Հայերին ՌԴ-ից դեպորտ եք անում, հայ վարորդներին արգելում եք աշխատել, թշնամուն զենք եք վաճառում. Մարուքյանը՝ ռուս պատգամավորներին

02/11/2017

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ՀՀ ԱԺ եւ ՌԴ ԱԺ միջխորհրդարանական հանձնաժողովի 30-րդ նիստն էր եւ Հայաստան ժամանած ՌԴ պատվիրակները հանդիպել են հայ պատգամավորների հետ: Հանդիպմանը «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը մի շարք ցավոտ հարցեր է բարձրացրել, այդ թվում՝ մեր հակառակորդներին ռուսական զենքի վաճառքի մասին. «Պետական դումայում հանդիպման ժամանակ, նաեւ Դաշնային խորհրդում հանդիպումների ժամանակ մենք բարձրացրել էինք այն խնդիրը, որ առկա է ԵՏՄ համաձայնագրի նորմերի ոչ պատշաճ գործելու պարագայում: ԵՏՄ համաձայնագիրը նախատեսում է աշխատուժի ազատ տեղաշարժ: Դրա հետ կապված մենք խնդիր ենք բարձրացրել վարորդական իրավունքի համար, որ ՌԴ-ում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար Հայաստանի քաղաքացի վարորդները չէին կարողանում աշխատել, որովհետեւ հունիսի 1-ից ուժի մեջ մտավ Դումայի կողմից ընդունված օրենքը, որով արգելվում էր: Մեր հանդիպումից հետո ՌԴ խորհրդարանը փոփոխություն կատարեց այդ օրենքում եւ նախատեսվեց, որ կլինի զիջում Ղըրղզստանի քաղաքացիների համար եւ այն երկրի վարորդների համար, որտեղ պաշտոնական լեզուն ռուսերենն է: Բայց հայկական կողմի բարձրացրած հարցը այդպես էլ չլուծվեց, որովհետեւ Հայաստանը չնշվեց այդ օրենքում եւ, ինչպես գիտեք, Հայաստանում մեկ պաշտոնական լեզու կա, դա հայերենն է, այսինքն՝ այս խնդիրը մնաց չլուծված: Մյուս խնդիրը, որ մենք բարձրաձայնել ենք, ՀՀ քաղաքացիների՝ ՌԴ տարածքից վտարման խնդիրն է»: Մարուքյանը նշեց, որ իրենց բազմաթիվ քաղաքացիներ են դիմում եւ ասում են, որ 3 վարչական խախտման պարագայում ՌԴ-ից բազմաթիվ քաղաքացիներ վտարվում են. «Ունենք դեպքեր, երբ վտարվել է ամուսինը, բայց կինն ու քաղաքացիները մնացել են ՌԴ տարածքում: Սրանք նույնպես խնդիրներ են, որ, կարծում եմ, ԵՏՄ համաձայնագրի նորմերի ճիշտ գործելու արդյունքում չպիտի որ առաջանային, որովհետեւ էլի ազատ աշխատուժի տեղաշարժման հետ կապված է, որ չպիտի ունենայինք այդ խնդիրը»: Հայկական բեռների ստուգման հետ կապված էլ Մարուքյանը մտահոգություն հայտնեց, որ ՌԴ-ում ստուգում են՝ կասկածելով, որ կարող է այլ երկրից լինեն. «Ոսկեգործությամբ զբաղվողներն էլ հարց են բարձրացրել, որ հայկական ոսկու հարգավորումը չի ճանաչվում ՌԴ-ի կողմից»: Մարուքյանը անդրադարձավ նաեւ ռուսական զենքի վաճառքին: Նա ասաց, որ ապրիլյան պատերազմից հետո դիմել է ՌԴ նախագահին, Պետդումայի ղեկավարին, մանրամասն ներկայացրել, թե ապրիլյան պատերազմի ժամանակ միջազգային հումանիտար իրավունքի ինչ խախտումներ, հանցագործություններ են տեղի ունեցել. «Այն հիմնավորումները, որ ներկայացվել են, դրանք բավարար են ասելու, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանությունը թույլ է տվել պատերազմական հանցագործություն եւ դրա համար խնդրում էի, որ ՌԴ-ն վերանայի ՌԴ-Ադրբեջան ռազմատեխնիկական համագործակցությունը, որովհետեւ այն զենքը, որը ՌԴ-ն վաճառել է, ասում էր, որ դա բալանսը պահելու համար է, բիզնես է, բայց չի սպառնում դա ՀՀ-ին: Բայց մենք տեսանք, որ ապրիլյան պատերազմին այդ զենքը կիրառվեց մեր դեմ, այդ զենքը հիմա կիրառվում է Տավուշի մարզում՝ ՀՀ սահմանների վրա կրակելով: Ըստ էության, ես կարծում եմ, որ որպես ռազմավարական գործընկերներ, պետք է այս հարցին լուրջ մոտենանք եւ նայենք այնպես, որ երկու ռազմավարական գործընկերների միջեւ եղած հարաբերությունները պիտի որ թույլ չտային, որ մյուս ռազմավարական գործընկերը իր ռազմավարական գործընկերոջ թշնամի երկրին զենք վաճառի: Մեր զինվորներն են գլխատվել, քաղաքացիական անձինք են սպանվել եւ բազմաթիվ այլ նորմեր են խախտվել: Մեր հանդիպումների ժամանակ մենք պետք է կարողանանք այս խնդիրները քննարկել»: Ըստ Մարուքյանի, գոնե դեպորտի հարցին պետք է լուծում տային, եթե ոչ զենքի վաճառքի: Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

© 1998 – 2017 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Բաժին: featured, Մամուլ