Հարկային նոր օրենսգիրքը հարվածում է նոր ձեւավորվող միջին խավին. Էդմոն Մարուքյան

19/01/2018

Հարկային նոր օրենսգիրքը հարվածում է նոր ձեւավորվող միջին խավին։ Այդ մասին այսօր՝ հունվարի 19-ին Շառլ Ազնավուրի հրապարակում մեկնարկած բողոքի ակցիային ասել է «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։

Նրա խոսքով, 2016թ. ՀՀ Ազգային ժողովն ընդունել է նոր հարկային օրենգիրքը, որը ուժի մեջ է մտել 2018թ. հունվարի 1-ից, եւ դրանով ներմուծվել եւ բարձրացվել են մի շարք հարկատեսակներ։ «Մենք թիրախավորել են կոնկրետ խնդիր, որը կապ չունի ԵԱՏՄ հետ, միջազգային օրենսգրքի հետ։

Ակցիզային հարկը վառելիքի համար բարձրացվել է, դիզվառելիքի համար ԱԱՀ է ներմուծվել։ Դա հարվածում է ՀՀ-ում շատ փոքր, նոր ձեւավորվող միջին խավին, եթե կարելիէ ասել, որ ունենք միջին խավ»,- ասել է Մարուքյանը։

Նա նշել է, թե վառելիքի թանկացումը մեր կյանքի բոլոր ոլորտների վրա անդրադառնալու է։ «Մինչեւ հունվարի 1-ն արդեն ունեցել ենք թանկացում, որը եղել է իբր միջազգային գների թանկացման պատճառով։ Իսկ հունվարի 1-ից թանկացել են մեր օրենսգրքով։ Մենք ունենք 9 մանդատ գործող խորհրդարանում, բայց դրսում ավելի շատ մանդատներ ունենք, եւ դուրս ենք եկել ԱԺ հարթակից՝ մեր համախոհների աջակցությունը համախմբելու եւ ուղղելու դեպի քաղաքական մեծամասնություն»,- նշել է Մարուքյանը եւ հավելել, որ իրենց նվազագույն պահանջն է՝ նախկին ակցիզային հարկին, եկամտահարկին վերադառնալը։

«Գումարվել են նաեւ այլ ապրանքների թանկացումները, իսկ աշխատավարձերը, թոշակներն ու նպաստները չեն ավելացվել։ Մեզանից շարունակում են հավելյալ գումարներ հավաքել»,- նշել է Մարուքյանը։

news.am

Բաժին: featured, Մամուլ