«Արցախում տեղի ունեցող փոփոխությունների հետ կապված՝ մենք պետք է զգուշավոր լինենք». Էդմոն Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը 168.am-ի հետ զրույցում անդրադարձել է Արցախում կատարվող իրադարձություններին, ՀՀ ընտրական օրենսգրքում կատարվելիք փոփոխություններին:
– Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահան Բադասյանն օրեր առաջ ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր «Լույս Արցախին» նախաձեռնող խմբի անդամների ցանկը և հայտարարություն։ Նա, ողջունելով Հայաստանում «թավշյա հեղափոխությունը»՝ նշել էր, որ փոփոխությունների կարիք կա նաև Արցախում, որում 1993թ.-ից իշխում են նույն մեթոդներով, ինչ Հայաստանում: Հնարավոր համարո՞ւմ եք թավշյա հեղափոխության գործընթացներ Արցախում։
– Շատ մեծ ուշադրությամբ հետևում ենք Արցախում տեղի ունեցող իրադարձություններին: Նաև աշխատում ենք, ըստ էության, որևէ կերպ այնպիսի հայտարություններով հանդես չգալ, որոնք կարող են ավելի սրել իրավիճակը: Կարծում եմ՝ այն, որ փոփոխություններ անհրաժեշտ են բոլոր ոլորտներում և բոլոր վայրերում, միանշանակ է: Բայց Արցախում տեղի ունեցող փոփոխությունների հետ կապված՝ մենք պետք է զգուշավոր լինենք:
Ես միշտ կողմնակիցն եմ եղել Արցախում մարդու իրավունքների, ազատությունների, ժողովրդավարության զարգացմանը, այդ արժեքների պաշտպանությանը: Բայց մյուս կողմից՝ նաև կարծում եմ, որ Արցախը յուրահատուկ իրավիճակում գտնվող պետություն է, և մենք պետք է հաշվի առնենք այդ հանգամանքը: Հետևաբար՝ կողմ եմ Արցախում ժողովրդավարական փոփոխություններին, բայց այդ փոփոխությունները պետք է տեղի ունենան Արցախի Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված ընթացակարգերով:
– Քանի օր է՝ Արցախում բողոքի զանգվածային գործողություններ են տեղի ունենում՝ ճնշումներ են գործադրվում Արցախի իշխանությունների վրա: Պատերազմական վիճակում գտնվող պետության համար դրանք ինչպիսի՞ հետևանքներ կարող են ունենալ:
– Ինչ վերաբերում է վերջին բողոքի ակցիաներին, բողոքը ակցիայի հիմքը, տեղի ունեցող դեպքերն այն մասին են խոսում, որ կոնկրետ հակաօրինական դեպքեր են տեղի ունեցել՝ ապօրինություն, և Արցախի իրավապահ մարմինները պետք է համապատասխան ընթացակարգերով վարույթներ հարուցեն, հայտնաբերեն մեղավոր անձանց (որքանով գիտեմ, արդեն բոլորը հայտնաբերված և պարզ են) և պատասխանատվության հարց լուծեն: Սա կարևոր մարտահրավեր է Արցախի ժողովրդավարության համար, և վստահ եմ, որ Արցախը կդիմագրավի այդ մարտահրավերին՝ իր կայացած ինստիտուտներով:
Այն, որ Արցախում, ըստ էության, ազատությունների սով է զգացվում, միանշանակ է: Բայց այդ ազատությունները պետք է քայլ առ քայլ ամրագրվեն տարբեր հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ-ների, կուսակցությունների գործունեությամբ, քաղաքացիական հասարակության ձևավորմամբ: Ես միշտ կողմնակիցն եմ եղել, որ Արցախում քաղաքացիական հասարակություն ձևավորվի, և ազատություն լինի իրավունքի գերակայության, մարդու իրավունքների, ժողովրդավարության իմաստով, պաշտպանված լինեն անհատի իրավունքները: Վերջին տարիներին Արցախի օմբուդսմենի ակտիվ աշխատանքն է նաև ինձ համար շատ ոգևորիչ, և դա կարևոր նշաններից է, որ Արցախը գնում է այդ ճանապարհով: Ես կարծում եմ, որ հնարավոր է այդ լարումները, ըստ էության, բերել մի այնպիսի ընթացքի մեջ, որը դրական փոփոխությունների կբերի Արցախում:
Իսկ Արցախի իշխանություններն էլ պետք է պատրաստ լինեն այդ փոփոխություններին, որոնք պետք է իրականացնեն եղած մեխանիզմների, Սահմանադրության և օրենսդրության շրջանակներում:
– Փոփոխություններ ասելով՝ ի՞նչ նկատի ունեք։
– Խորհրդարանական մեխանիզմներն ուժեղացնել, իշխանության միջև փոխզսպման և հակակշռման մեխանիզմները հստակեցնել:
– Արցախի նախագահը հանդես է եկել դատապարտող հայտարարությամբ, և կոնկրետ քայլեր են ձեռնարկվում մեղավորներին պատժելու ուղղությամբ։ Լևոն Տեր–Պետրոսյանը, արձագանքելով արցախյան այդ իրադարձություններին, գրել է. «Որ զանգվածային բողոքի առիթ հանդիսացած միջադեպի մեղավորները խստագույնս պետք է պատժվեն, ոչ ոք չի կարող առարկել. այս կապակցությամբ ԼՂՀ նախագահը ևս հստակ հավաստիացում է տվել: Սակայն ուժային կառույցների` ԱԱԾ-ի և Ոստիկանության ղեկավարների հրաժարականի պահանջի կատարումը ծանր հարված կլինի ԼՂՀ իշխանական համակարգին, ինչից չեն հապաղի օգտվել մեր հակառակորդները: ԼՂՀ ԱԱԾ–ն և Ոստիկանությունը Բանակից հետո Ղարաբաղի անվտանգության ապահովման կարևորագույն հաստատություններն են, որոնց չի կարելի ցնցումների ենթարկել»:
– Ես կարծում եմ, որ Արցախի նախագահի դատապարտող հայտարարությունը շատ կարևոր ուղերձ է եղել, և դրանից հետո պետք է հետևենք գործողություններին: Դրանք բոլորը պետք է ի կատար ածվեն: Հրաժարականների պահանջի մասով՝ ես կարծում եմ՝ պետք չէ շտապել: Քննությունը թող ընթանա, և քննության արդյունքներով կարող են հրաժարականներ լինել կամ չլինել: Եթե քննության արդյունքներով ապացուցվի, որ կան մեղավոր բարձրաստիճան պաշտոնատար անձինք, ապա, այո՛, նրանց պետք է ազատել և նոր մարդկանց նշանակել:
Եթե պարզվի, որ այդպիսիք չկան, կարծում եմ՝ այդ պահանջն էլ ինքնըստինքյան կվերանա: Այսինքն՝ եթե քննությունն ընթանում է, և քննության վերաբերյալ այս պահին կա հասարակական, խորհրդարանական հսկողություն, նաև հսկողություն ընդդիմության կողմից, ուրեմն պետք է հետևել այդ քննության ընթացքին:
– ՀՀԿ–ն հայտարարեց, որ պատրաստ են իշխանությունների հետ քննարկել խորհրդարանական ընտրությունների անցկացման ձևաչափը և ժամկետները։ Կառավարության ծրագրի ներկայացված նախագծում ժամկետներ են նշվել արդեն՝ մեկ տարվա ընթացքում։ Ձեր կարծիքով՝ ինչո՞վ էր պայմանավորված ՀՀԿ–ի դիրքորոշման փոփոխությունը, դուք արդեն ունե՞ք ձևավորված տեսակետ, թե Ընտրական օրենսգրքում ինչպիսի փոփոխություններ պետք է լինեն, և ե՞րբ է իրատեսական ընտրությունների անցկացումը։
– Ես այդ խմբի կազմում եմ լինելու, որը պետք է ձևավորվի: Երբ կձևավորվի, արդեն աշխատանքային ֆորմատով մեր առաջարկները կներկայացնենք: Բայց խոսքը գնում է համամասնական ընտրակարգ ունենալու և ընտրողների իդենտիֆիկացիայի մի շարք մեխանիզմների, ցուցակների մաքրման մասին:
Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի դիրքորոշմանը, ապա ՀՀԿ-ն, ըստ էության, կողմ քվեարկելով կառավարության այս ծրագրին, նաև կողմ է արտահայտվում արտահերթ ընտրությունների կազմակերպմանն ու անցկացմանը, և նրանք գնալով ավելի կոնստրուկտիվ են տրամադրված այս պրոցեսին: Ես դրական եմ գնահատում: Կսկսենք խմբով աշխատել, տեսնենք՝ ինչ ենք անում:
Բաժին: featured, Հարցազրույցներ, Մամուլ