Հայաստանի նոր ընդդիմության հետաքրքիր դրվագ ԵԽԽՎ-ում
«Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը տեղեկություն հրապարակելով Փարիզում տեղի ունեցող ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի նիստից՝ հայտնել է, որ դրանում ունեցած ելույթի ընթացքում բարձրացրել է Հայաստանի կարգավիճակը փոխելու հարցը: Մարուքյանը ԵԽԽՎ մոնիթորինգի խմբին ասել է, որ դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած ազատ ընտրությունը վկայում է, որ ժամանակն է Հայաստանի մոնիթորինգի ենթակայության կարգավիճակը փոխարինել հետմոնիթորինգային երկխոսությամբ:
Առաջին հայացքից ԵԽԽՎ-ում տեղի է ունենում տարօրինակ մի բան՝ ԱԺ անցած ընդդիմադիր հավակնություն ունեցող ուժը ԵԽԽՎ-ում ոչ թե բողոքում է Հայաստանի իշխանությունից և պահանջում, որպեսզի ԵԽԽՎ-ն, այսպես ասած, խիստ մոնիթորինգի ենթարկի Հայաստանը, այլ լրիվ հակառակը՝ ակնկալում է, որ ԵԽԽՎ-ն Հայաստանի հետ հարաբերության մեջ անցնի նոր կարգավիճակի: Ընդ որում, այս հանգամանքը հատկանշական է, օրինակ, ՀՀԿ գործողությունների ֆոնին, որոնց նպատակը, այն էլ արդեն ամիսներ շարունակ, եվրոպական կառույցներում Հայաստանի ոչ ժողովրդավարական կերպարի ձևավորումն է, ինչը հղի է պետական անվտանգության մի շարք հետևանքներով:
Այն, որ տարիներ շարունակ Եվրոպան Հայաստանի ընդդիմությունների համար դիտարկվում էր որպես զինակից անօրինական համակարգի դեմ, կոշտ քայլերի ակնկալիքով, անկասկած ուներ իր հիմքերը՝ հենց նախորդ համակարգի բնույթից բխող: Սակայն ներկայումս, երբ մենք խոսում ենք նոր իրավիճակի մասին, հանրային ու պետական շահի տրամաբանությունը պահանջում է այլևս նաև նոր որակի և բնույթի ընդդիմության առկայություն, որը կաշխատի «նշաձողերը բարձրացնելու», ոչ թե իջեցնելու վրա: Նոր իրավիճակում ընդդիմության չափանիշն ու չափորոշիչն այլևս այն չպետք է լինի, թե ընդդիմությունը որքան ուժեղ կհայհոյի իշխանությանը և որքան մուգ գույներով կնկարագրի Հայաստանում իրավիճակը, այլ այն, թե ընդդիմությունը իշխանությունից ավելի ինչքան մրցունակ գաղափարներ կներկայացնի Հայաստանի հետ աշխատանքի առումով թե՛ Հայաստանի հասարակությանը, թե՛ միջազգային հանրությանը:
Եվ այդ իմաստով Մարուքյանի առաջարկը ԵԽԽՎ մոնիթորինգի նիստում, խոշոր հաշվով, նոր իրողություններին ու քաղաքական համակարգի զարգացման տրամաբանությանը համահունչ ընդդիմության վարքագծի դրսևորում է: Դա ամենևին չի նշանակում, որ ընդդիմությունը չպետք է զբաղվի իշխանության քննադատությամբ: Պետք չէ, իհարկե, բանը հասցնել աբսուրդի կամ զավեշտի, սակայն այն ընդդիմության քննադատությունն է հանրայնորեն ավելի ազդեցիկ և ընկալելի լինելու, որը իր գործունեության առանցքում և գերակայություններում կդնի առաջարկություններն ու նախաձեռնությունները, հանրությանը ներկայացվող ուղենիշները, իսկ քննադատությունը ընդամենը կուղեկցի այդ ամենը, կլինի զուգորդող քաղաքական ասպեկտ: Հակառակ դեպքում, եթե հանրության շրջանում չեն փոխվելու ընդդիմադիր ուժի վերաբերյալ պատկերացումներն ու գնահատման չափորոշիչները, ապա մենք ըստ էության շարունակելու ենք խրված մնալ քաղաքական ճահճում, որքան էլ գեղեցիկ տեքստեր հնչեցնենք նոր իրավիճակի մասին:
Ինչ վերաբերում է կոնկրետ առաջարկին, ապա այստեղ կա երկու առանցքային հանգամանք: Նախ՝ ակնհայտ է, որ թավշյա հեղափոխությունից հետո Բաքուն է փորձում Եվրոպայում օգտագործել, այսպես ասած, բռնապետության, ոչ ժողովրդավարական զարգացումների, «ամենախայտառակ ընտրությունների» խաղաքարտը, որ կուսակցական շահից բխեցնելով փորձում է օգտագործել ՀՀԿ-ն: Եվ ըստ այդմ՝ երբ Հայաստանը ներկայացվում է ժողովրդավարական զարգացումների համոզումով, դա փաստորեն արգելակ է Բաքվի այդ փորձերի համար: Մյուս կողմից՝ Հայաստանում քաղաքական համակարգի արդիականացման ու զարգացման հարցում էական դեր ունեն եվրոպական կառույցները, և որքան շուտ նրանք դուրս գան իներտ վիճակից և համարժեք արձագանքեն Հայաստանի նոր իրողություններին, ըստ այդմ՝ նոր մակարդակի բարձրացնեն Հայաստանի հետ հարաբերությունը, այդքան ավելի կշահեն թե՛ հայ-եվրոպական երկկողմ հարաբերությունը, թե՛ Հայաստանի հանրության շրջանում Եվրոպայի վարկն իբրև գործընկեր և թե՛ Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքի ժողովրդավարացման դինամիկան ու արդյունքը:
Բաժին: featured, ԵԽԽՎ (PACE), Մամուլ