Եթե «Իմ քայլը» որոշում է կայացրել, որ իր ձայնը պետք է տա ԲՀԿ-ին, թող այդպես էլ ասեն. Էդմոն Մարուքյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասին
7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը կկայանա հունվարի 14-ին, որի ժամանակ կընտրեն ԱԺ նախագահ, փոխնախագահներ։ Աժ նախագահ կդառնա «Իմ քայլից» Արարատ Միրզոյանը, փոխնախագահներ՝ Ալեն Սիմոնյանը եւ Լենա Նազարյանը։ Շատ ավելի բարդ է Աժ ընդդիմադիր փոխնախագահի հարցը։ Մամուլում լուրեր էին շրջանառվում, որ ԲՀԿ-ն այդ պաշտոնի համար ցանկանում է առաջադրել Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը, կային նաեւ այլ անուններ՝ Վահե Էնֆիաջյան, Միքայել Մելքումյան։ «Լուսավոր Հայաստանն» էլ հայտարարել է, որ Աժ փոխնախագահի պաշտոնի համար առաջադրելու է Մանե Թանդիլյանի թեկնածությունը։ Թե ով կդառնա Աժ ընդդիմադիր փոխնախագահ, մեծապես կախված է 88 մանդատ ունեցող «Իմ քայլի» քվեարկությունից։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե խմբակցությունում այդ հարցի քննարկմանը չեն հասել, բայց սկզբունք պետք է գործի, որ ընդդիմությունից ԱԺ փոխնախագահն ընտրվի այն կուսակցությունից, որն ընտրություններին ավելի շատ ձայն է հավաքել»։ Ինչպե՞ս է վերաբերում այս հայտարարությանը «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, արդյոք նեղացած չե՞ն, որ նախկին դաշնակիցները հնարավոր է իրենց չսատարեն եւ դա կարո՞ղ է ազդել թեկնածու առաջադրելու որոշման վրա։ ArmDaily.am-ի հարցին ի պատասխան՝ Մարուքյանը նշեց, որ թեկնածու առաջադրելու որոշումը բացառապես իրենցն է, որեւէ մեկի հետ կոնսուլտացիաներ չեն եղել, խոսքը թե իշխանությունների, թե ԲՀԿ-ի մասին է, հետեւաբար՝ որեւէ հայտարարության ազդեցության տակ այն չի կարող փոփոխության ենթարկվել։ «Ինչ վերաբերում է Փաշինյանի հայտարարությանը, ապա ես կարծում եմ՝ դա ՀՀԿ-ի ժամանակ ձեւավորված տրադիցիա է, որը պետք է հիմա փոփոխության ենթարկվի։ Եթե ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնը պետք է տալ ամենից շատ ձայն ստացած ընդդիմադիր ուժին, ուրեմն սահմանադրության մեջ պետք է գրված լինի այդ մասին, սակայն սահմանադրությունն ասում է, որ ընդդիմադիր խմբակցություններից ընտրվում է փոխխոսնակ, հետեւաբար կա ընտրություն, որով պետք է ընտրվի, եւ այստեղ է որ մենք առաջադրում ենք տիկին Մանե Թանդիլյանի թեկնածությունը, որ ընտրության հնարավարություն լինի, ոչ թե մեկ անձի ընտրելու։ Եթե «Իմ քայլը» որոշում է կայացրել, որ իր ձայնը պետք է տա ԲՀԿ-ին, թող այդպես էլ ասեն, սակայն ասել, որ տրամաբանական է մեծ խմբակցությանը տալ այդ պաշտոնը, ես կարծում եմ՝ դա փաստարկ չէ։ Խոսքը գնում է ընդդիմադիր ԱԺ փոխխոսնակի մասին, մարդու, ով պետք է լինի ընդդիմադիր, կարծում եմ՝ Մանե Թանդիլյանը լավագույն թեկնածու է, հուսով ենք՝ կընտրվի քվեարկությամբ»,-ասաց Մարուքյանը։ Ինչ վերաբերում է նախկին դաշնակիցներից իրենց թեկնածուին չընտրելու ֆոնին նեղանալ-չնեղանալուն, ԼՀ ղեկավարն ասաց, որ նեղանալը քաղաքական կատեգորիա չէ։ Ինգա Մարտինյան
Աղբյուր՝ armdaily.am
Բաժին: featured, Հարցազրույցներ, Մամուլ