«Ելք» դաշինքը եղած դաշինքներից ամենահաջողվածն է. Էդմոն Մարուքյան

12/12/2017

2016 թվականի դեկտեմբերի 12-ին «Հանրապետություն», «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների միավորմամբ ստեղծվեց «Ելք» ընդդիմադիր դաշինքը: Դաշինքի անվան ընտրությունը, ըստ ներկայացուցիչների՝ բացատրվում է այսպես՝ Հայաստանը դժվար կացությունից, անհաջողությունից ազատելու հնարավոր միջոց, Հայաստանի վերելքի, դեպի վեր տանող վերընթաց ուղի:

«Ելք» դաշինքի մեկամյա գործունեության հետ կապված «Հայկական Ժամանակ»-ը զրուցել է դաշինքի անդամ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի հետ:

– Պարոն Մարուքյան, մեկ տարի առաջ ստեղծվեց «Ելք» կուսակցությունների դաշինքը: Այս մեկ տարվա գործունեության ընթացքում ի՞նչ ձեռքբերումներ ունեցավ դաշինքը:

– Կուսակցությունների միավորումը տեղի ունեցավ մի այնպիսի քաղաքական իրավիճակում, երբ տարբեր ուժեր փորձում էին իրենց ուժերը բյուրեղացնել, միանալ, գաղափարական հենքը միասնականացնել եւ փորձել դրանով խորհրդարանական ընտրություններում ճեղքում մտցնել: «Ելք» դաշինքը եղած դաշինքներից ամենահաջողվածն է, որ խորհրդարանական ընտրություններին իր ունեցած հնարավորությունների շրջանակներում մասնակցեց հաջողությամբ եւ Երեւանի քաղաքապետի ընտրություններին մասնակցեց՝ կրկին շատ լուրջ հաջողություններ ունենալով:

«Ելք»-ը հաջողակ դաշինքն է նաեւ այն առումով, որ եթե նայենք մյուս դաշինքներին, ապա խորհրդարանական ընտրություններից հետո դրանք փլուզվել են: «Ելք» դաշինքը շարունակում է գործել ակտիվ եւ միասնական: Այս առումով, հայկական քաղաքական համակարգի համար լուրջ փոփոխություն էր:

«Ելք» դաշինքի խորհրդարանում հայտնվելուց հետո մենք ունենք այնպիսի ֆրակցիա, որն ալտերնատիվ արտաքին քաղաքական մոտեցումներ ունի: Արտաքին քաղաքականության մեջ նախկինում ընդդիմադիր խորհրդարանական ուժերի մոտեցումները հիմնականում համընկել է իշխանության մոտեցումների հետ: Մեր մոտեցումներում չկա ուղղություն, որը կհամընկնի իշխանության հետ: Մենք ռեալ քաղաքական մոտեցումներ ենք բերել 6-րդ գումարման Ազգային ժողով: Օգտվելով առիթից շնորհավորում եմ «Ելք» դաշինքի անդամներին եւ այն 120 հազար քաղաքացիներին, ովքեր ձայն են տվել մեզ:

– Այս մեկ տարվա ընթացքում տապալումներ եղա՞ն:
– Ես որեւէ տապալում չեմ կարող արձանագրել «Ելք» դաշինքի գործունեության վերաբերյալ, որովհետեւ որեւէ տապալում չի եղել: Դաշինքը, ինչպես մասնակցել է ընտրություններին, այդ նույն պլատֆորմով շարունակում է առաջ գնալ: Տապալում չեմ արձանագրում ոչ թե այն բանի համար, որ ես «Ելք» դաշինքից եմ, այլ այն բանի համար, որ չկա նման բան:

– 2018 թվականից հետո ի՞նչ ծրագրեր ունի «Ելք» դաշինքը:

– Մենք մեր հուշագրում 5 տարվա ծրագիր ենք ներկայացրել: Մեր ծրագրերը, որոնց շուրջ համախմբվել ենք, միավորվել ենք, հերթականությամբ դրվում են շրջանառության մեջ:

– Հուշագրում կար կետ, որով չէր բացառվում մեկ միասնական կուսակցություն ստեղծելու գաղափարը: Բանակցություններն ընթանու՞մ են արդեն:

– Բանակցությունները, երբ կսկսենք, կքննարկենք որոշման մասին կասենք: Կստեղծվի կուսակցություն բոլորը կիմանան, եթե չի ստեղծվի, եւ դաշինքը կշարունակի նույն ֆորմատով շարունակել աշխատանքները, էլի բոլորը կիմանան: Ինչ հայտարարել ենք, դրանք բոլորը կետ առ կետ իրականացնելով գնում ենք:

armtimes.com

Բաժին: featured, Հարցազրույցներ, Մամուլ