության, քաղաքական ուժի կամ անգամ 3 քաղաքական միավորի խնդիր չէ, և այդ կոնսոլիդացիան ապահովելու իմաստով կազմակերպում ենք այս լսումները՝ հնարավորություն տալով թե՛ փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներին, թե՛ տարբեր քաղաքական ուժերին, նաև արտախորհրդարանական, իրենց կարծիքն արտահայտելու ԵԱՏՄ-ից դուրս գալու մեր նախագծի վերաբերյալ: Ինչ վերաբերում է ստորագրված համաձայնագրին, ապա դա որևէ կերպ մեր դիրքորոշումը չի փոխել, որովհետև պետք է նշեմ, որ դա որպես «և՛, և՛» ներկայացնելը սխալ է, և կրկին սխալ է այն որպես Ասոցացման համաձայնագիր ներկայացնելը: Այստեղ չկա տնտեսական հատված, և Հայաստանի տնտեսության զարգացման համար անհրաժեշտ է, որ մենք ինտեգրվենք, ասոցացվենք Եվրոպական միությանը և 500 միլիոնանոց շուկային, նաև ազատություն ստանանք երկկողմ համաձայնագրեր կնքելու: Իսկ ԵԱՏՄ-ն երկկողմ համաձայնագրեր կնքելու հնարավորություն չի տալիս, ինչի մասին մենք վաղը կխոսենք: Ինչպես նաև մեկ փաստարկ, որը ներկայացվել է հանձնաժողովի ստեղծման հարցի քննարկման ժամանակ. մեզ ի՞նչ էին ասում, ասում էին, որ, այո, եթե դուք այս հարցի վրա շատ պնդեք, մեզ կխանգարեն, չենք ստորագրի: Հիմա համաձայնագիրը ստորագրված է, և այդ փաստարկն այլևս գոյություն չունի: Այնպես որ, վաղը շատ հետաքրքիր քննարկումներ են սպասվում, և պետք է ասեմ, որ առաջին անգամ խորհրդարանական պատմության մեջ նման նախաձեռնությունը գալիս է խորհրդարանական խմբակցության կողմից: Եվ սա լավ նախադեպ է նաև խորհրդարանական ավանդույթներ ձևավորելու կոնտեքստում: Իսկ Ռուսաստանի գրգռման հետ կապված կարող եմ ասել, որ նման խնդիր մենք չենք դիտարկում: Մեր նախաձեռնությունը որևէ մեկի դեմ չէ, մեր նախաձեռնությունը Հայաստանի զարգացման համար է:

-Բայց ակնհայտ է, որ ռուսական կողմին դա դուր չի գա, և քաղաքական մեծամասնությունն էլ…

-Մենք մեր մանդատի շրջանակներում ենք գործում և չենք նայում, թե մեր նախաձեռնությունները ում են դուր գալիս: Այսինքն՝ մենք անում ենք այն, ինչին մենք հավատում ենք, անում ենք այն, ինչը մեր տեսլականի ու զարգացման պլանի շրջանակներում է: Մենք դա ունենք, թող մյուս ուժերն էլ իրենցը ներկայացնեն:

-Ռուսաստանից քաղաքագետներից մեկը հայտնել էր, որ ձեր խմբակցությունը նույն ուկրաինական սցենարով է գնում, երբ ասոցացումից առաջ սկսվեց «Եվրամայդանը»: Իհարկե, մեզ մոտ ժամանակագրությունը հակառակն է, մենք ստորագրեցինք, ապա…

-Մենք ուրիշ բան ենք ստորագրել, մենք Ասոցացման համաձայնագիր չենք ստորագրել: Երկրորդ. Ուկրաինայի հետ առհասարակ համեմատությունները տեղին չեն, քանի որ այնտեղ կար այլ իրավիճակ, կար ռուս շատ փոքր փոքրամասնություն, որը պնդում էր, որ իր իրավունքները ոտնահարվում են լեզվի հետ կապված: Այսինքն՝ Ուկրաինայի հետ համեմատվելը որևէ եզր չունի, և այս օրինակն ինձ համար նաև շանտաժ է՝ անընդհատ հիշեցնել Ուկրաինայի ճանապարհը: Եվ մեր ռուս գործընկերներն ընդհանրապես մտավախություն չպետք է ունենան այն առումով, որ եթե հասնենք նրան, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից և Եվրոպական ասոցացման համաձայնագիր ստորագրի, Ռուսաստանը կմնա Հայաստանի ռազմավարական գործընկերը: Այսինքն՝ մենք երկկողմ հարաբերությունների զարգացման կողմնակիցն ենք, և կրկնում եմ՝ որևէ ընդդեմ նախաձեռնություն չունենք:

-Մյուս կողմից, Սերժ Սարգսյանի հայտարարությունը ԵԱՏՄ անդամությունը ու ԵՄ ռազմավարությունը հաջողությամբ համատեղելու մասին, ըստ որոշ մեկնաբանների՝ տողատակ է այն իմաստով, որ Սարգսյանը ԵԱՏՄ-ն Հայաստանի համար դիտարկում է մարտավարական ուղղություն, ԵՄ-ն՝ ռազմավարական:

-Չեմ կարող ասել՝ ով ինչպես է մեկնաբանել: Ամեն դեպքում, մենք մեր մոտեցումն ունենք. Հանրապետական կուսակցությունը, Սերժ Սարգսյանը բազմիցս նշել են, որ ԵԱՏՄ-ն իրենց համար այլընտրանք չունի, որ ԵԱՏՄ-ն Հայաստանը կզարգացնի, և այլն: Անցած 3-4 տարիներին մենք տեսել ենք, որ Հայաստանին մեծ հաշվով այն որևէ դրական փոփոխության չի բերել: Ե՛վ տնտեսական, և՛ ինտեգրացիոն պրոցեսների իմաստով: ԵԱՏՄ-ի համաձայնագիրը չի գործում, և սա ռուսական հերթական նախաձեռնությունն է, որը մնում է և մնալու է թղթի վրա: Այսինքն՝ սա «շուստրիների » նախաձեռնություն է, ով «շուստրի » է, դրանից օգտվի:

-Ի՞նչ նկատի ունեք:

-Չի ստացվում, որ հայերը ԵԱՏՄ-ում «շուստրի» լինեն: Ասում են՝ դե հնարավորություն ենք տվել, «շուստրի» եղեք, օգտվեք, իսկ մենք ուզում ենք հստակ կանոնակարգեր, հստակ խաղի կանոններ, հավասար հնարավորություններ, ազատ շուկայական հարաբերություններ, որ կարողանանք երկիրը զարգացնել: «Շուստրիության» տեղ չի, Եվրամիության կանոնները «շուստրիների» համար չեն, այլ բոլորի համար, ովքեր միանում են խաղի կանոններին, կիսում են արժեքներ: Ասեմ, որ ԵԱՏՄ-ն որևէ արժեքային համակարգի վրա հիմնված կառույց չէ: Եվ սա հանգամանք է, որ այդ կառույցի համար երկարակեցություն չի ապահովելու: Հետ գալով Ձեր բարձրաձայնած հարցին՝ ասեմ, որ ռազմավարական է Եվրոպական միության հետ Հայաստանի անցած ճանապարհը, որովհետև ինստիտուցիոնալ իմաստով Հայաստանը կարող է զարգանալ եվրոպական մոդելի պետության ճանապարհով: Իսկ ԵԱՏՄ-ական մոդել՝ որպես այդպիսին, չկա, դա դիկտատուրան է, ավտորիտար համակարգը, սահմանափակումները, կոռուպցիան և ոչ ազատ տնտեսական շփումները:

-Արդյո՞ք «Ելքը»՝ որպես նոր երևան եկած հանգամանք, դիտարկելու է այն, որ ռուսական կողմը Ադրբեջանին անընդհատ հրավիրում է ԵԱՏՄ: Այսինքն՝մեր երկուսի այնտեղ լինելը:

-Գիտեք՝ Ադրբեջանն այնքան զարգացած պետություն է դարձել, որ նման քայլ չի կատարի: Ադրբեջանը ԵԱՏՄ մտնելու մտադրություն չունի, այնտեղից շահ, ստանալու բան չունի: Ադրբեջանն ազատ առևտրի պայմանագիր ունի ԱՊՀ երկրների հետ, բացի Հայաստանից, և դրա շրջանակներում իր առևտուրը կազմակերպում է: Ավելին՝ իրեն չի սահմանափակում ԵԱՏՄ համաձայնագրով և նաև երկկողմ հարաբերություններ է հաստատում մյուս բոլոր երկրների հետ: Եվ Ադրբեջանի ԵԱՏՄ մուտքը հեքիաթ է, որը ռուսական կողմը ծախում է հայերիս, Հայաստանի վրա:

-Ի դեպ, ռուսաստանցի քաղաքագետ Մոդեստ Կոլերովը Tert.am-ի հետ զրույցում հայտնել էր, թե Ադրբեջանի իշխանությունները ուզում են սակարկել Ռուսաստանի հետ և օգտագործելով Ադրբեջանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու մասին խոսակցությունները՝ ստանալ Ռուսաստանից աջակցություն՝ Ղարաբաղը իրենց ենթարկելու հարցում: Նաև ասել էր, որ Ադրբեջանն ուզում է ԵԱՏՄ անդամ դառնալ ԼՂ-ի հետ միասին, ու որ Հայաստանը դրան դեմ կլինի:

– Ղարաբաղը ռուսական կողմի փաթեթավորած նվերը չէ, որ ցանկանա, նվիրի, Ադրբեջանն էլ ԵԱՏՄ մտնելու ցանկություն չունի: Պետք չէ հեքիաթներ պատմել:

Աղբյուր՝ tert.am

Բաժին: featured, Հարցազրույցներ, Մամուլ