Ծառուկյանի որոշումից հետո անհնար է նախագահի այլընտրանքային թեկնածու առաջադրել

08/01/2018

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

-Տարեվերջին «Ելք»-ը ՀՀ նախագահի միասնական թեկնածու ներկայացնելու առաջարկով հանդես եկավ, որը մերժվեց «Ծառուկյան» խմբակցության կողմից: Հիմա ի՞նչ քայլերի եք պատրաստվում դիմել:

-Ըստ էության՝ մենք այլևս որևէ մեխանիզմ չունենք նախագահի թեկնածու առաջադրելու, որովհետև միակ մեխանիզմը 26 ստորագրություններով թեկնածուի առաջադրումն է, և որի նպատակով էլ պաշտոնապես դիմել էինք «Ծառուկյան» դաշինքին, և այդ առաջարկը մերժվել է: Այսինքն՝ այլևս անհնար է ՀՀ նախագահի այլընտրանքային թեկնածու առաջադրել: Քանի որ «Ծառուկյան» դաշինքը ոչ միայն մերժել է մեր առաջարկը, այլև իրենք էլ չեն առաջադրելու թեկնածու, դա նշանակում է, որ ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի թեկնածուն առաջին փուլով, առանց որևէ խնդիրների կընտրվի: Եթե մենք ունենայինք թեկնածու, կամ «Ծառուկյան» դաշինքն առանձին թեկնածու ունենար, անհնար կլիներ ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի համար առաջին փուլով ընտրել նախագահ: Նրանք ստիպված էին լինելու երկրորդ փուլի անցնել:

-Խորհրդարանում այսպիսի գործընկեր ունենալն ավելի չի բարդացնո՞ւմ ԱԺ-ում այս կամ այն հարցում հաջողություններ ունենալու ընդդիմադիրների շանսերը:

-Մենք մեր գործունեությունը գիտենք, մենք 9 մանդատ ունենք, որը թույլ չի տալիս նախագահի թեկնածու առաջադրել: Այս ընթացքում մեր ունեցած փորձը ցույց է տալիս, որ, ըստ էության, մենք չենք կարողանում նման խնդիրների շուրջ համագործակցել: Այն հնարավորությունը, որ տրված է 26 պատգամավորներին, ըստ էության, չի ստացվում օգտագործել: Մենք ՍԴ դիմելու նախաձեռնություն էլ ենք ունեցել, որը նույնպես մերժվել է: Այսինքն՝ մեկ օրինակ չէ, որ չի ստացվել համագործակցությունը:

-Տարին սկսվեց թանկացումներով. շատերը նշում են, որ սա կարող է վերածվել սոցիալական բունտի: Ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակը, վիճակն ավելի չի սրվո՞ւմ:

-Վիճակը գնալով սրվում է, սոցիալական բևեռացումն ուժեղանում է, և ըստ էության, մեր քաղաքացիները բախվում են մենաշնորհների, կոռուպցիոն համակարգի արդյունքներին, և այդ արդյունքներից մեկն էլ Հարկային օրենսգիրքն է, որ հունվարի 1-ից հարկային բեռ է դրել մեր քաղաքացիների վրա, դա էլ քիչ է, բարձրացել են դիզվառելիքի, բենզինի, սեղմված գազի ակցիզային հարկի դրույքաչափերը, որն իր մուլտիպլիկատիվ էֆեկտ է ունենալու առաջնային ապրանքների գների վրա: Հետևաբար, այս ամենը տանում է էլ ավելի թանկացումների, մինչդեռ քաղաքացիների եկամուտները չեն ավելացել: Փոխարենը՝ բյուջեով նոր մուտքեր են ավելացել, որովհետև հարկային բեռը նոր մուտքեր է ապահովելու: Բենզինի ակցիզային հարկը 20 հազար դրամից 40 հազար է դարձել, նոր մուտք է: Բյուջեն նոր եկամուտներ է հավաքում ՀՀ քաղաքացիներից, մինչդեռ մեր քաղաքացիների եկամուտների բարձրացման ուղղությամբ որևէ քայլ չի արվել: Սա շատ լուրջ հարված է ՀՀ քաղաքացուն: Ովքեր պնդում են, թե Հայաստանի հասարակությունը փողոց դուրս չի գա, բողոք չի լինի, ես պետք է ասեմ, որ նրանք չարաչար սխալվում են:

-Համենայնդեպս, վերջին ամիսներին արձանագրված թանկացումները չեն արթնացրել հասարակությանը:

-Ժամանակը կգա, կտեսնենք, ես կարծում եմ՝ կարթնացնեն հանրությանը և արթնացնողն էլ կա այսօր: Նկատի ունեմ «Ելք» դաշինքին:

-Պարոն Մարուքյան, հնարավոր համարո՞ւմ եք, որ ապրիլին սպասվող իրադարձություններից առաջ խնդիրներն ավելի խորանան և կատակլիզմներ լինեն:

-Ես որևէ բան չեմ բացառում, և այս թանկացումներն էլ, հնարավոր է, ապակայունացման հիմք հանդիսանան և քաղաքական ու քաղաքացիական պայքարի նոր հիմք դառնան: Այսինքն՝ պետք չի ՀՀ քաղաքացիներին քայլ առ քայլ ճնշել ու հայտարարել, թե միևնույն է, մեր քաղաքացիները չեն բողոքելու, միևնույն է, բան չի փոխվի: Ոչ, այդպես չէ, քաղաքացիները կբողոքեն և դուք կտեսնեք դա:

-Անգամ 10 հազար դրամ վերցնող քաղաքացի՞ն կբողոքի:

-Այո, որովհետև այդ 10 հազար դրամ վերցնող քաղաքացու արարքի արդյունք են այսօրվա թանկացումները: Այս իշխանությունը հենց այդ 10 հազար դրամի արդյունքն է: Քաղաքական մեծամասնությունը ձևավորված է այդ 10 հազար դրամներով, և անգամ այն քաղաքացիները, որոնք 10 հազար դրամով են ընտրել, իրավունք և հնարավորություն ունեն իրենց արած սխալն ուղղել: Այդ սխալը կարելի է ուղղել, դուրս գալով տարբեր անօրինականությունների ու անարդարությունների դեմ:

-Եթե ապրիլին վարչապետ դառնա Սերժ Սարգսյանը, արդյո՞ք դա հասարակության մոտ պոռթկում կառաջացնի:

-Ես հարցում չունեմ իրականացրած, չեմ կարող ասել՝ պոռթկում կառաջացնի, թե՞ ոչ, բայց վարչապետի թեկնածության քննարկման համար դեռ ժամանակ կա, մինչդեռ թանկացումներն այսօր են խփում քաղաքացու գրպանին: Բողոքի ակցիաներն ավելի շուտ կսկսվեն այդ պատճառով, քան վարչապետի թեմայով:

Լուսանկարը՝ Photolure-ի

1in.am

Բաժին: featured, Հարցազրույցներ, Մամուլ