Էդմոն Մարուքյանը հյուրընկալվել է «Առաջին լրատվական»-ի Real Politikհաղորդաշարում

12/04/2012

(Դիտել տեսանյութը YouTube-ում)

«Առաջին լրատվական»-ի Real Politik հաղորդաշարի հյուրն է փաստաբան-իրավապաշտպան Էդմոն Մարուքյանը:

– Դուք մեծամասնական ընտրակարգով առաջադրվել եք Վանաձորում` 30-րդ ընտրատարածքում: Լուրջ հայտ եք ներկայացրել իշխանությանը՝ ի դեմս ՀՀԿ-ի և այդ կուսակցության կողմից առաջադրված Վիկտոր Դալլաքյանի: Առաջին անգամ, ըստ էության, քաղաքացիական հասարակությունը հենց Վանաձորում պիտի կռիվ տա այն դաժան բարքերի ու միջոցների դեմ, որոնց իշխանությունը դիմում է քաղաքացիական հասարակության ազնիվ, առողջ մղումների դեմ: Մի քանի օր է, ինչ սկսվել է քարոզարշավը, կցանկանայի, որ նկարագրեք` ի՞նչ իրողություններ, ի՞նչ իրավիճակ է այս պահին ձեր ընտրատարածքում և ինչպե՞ս եք գնահատում Ձեր հաղթանակի հնարավորությունները:

– Նախ անդրադառնամ իրավիճակին. դեռևս նոր է սկսվել քարոզարշավը, և կրքերը կարելի է համարել խաղաղ, սակայն մեր ընտրատարածքը բավականին հետաքրքիր իրավիճակում է հայտնվել. եթե օրինակ` համեմատենք մյուս 40 ընտրատարածքների հետ, թիվ 30 ընտրատարածքում մի իրավիճակ է ստեղծվել, որը ես կկոչեի դասական՝ ընտրապայքարի առումով: Այսինքն՝ ունենք իշխանության կողմից առաջադրված և պաշտպանվող թեկնածու, ՀԱԿ-ի կողմից առաջադրված թեկնածու, «Ժառանգության» կողմից առաջադրված թեկնածու, ինչպես նաև՝ ՀՅԴ կողմից ներկայացված: Այստեղ իրավիճակը, ինչու չէ, իմ առաջադրման շնորհիվ այնպես է ձևավորվել, որ նաև ներկայացված է քաղաքացիական հասարակությունը, մի իրավիճակ, որն աննախադեպ է: Ինչո՞ւ հենց Վանաձորում, նախ պետք է ասեմ, որ մեր վերջին 10 տարվա գործունեության ընթացքում հասարակական բնագավառում, քաղաքացիական հասարակության նվաճումների առումով Վանաձորը միշտ աչքի է ընկել իր նոր նախագծերով:

– Ոչ միայն Վանաձորի սահմաններից ներս, այլ նաև այն կազմակերպության, որի հետ դուք ընդհանրապես համագործակցել եք վերջին տարիներին, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հետ ձեր համագործակցությունը թույլ է տալիս խոսել ընդհանրապես համահայաստանյան իրավունքի պաշտպանության ոլորտի մասին:

– Միանշանակ, մենք հասել ենք այնպիսի նախադեպերի՝ իրավական ընթացակարգերի, ռազմավարական դատավարությունների շրջանակներում, որոնք փոփոխություն են բերել օրենսդրական մակարդակով: Այսինքն՝ մենք մի քանի հոգով կամ մի քանի կազմակերպությունով հասել ենք մի ամբողջ ԱԺ-ի գործառույթի իրականացմանը: Այսինքն՝ եթե օրենքը պիտի փոխվի, գիտենք, որ ԱԺ-ն պիտի հավաքվի և քվեարկի դրա համար:

– Փաստորեն ձեր օգտին պետք է քվեարկի բնակչության այն հատվածը, որն ընդհանրապես մերժում է բոլոր կուսակցություններին, չի հավատում կուսակցությունների այն ներկայացուցիչներին, որոնք այսօր հրապարակի վրա են: Նրանք պիտի ձայն տան այն թեկնածուին, որն ընդհանրապես ապաքաղաքական է և գալիս է ժողովրդից՝ հանրային խնդիրները լուծելու բաղադրատոմսերը ձեռքին: Ուզում եմ հասկանալ, մի քաղաք, որն ավանդաբար համարվել է քրեական ամենամեծ պատմությունն ունեցող, մի քաղաք, որտեղ այսքան լուրջ ներկայացված են նաև քաղաքական կուսակցությունները՝ իրենց ներկայացուցիչներով, և առաջին հայտը Հայաստանում, երբ մենք խոսում ենք վերջին տարիներին քաղաքացիական հասարակության աննախադեպ ակտիվության մասին, հենց Վանաձորից է այսպիսի հնարավորություն ստեղծվում նաև քաղաքացիական հասարակության համար իր դեսպանն ունենալ ԱԺ-ում: Այդ անցումը քաղաքացիական հասարակությունից դեպի քաղաքականություն, ԱԺ, արդյոք այդ տրանսֆորմացիան չի՞ դեֆորմացնում ընդհանրապես քաղաքացիական հասարակություն հասկացությունը և այն կաշկանդվածությունն ու զսպումները, որ քաղաքացիական հասարակությունն այսօր ունի, չքաղաքականացվելու, չենթարկվելու որևէ քաղաքական օրենքի: Որպեսզի ավելի տեսանելի և հասկանալի դառնա, խնդրեմ, ձեր տեսակետը:

– Ես այդ տրանսֆորմացիաների վտանգի մասին իրականում շատ-շատ մտածել եմ մինչև առաջադրումը և պատասխանը հետևյալն է. վերջին 10 տարիների ընթացքում մենք զբաղվել ենք ՀՀ-ն ավելի ժողովրդավարական երկիր դարձնելու, քաղաքացիական հասարակությունը վերջնականապես ձևավորելու, ժողովրդավարական ինստիտուտների կայացմանը նպաստելու ուղղությամբ և մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում մեծ ներդրում ենք ունեցել: Մեր ամբողջ գործունեությունը, ըստ էության, եղել է ապաքաղաքական, բայց ասել, որ մեր գործունեությամբ չենք ազդել քաղաքականության վրա, քաղաքական օրակարգի վրա, ճիշտ չի լինի: Այսինքն, մենք այդ ամբողջ ընթացքում ազդել ենք քաղաքական որոշումների կայացման վրա: Ես կարծում եմ, որ քաղաքացիական հասարակության դաշտը ինքը չի կարող անջատ, ինչ-որ մի տեղ առանձին լինել և գործել, ոնց որ հիմա այս իրավիճակում մենք տեսնում ենք: Հետևաբար` որոշումը եկավ այն բանից, որ նախ նշվեց իրավիճակը քաղաքական դաշտում, տեսեք, ես եթե գնայի ինչ-որ կուսակցության ցուցակի միջոցով այդ քայլին, ես բնականաբար կընդունեի այն փաստարկը, որ տրանսֆորմացիայի եմ ենթարկվում և քաղաքականացման վտանգ կա:

– Օրինակ` Ժառանգություն կուսակցությունը հռչակում է, որ իր ցուցակը կազմված է երկու քաղաքական կուսակցություններից և հանրային սեկտոր կոչվածից:

– Ես սա չեմ ընդունում: Ես ասում եմ, որ մտնելով ինչ-որ ցուցակի կամ քաղաքական հոսանքի մեջ, անկախ նրանից, թե դու անդամագրվում ես ֆորմալ առումով, թե մնում ես անկախ՝ որպես այդ ցուցակի անդամ, ըստ էության դու կաշկանդվում ես այդ քաղաքական ուժերի քաղաքականությունից:

– Դու առնվազն այդ խմբակցության անդամ ես, դու պիտի քվեարկես…

– Իմ պարագայում ես այսպես եմ տեսնում, որ քաղաքացիական հասարակության և քաղաքական դաշտի ազդեցության ու կապի առումով ես կարող եմ հանդիսանալ այն խողովակը՝ անկախ պատգամավորի տեսքով, պրոֆեսիոնալ իրավաբան լինելով հանդերձ, այդ ամբողջ օրակարգի մշակման և դրա պարտադրման մեխանիզմը օգտագործել ԱԺ-ում՝ մանդատի միջոցով: Ես մի օրինակը ասեմ Ձեզ. մինչև 2008 թվականը ես զբաղվում էի մարդու իրավունքների պաշտպանությամբ, տարբեր հասարակական կազմակերպությունների, տարբեր միջազգային ցանցերի հիմնադիր անդամ եմ: 2007 թվականին մասնակցեցի Փաստաբանների պալատի կողմից հայտարարված փաստաբանական քննությանը և ստացա փաստաբանի արտոնագիր, այսինքն` լիցենզիա փաստաբանությամբ զբաղվելու համար: Այս լիցենզիան ինձ համար գործիք էր, որի միջոցով ես ավելի պաշտպանված էի ավելի բարձր մակարդակներում` նաև քրեական գործերով և Եվրոպական դատարանում սկսեցի պաշտպանել մարդու իրավունքները: Բայց իմ իրավապաշտպանի հոգեբանությունը, մտածողությունը չփոխվեց:

– Փաստորեն դուք խնդիր ունեք պատգամավորական մանդատը ստանալ:

– Այսօր մանդատն ինձ համար այդ յուրահատուկ արտոնագիրն է, որ ես ակնկալում եմ ստանալ քաղաքացիական հասարակությունից, ապաքաղաքական զանգվածից: Եվ չկաշկանդված լինելով որևէ քաղաքական ուժի քաղաքականությամբ, ուղղություններով, արևմտամետությամբ, ռուսամետությամբ կամ չգիտեմ ինչերով: Առանց որևէ կաշկանդվածության բարձրացնել այդ խնդիրները:

– Վանաձորում որքա՞ն է Ձեր հաղթանակի հնարավորությունը` ըստ Ձեր գնահատականների:

– Եթե մենք նայենք կուսակցությունների կողմից հրապարակված թվերին, պետք է ենթադրենք, որ ամեն մարդ մի քանի կուսակցության անդամ է համարվում: Այն իրավիճակը, որում հայտնվել է նաև 30 ընտրատարածքը, նաև մեր ուսումնասիրությունների արդյունքում, մարդիկ հոգնել են 17 տարի նույն բանը տեսնելուց, նույն բանը լսելուց, նույն ելույթները լսելուց և նույն մարդկանց տեսնելուց: Միշտ խոսվում է սերնդափոխության մասին, կուսակցությունները ցանկանում են սերնդափոխություն անել, մենք տեսանք, թե նրանց ցուցակներում ինչպիսին է այդ սերնդափոխությունը: Անցողիկ տեղերում ես սերնդափոխություն չեմ տեսնում, ինչ-որ հետին համարներում երիտասարդներ կան, բայց խոսել այդ երիտասարդների պարագայում սերնդափոխության մասին նույնպես սխալ է:

– Իշխանության ցուցակներում կան մարդիկ, ովքեր մեռած էին և նրանց վերակենդանացնելու հնարավորություն տրվեց:

– Այսինքն` այլ տարբերակ մենք չգտանք, քան քաղաքացիական ակտիվության արդյունք դարձնել  իմ ինքնառաջադրումը թիվ 30 ընտրատարածքում, որը կարծում եմ նախադեպ է դառնալու մյուս ընտրությունների համար:

– Ինչպես ամբողջ Հայաստանում, այնպես էլ Վանաձորում ընդհանրապես քրեական աշխարհը մեծ դեր է ունեցել ընտրություններում: Այս տարի ինչպե՞ս է. օրինակ` Վիկտոր Դալլաքյանը ավանդաբար համարվել է ընդդիմադիր գործիչ, այս անգամ փաստորեն իշխանությանը սպասարկող քրեական տարրը պետք է աջակցի նրան: Վիկտոր Դալլաքյանը դրանից վա՞տ է զգում, լա՞վ է զգում, թե՞ քրեականները կաշկանդված են, չեն ուզում…

– Այս պահի դրությամբ դեռ վաղ է գնահատական տալ, թե ինչպիսի ակտիվություն, ինչ մասնակցություն կունենան քրեական տարրերը, սակայն մենք որևէ առումով ակնկալիքներ չունենք այդ թիմերից, և քրեական տարրերի ազդեցությունը իմ կողմից իրականացվող քարոզարշավին, ես կարծում եմ, լինելու է մինիմալ: Այսինքն` իմ այն հեղինակությունը, որ գոյություն ունի Վանաձորում, որպես հայտնի փաստաբանի, իրավապաշտպանի, ինձ որոշակի պաշտպանվածություն է տալիս, նաև որոշակի հարգանք բոլոր խավերի, ընդ որում` նաև քրեական խավերի մոտ: Բայց նրանք նույնպես մեր հասարակության մի մասնիկն են կազմում, և ուզենք, թե չուզենք, որոշակի գործերով հարաբերվել ենք: Եվ բոլորը գիտեն, թե ով ով է և ում դեմ ինչ է հնարավոր անել: Այսինքն` եթե մի բան հնարավոր չէ իմ դեմ անել, ուրեմն անիմաստ է այդ գործիքն օգտագործել:

– Ինչպե՞ս եք գնահատում մյուս ուժերին:  Բարգավաճ Հայաստանը չունի այնտեղ ներկայացուցիչ: Հիմնական խաղացողները, ովքեր Լոռու մարզում ունեն ազդեցություն և մարզում պատասխանատու են՝ Հանրապետական կուսակցության կողմից են, ի՞նչ դերակատարություն ունեն և ինչպիսի՞ ազդեցություն կարող է գործել այդպիսի դերակատարությունը ընտրությունների վերջնարդյունքի վրա:

– Ըստ էության միակ մտավախությունը վարչական ռեսուրսի կիրառումն է և փողի միջոցով ընտրական իրավունքները սահմանափակելու, գնելու խայտառակ նախադեպի կիրառումն է, որն արդեն Հայաստանում դարձել է շատ կարևոր:

– Արդեն նշմարե՞լ եք այդպիսի փորձեր: Այսինքն` եկել է մի պահ, որ Վիկտոր Դալլաքյանի հաղթանակն ապահովելու համար Հանրապետականը կարող է գումարներ բաժանել:

– Չի բացառվում: Եվ մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած ընտրախախտման: Էական չէ դա փողի բաժանում կլինի, թե այլ բան:

– Ասում են, որ մենք հիմա այլ հասարակություն ունենք, այլ արժեքային և գիտակցական մակարդակ ունեցող հասարակություն: Հնարավո՞ր է արդյոք, որ վանաձորցին թեկուզ և այդ կաշառքը վերցնի, բայց իր ընտրությունը կատարի խղճի մտոք:

– Եթե մի քիչ փորձեմ հետ գնալ և ապավինեմ իմ հիշողությանը, պետք ասեմ, որ փողի բաժանելու փորձեր, փողի բաժանելու պրակտիկան, որպես այդպիսին, եղել է: Բայց ես չեմ կարծում, որ դա մեծ դեր կունենա: Կարող է համամասնական ընտրակարգի առումով դեր ունենա, բայց մեծամասնականի առումով իրավիճակն այնպիսին է, որ կոնկրետ մարդու համար է քվեարկությունը գնում, և կոնկրետ մարդու առումով կան արդեն ձևավորված կարծիքներ, հիասթափություններ և արդեն նշեցի, որ մարդիկ արդեն հոգնել են նույն մարդկանց տեսնելուց: Եվ սա իր ազդեցությունը վերջնահաշվարկով, կարծում եմ, կունենա և պետք է ունենա:

– Իսկ չե՞ք կարծում, որ թիմային աշխատանքի անհրաժեշտություն կա ԱԺ-ում, Դուք փաստորեն գնում եք որպես անկախ պատգամավոր, և ես բազմիցս լսել եմ, որ անկախ պատգամավորը շանս չունի ԱԺ-ում փոփոխություններ առաջարկել` միայն այն պատճառով, որ քաղաքական ուժ չկա նրա հետևում և քվեարկողներ չկան ըստ էության: Դուք գնում եք ԱԺ միայնակ` կուսակցական ֆրակցիաների դեմ պայքարելու: Հաղթանակի դեպքում փոփոխություն առաջացնելու շանսերն ինչպե՞ս եք գնահատում:

– Ինձ միշտ ընկալել եմ բազմապատկիչ: Այսինքն` ոչ թե որպես ուղղակի անձ, այլ անձ, ով կարող է բազմապատկման էֆեկտն օգտագործել: Հետևաբար` ես կարծում եմ, որ նախ հիմք ընդունելով միջազգային փորձը, բոլոր խորհրդարաններում՝ ԱՄՆ Կոնգրեսում, Սենատում կան անկապ կոնգրեսականներ, սենատորներ, այլ խորհրդարաններում պատգամավորներ և հնարավորինս կաշկանդված չլինելով քաղաքական ուժերի գաղափարախոսություններով, այլևայլ քաղաքական առևտուրներով անկախ պատգամավորները կարողանում են կատարել պրոֆեսիոնալ աշխատանք: Իմ ընտրվելու պարագայում ես պատրաստ եմ համագործակցել բոլոր քաղաքական ուժերի հետ, որոնք կլինեն ԱԺ-ում և իմ կողմից ներկայացված առաջարկությունները ես հավատում եմ, որ աջակցություն են ստանալու տարբեր քաղաքական ուժերի կողմից: Լինելով պրոֆեսիոնալ իրավաբան, ունենալով այն փորձը, որ ես ունեմ վերջին 10 տարվա ընթացքում, ինչպես նաև քաղաքացիական հասարակության խողովակի դերը տանելով, այլ տարբերակ չկա, քան համագործակցել իմ նման անկախ պատգամավորների հետ, նաև ստեղծել այդ համագործակցության նախադեպը: Ես կարծում եմ, որ մենք հաջողություն ունենալու ենք: Շատ եմ մտածել այդ մասին, որ թիմային, թիմեր կան և այլն: Տեսեք՝ թիմային ԱԺ ենք ունեցել, որտեղ նախաձեռնությունների 78 տոկոսը պատկանում է կառավարությանը: Այսինքն` մեր կողմից ընտրված պատգամավորները օրինաստեղծ գործունեությունը կատարել են 22 տոկոսով: Այս վիճակագրությունը խոսում է այն մասին, որ կառավարությունը վերցրել է օրինաստեղծ գործառույթը ԱԺ պատգամավորներից: Հիմա ինչ արժեք ունեն այդ թիմերը, նախագիծը գա ԱԺ, կոճակը սեղմվի գնա, չենք կարող խոսել զարգացած պառլամենտարիզմի, քաղաքական ներկայացուցչության, մարդկանց խնդիրները ԱԺ-ում ներկայացնելու մասին: Իմ զենքը, կարծում եմ, կաշկանդված չլինելն է որևէ քաղաքական ուժով կամ քաղաքական հոսանքով:

– Դուք շատ լուրջ ներգրավված եք նաև միջազգային կազմակերպությունների ծրագրերում: Գիտեմ, որ շատ ճամփորդում եք, նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ունեք գործեր և այդ խնդիրներով շփվում եք նաև միջազգային փորձագետների հետ: Տեսակետ կա, որ այս ընտրությունների նկատմամբ հատուկ ուշադրություն ունի միջազգային հանրությունը և որոշ ընդդիմադիրներ անսալով այդ ուշադրությանը մտածում են, որ այս ընտրություններում իսկապես չի լինի բռնություն, չի թափվի արյուն, լրագրողներ չեն ծեծվի և հույս ունեն, որ հենց դրա շնորհիվ հնարավոր կլինի քիչ, թե շատ ավելի ազատ ընտրություն անցկացնել և իրական պատկեր ստանալ: Ես ուզում եմ, որ Դուք գնահատեք արտաքին շահերի այսօրվա ներկայությունը մեր ընտրություններին և նրանց ներգրավվածությունը պրոցեսին: Որքանո՞վ եք համաձայն, այն տեսակետին, որ այս ընտրությունները կարող են աննախադեպ լինել մեր նորանկախ պատմության ընթացքի համար:

– Ըստ էության շփվելով միջազգային կառույցների իմ գործընկերների հետ` պետք է ասեմ, որ ուշադրությունը լուրջ  սևեռված է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների վրա: Բոլոր այն հայտարարությունները, որ անում են իշխանությունները, անում են նաև միջազգային ճնշումների, բանակցությունների և խոստումների արդյունքում: Մյուս խնդիրը, որ կա, շատ հստակ է Հայաստանի իշխանությունների համար: Այս ընտրություններին հաջորդելու են տեղական ինքնակառավարման ընտրությունները,  որը այդքան չի կարևորվում Հայաստանում նաև ընդդիմադիր թևի առումով, որից ես շատ զարմանում եմ: Լինելու են  նաև նախագահական ընտրություններ: Հայաստանում խորհրդարանական ընտրություններն այդքան չեն կարևորվում,  ինչքան նախագահականը, չնայած վերջին օրենսդրական փոփոխությամբ պետք է որ հակառակը լիներ: Այսինքն՝ ստեղծվել է մի իրավիճակ, որ իշխանությունը գնալով նրան, որ կեղծի այս ընտրությունները, այն խախտումները, որ միշտ են եղել՝ թույլ տա, հետո կբերի մի այնպիսի իրավիճակի, որ նախագահական ընտրություններում կլինեն լուրջ խնդիրներ և այդ  ռեսուրսն ամբողջությամբ ծախսած կլինի այս ընտրությունների վրա: Դրա համար ես հույս ունեմ, որ այս հայտարարությունների  գոնե մի մասը կպահպանվի:  Վարչական ռեսուրսի օգտագործումը, փողերի բաժանումը անպայման կլինի: Ընտրությունները քվեարկության օրը չէ: Ընտրությունների ժամանակահատվածը  հաշվարկվում է  մյուս ընտրությունների հաջորդ օրվանից: Եթե այդ օրվանից մարդիկ չունեն խոսքի ազատություն, հավաքների ազատություն, քաղաքական ազատություն, քաղաքական մրցակցություն, քաղաքական դաշտը մոնոպոլացված է: Հետո ընտրություններից մի քսան օր առաջ կասեն, որ մենք ստեղծում ենք արդար պայմաններ: Սրանով արդար ընտրություններ չեն լինի, արդար ընտրությունների համար պետք է նախորդ 5 տարիներին արդար հավասար մրցակցային պայմաններ լինեն բոլորի համար: Ես հույս ունեմ, որ պետք է ամեն ինչ լավ լինի: Խնդիրը ոչ թե Ընտրական օրենսգիրքն է, այլ քաղաքական կամքը:

– Անդրադառնանք այն ոլորտին, որի հետ Դուք տասը տարի առնչվել եք: Մեր երկրում կա իրավունքի դեֆիցիտ և արդարության պակաս, որ մեր ժողովուրդը անընդհատ զգում է իր կյանքի ընթացքում, որը և մղում է արտագաղթի: Դուք գնում եք մասնակցելու ընտրությունների և օրենսդիր իշխանության մաս կազմելու: Կա դատական իշխանություն, որը տարբեր միջազգային  և տեղական  կազմակերպությունների գնահատմամբ, այս իրավիճակի հիմնական պատճառն է: Մարդը չի կարողանում իր ոտնահարված իրավունքը վերականգնել : Այդ իշխանությունը լրիվ այլանդակված է և չի նպաստում մեր երկրի պետականության կայացմանը: Ձեզ համար այնտեղ ի՞նչ խնդիրներ եք տեսնում:

– Իմ ծրագրային հիմնադրույթները սկսվում են մարդու  իրավունքներ բաժնից, որին  հաջորդում է դատական համակարգը: Մարդու  իրավունքները բոլոր երկրներում խախտվում են, բայց զարգացած երկրներում  մարդը ունի արդյունավետ պաշտպանության միջոցներ: Նա գիտի, որ իր իրավունքը խախտվել է,  բայց գիտի նաև, որ կգնա դատական իշխանություն, և դատական իշխանությունը կպաշտպանի իրեն: ՀՀ-ում դատական իշխանությունը կայացած չէ: Խնդիրներն, ըստ էության, քաղաքականության մեջ են: Խնդիրը կայանում է հետևյալում. դատական իշխանությունը պետք է զերծ պահվի քաղաքականությունից: Ես հիշեցնեմ երկրի նախագահի վերջին հանդիպումները դատաիրավական բարեփոխումների վերաբերյալ: Դուք ուղղակի կարող եք այցելել նախագահի կայք  և նկարները տեսնեք,  թե որտեղ են նստած դատական իշխանության ներկայացուցիչները: Գործադիր  իշխանության ներկայացուցիչները նախագահից հետո ավելի առաջնային տեղեր են զբաղեցնում, քան վճռաբեկ դատարանի նախագահը, ով ՀՀ ամենաբարձր դատական ատյանի նախագահն է: Այս վիճակից արդեն պարզ է դառնում, թե ինչ վիճակում է գտնվում դատական համակարգը: Դատական  իշխանության ղեկավարի հրավիրել և ասել, որ այստեղ այսպիսի խնդիրներ կան, չի խոսում անկախ դատական համակարգի մասին, մենք այսօր այն չունենք, որից էլ բխում են մեր բոլոր խնդիրները: Ես չեմ կարծում, որ արտագաղթը սոցիալական պատճառներից է: Պատճառը  արդարության պակասի հետ է կապված: Մարդ սկսում է հույս չկապել այս երկիր հետ: Եթե ես գումար ունեմ, որը ներդնում եմ գործի մեջ, իսկ վաղը այն իմ ձեռքից կվերցնեն և դատարանը չի օգնի, ուրեմն կվերցնեմ այն և կգնամ, իսկ եթե ոչ մի բան էլ չունեմ, ուրեմն կապող օղակ չկա: Եթե դատական համակարգը բերենք այն վիճակի, որ լինի լիարժեք իշխանություն՝ փոխզսպման և հավասարակշռման իր դերը կարևորի, մյուս ոլորտները կամաց-կամաց կբարձրացնենք և իր տեղը կդնենք:

 

Բաժին: Նախընտրական նյութեր, Տեսանյութեր