ՄԻԵԴ վճիռները պետք է ազդեն մեր դատարանների վրա

26/12/2012

ՀՀ արդարադատության փոխնախարար Ռուբեն Մելիքյանը եւ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը«Դեմ առ դեմ» բանավիճում են ՀՀ դատաիրավական համակարգի վրա ՄԻԵԴ կայացրած վճիռների ազդեցության շուրջ:

«Առավոտ»- Պարոն Մելիքյան, ՀՀ քրեական օրենսգիրքը պետությանը հասցված առանձնապես խոշոր չափերի վնասի համար բավականին խիստ պատժաչափ է նախատեսում: Հայաստանի Հանրապետության դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կայացված 43 վճիռների արդյունքում ՀՀ պետական բյուջեից պետք է փոխհատուցվի շուրջ 550 հազար եվրո գումար: Ասել է թե՝ ՀՀ դատաիրավական համակարգի թերի աշխատանքի արդյունքում պետությանը հասցվել է առանձնապես խոշոր չափերի վնաս: Այս դեպքում ո՞վ է պատասխանատուն:

Ռուբեն Մելիքյան- Այս հարցը շատ կարեւոր է. առաջին հայացքից պարզ սիլոգիզմ ենք կազմում, որ պետությանը հասցվել է որոշակի չափի վնաս, որովհետեւ հարկատուների հաշվին կատարվում է Եվրոպական դատարանի վճիռներով սահմանված փոխհատուցումների վճարում, եւ դա մենք անմիջականորեն համարում ենք կոնկրետ իրավակիրառողների սխալի արդյունք ու հետեւություն ենք անում, որ այստեղ պետք է անպայման քրեական պատասխանատվության մասին խոսք գնա: Սա շատ տարածված մտայնություն է, եւ ինչ-որ տեղ իրավաբանությանը շատ մոտ չկանգնած մարդկանց համար հասկանալի է, որ այդպես կմտածեն: Սակայն այստեղ մի քանի նրբություններ կան: Նախ՝ մենք երբեք չենք կարող վստահաբար ասել, որ այն կոնկրետ գործը, որը մենք փորձում ենք դիտարկել, այդտեղ մենք ունենք ինչ-որ դիտավորություն, որը տեղի է ունեցել կոնկրետ իրավակիրառողների կողմից: Օրինակ՝ 2011թ. հուլիսին ՄԻԵԴ-ը սկզբունքորեն փոխեց իր դիրքորոշումը խղճի ազատության վերաբերյալ հարցերով: Եթե մինչ այդ ՄԻԵԴ-ը սահմանում էր, որ այլընտրանքային զինվորական ծառայության իրավունքը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով պաշտպանվող իրավունքների շարքից դուրս է, այսինքն՝ որեւէ պետություն պարտավոր չէ այլընտրանքային զինվորական ծառայության համակարգ ձեւավորել, ապա 2011թ. հուլիսին Հայաստանի Հանրապետության վերաբերյալ գործով ՄԻԵԴ-ը սկզբունքորեն փոխեց իր դիրքորոշումը եւ ասաց, որ այսուհետ իմացեք, որ սա եւս մարդու իրավունքների մեջ է: Եղել են մարդիկ, որոնք դատապարտվել են զինվորական ծառայությունից խուսափելու համար, եւ մենք այսօր էլ քրօր-ում ունենք զինվորական ծառայությունից խուսափելու համար հոդված: Հիմա՝ այստեղ արդյոք մենք գործ ունենք կոնկրետ այն դատավորների, կամ կոնկրետ այն իրավապահ մարմինների կողմից չարամտության կամ պետությանը հասցված առանձնապես խոշոր չափերի վնասի՞ հետ, եթե նրանք կիրառել են ՀՀ օրենսդրությունը: Կարծում եմ՝ ոչ: Այսինքն՝ մենք չենք կարող ասել, որ այն բոլոր փոխհատուցման գումարները, որ մեր պետությունը վճարել է, դրանք կոնկրետ պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված պետությանը հասցված վնասի արդյունք են:

«Առավոտ»- Չասենք՝ բոլոր գործերը, բայց բացառո՞ւմ եք, որ կան բազմաթիվ գործեր, որոնցով սխալ վճիռներ են կայացվել հենց դիտավորության արդյունքում:

Ռ. Մ.- Ես չեմ ասում, որ որեւէ բան բացառում եմ: Բայց շատ հաճախ լինում են դեպքեր, ես կարող եմ նաեւ օրինակներ բերել, երբ ուղղակի մեկնաբանության խնդիր է. մեր դատարանները որեւէ դրույթ իրենց իրավասություններից ելնելով մեկնաբանել են մի կերպ, սակայն Եվրոպական դատարանի դատավորները գտել են, որ այդ մեկնաբանությունը ճիշտ չէ:

Էդմոն Մարուքյան- Կան գործեր, որտեղ դատավորի մեղքը կարող է այդքան էլ չլինել՝ կապված այն հանգամանքի հետ, որ այդ պահին օրենսդրությունն ու իրավակիրառական պրակտիկան այդպիսին էին: Բայց ունենք դեպքեր, որ հստակ մեղադրանքներ կան, օրինակ՝ Հյուսիսային պողոտայի եւ այլ իրացման գոտիների հետ կապված, երբ դատարանի վճիռներով մարդկանց իրենց սեփականության իրավունքից, իրենց գույքից զրկել են, եւ ամբողջ եռաստիճան դատական համակարգն անցնելով՝ այս մարդիկ որեւէ հաջողության չեն հասել: Հիմա այդ գործերը ՄԻԵԴ-ում են, կան գործեր, որոնք բարեկամական կարգավորման արդյունքում են լուծվել, եւ էլի մեծ գումարներ է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից դուրս եկել, կան գործեր, որոնք ընդդեմ ՀՀ որոշումների արդյունք են, եւ սրա հետ կապված արդեն ունենք հստակ, կոնկրետ մեղադրանքներ, որոնց հիման վրա արդեն կարելի է քրեական գործի նյութեր նախապատրաստել գոնե եւ սկսել քննել: Օրինակ՝ սփյուռքահայ մի գործարար հրապարակավ մեղադրում է, թե ինչպես, ինչ ձեւերով է դատավորներին կաշառելով ստացել իրեն ցանկալի վճիռները, որոնց համաձայն՝ մարդիկ պետք է վտարվեին եւ նրանց տարածքները պետք է իրացվեին: Այսինքն՝ այս առումով անպայման պետք է քննություն տարվեր, եւ եթե պատասխանատուներ կային, նախ՝ պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեին, եւ այդտեղ կարող էր լուծվել նաեւ ռեգրեսիվ հայցի խնդիրը՝ պետությանը տրված վնասը հետ բերելու առումով: Բացի այդ՝ հիշենք Միշա Հարությունյանի գործը, որտեղ դատավորը վճռում գրել էր, որ ապացույցներից մեկը ձեռք է բերվել բռնությունների միջոցով: Հիմա՝ մենք չենք կարող որեւէ կերպ արդարացնել այս դատավորին եւ ասել, որ իրավակիրառական պրակտիկան կամ օրենսդրությունն էր այդպիսին: Գիտեք, որ խոշտանգումներն այն իրավունքներից մեկն են, որը որեւէ կերպ, անգամ պատերազմական պայմաններում չեն կարող խախտվել եւ սահմանափակվել: Բայց այդ դատավորը հիմա աշխատում է, նա Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է: Այսինքն՝ ինչ եմ ուզում ասել. պատասխանատվության տեսանկյունից ունենք իրավիճակներ, որ այո, դատավորի մեղքը չկա, ուստի նա պատասխանատու չի կարող լինել, մյուս կողմից՝ համամիտ եմ, դրանով կարող է դատավորների անկախության սկզբունքը խախտվել, եթե մենք ասենք՝ ՄԻԵԴ-ում որեւէ գործով ՀՀ-ի պարտվելու դեպքում մենք գալու ենք ու այդ գումարները դատավորից բռնագանձենք: Բայց ՄԻԵԴ վճիռներին որեւէ կերպ չանդրադառնալը, որ դրանք որեւէ կերպ չազդեն մեր դատարանների վրա, դա էլ է սխալ: Այսինքն՝ դատավորը պետք է հասկանա. այո, դու անկախ ես, եւ այդ երաշխիքը կա: Բայց դա չի նշանակում, որ դու կարող ես ինչ ցանկանաս՝ անել եւ քո անկախության երաշխիքներից ելնելով՝ դրա համար պատասխանատվության չենթարկվել, հարկատուների վճարած գումարներից՝ պետական բյուջեից գումարներ փոխհատուցվեն, դու էլ 7 հարյուր, 8 հարյուր հազար աշխատավարձով քեզ համար բարձր երաշխիքներով ապրես: Սա չի կարող շարունակվել:

Ռ. Մ.- Եկեք առանձին դիտարկենք սեփականության իրավունքի սահմանափակման հետ կապված գործերը: ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը բազմիցս հայտարարել է, որ կառուցապատողների հետ ձեռք են բերվել պայմանավորվածություններ, որոնցով իրենց տարածքում կատարված իրավախախտումների դեպքերով նրանք են փոխհատուցումները տրամադրելու: Այսինքն՝ այստեղ մենք միջոցներ ենք ձեռնարկում, որպեսզի այդ գումարները հարկատուների հաշվին չվճարվեն:

Է. Մ- Ես այստեղ շատ վտանգավոր բան եմ տեսնում: Սա նման է մի գործարքի, որի արդյունքում մենք անում ենք ապօրինություն: Օրինակ՝ վերցնում ենք մի թաղամաս, ճանաչում գերակա շահ, սկսում կառուցապատել, բոլորին հանում-վտարում ենք, դատարաններն էլ մեր ուզած որոշումները տալիս են: Հետո էդ վտարված 100 հոգին հո չի՞ հասնելու Եվրադատարան: Մի 30 հոգին է հասնելու, որի հարցով մի 6 տարի հետո որոշում եթե լինի, կառուցապատողին էդ ժամանակ էլ կխնդրենք, էդ 30 հոգու հարցը կլուծենք: Բայց էն 100 հոգին արդեն դարձան անտուն մարդիկ, նրանց ճակատագրերը խաթարվեցին: Եվ այս գործելակերպը վտանգավոր նախադեպ կարող է դառնալ նաեւ հետագայի համար:

Բանավեճը վարեց ԱՐԵՎԻԿ ՍԱՀԱԿՅԱՆԸ

Նախագիծն իրականացվում է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» ծրագրի շրջանակներում:

 

Աղբյուրը` http://www.aravot.am/2012/12/26/144831/

Բաժին: Հարցազրույցներ, Տեսանյութեր