2012 թվականին Մարուքյանն առաջադրվել է առանց օրենքի խախտման

17/12/2018

ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը Ֆեյսբուքում գրառում է կատարել այն մասին, որ Էդմոն Մարուքյանը պետք է զրկվի պատգամավորական մանդատից, քանի որ նա 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ կեղծել է իր հաշվառման հետ կապված մի շարք փաստաթղթեր։

Էնֆիաջյանը, մասնավորապես, պնդում է, որ Մարուքյանը 2009 և 2010 թվականներին մեկ տարուց ավել չի բնակվել Հայաստանում, հետևաբար՝ իրավունք չի ունեցել մասնակցել 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին: «․․․ 2009 թվականի հունիսի 13-ից մինչև 2010 թվականի օգոստոսի 30-ը Մարուքյանը բացակայել է Հայաստանից, այսինքն՝ 1 տարի 17 օր վերջինս Հայաստանում չի եղել, սակայն Ոստիկանության անձնագրային ծառայությունը Մարուքյանին տեղեկանք է տվել առ այն, որ քաղաքացի Էդմոն Մարուքյանը վերջին հինգ տարում մշտապես բնակվել է Հայաստանում։ Իսկ որտե՞ղ է եղել Մարուքյանը 2009 թվականի հունիսի 13-ից մինչև 2010 թվականի օգոստոսի 30-ը ընկած ժամանակահատվածում։ Վերջինս «Հուբեր Հանֆրիի» ծրագրով այդ ժամանակահատվածում սովորել է ԱՄՆ Մինեսոթայի համալսարանում»,- գրել է Էնֆիաջյանը:

2011 թվականի մայիսի 26-ին ընդունված Ընտրական օրենսգիրքը, որով անցկացվել են 2012 թվականի խորհրդարանական ընտրությունները, սահմանում է, որ պատգամավոր ընտրվելու իրավունք ունի 25 տարին լրացած, այլ պետության քաղաքացի չհանդիսացող, վերջին 5 տարում ՀՀ քաղաքացի հանդիսացող, վերջին 5 տարում ՀՀ-ում մշտական բնակություն ունեցող և ընտրելու իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք։

2011 թվականին ընդունված ԸՕ-ն, սակայն, չի մանրամասնում Հայաստանից դուրս բնակվելու պայմանները, ուստի, Հայաստանում մշտապես բնակվող կարող էր համարվել ցանկացած անձ, որը հաշվառված էր Հայաստանում, և Ոստիկանությունը իրավասու է եղել տրամադրել այդ մասին վկայող տեղեկանք:

Ի հակադրություն դրան, 2016 թվականի Ընտրական օրենսգրքով այս դրույթները կոնկրետ սահմանում ունեն։ Ըստ այդմ, ԸՕ հոդված 80-ի 2-րդ կետի համաձայն, քաղաքացին չի համարվում վերջին 4 տարում ՀՀ մշտական բնակություն ունեցող, եթե նրա գրանցման համար մշտապես բնակվելու մասին տեղեկանքը ներկայացնելու օրվան նախորդող 1 461 օրերի ընթացքում նա առնվազն 731 օր բացակայել է ՀՀ-ից: Այս դեպքում, սակայն, բացառություն է արվում այն դեպքերի համար, երբ բացակայությունը պայմանավորված է եղել հանրային ծառայության մեջ գտնվող անձի ծառայողական նպատակներով գործուղվելու կամ արտերկրում բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառության հանգամանքներով:

Այսինքն, նույնիսկ այս գործող Ընտրական օրենսգրքով Էդմոն Մարուքյանի գործողությունները հակաօրինական չեն, քանի որ նա երկրից բացակայել է 382 օր (1 տարի 17 օր), ինչպես նաև այդ բացակայությունը պայմանավորված է եղել արտերկրում սովորելու հանգամանքով։

Կարինե Կիրակոսյան

fip.am

Բաժին: featured, Մամուլ