Խորհրդարան են այցելել Երեւանի «Վարդանանց ասպետներ» թիվ 106 հիմնական դպրոցի աշակերտները
ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում մարտի 26-ին խորհրդարան էին այցելել Երեւանի «Վարդանանց ասպետներ» թիվ 106 հիմնական դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները: Հյուրերը շրջել են Ազգային ժողովի շենքում, հետեւել հերթական նիստերի աշխատանքին:
Նրանց հետ հանդիպել եւ «Բաց դաս» է անցկացրել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Աշակերտները խմբակցության ղեկավարին ուղղել են հարցեր, որոնք վերաբերել են կրթության ոլորտի խնդիրներին, աշխատաշուկայում պահանջված մասնագիտություն ընտրելուն, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացին: Էդմոն Մարուքյանն անդրադարձել է նաեւ գործազրկության վերացմանը, տնտեսության զարգացմանը, արտագաղթին վերաբերող խնդիրներին:
Ծավալված անկաշկանդ զրույցի ընթացքում պատգամավորը դպրոցականներին հորդորել է ապագային նայել հույսով ու հավատով, լինել պահանջատեր եւ լավ սովորել, ընդգծելով, որ երկրի զարգացման շարժիչ ուժը երիտասարդությունն է:
Հանդիպմանը մասնակցել է ՀՀ ԱԺ պատգամավոր Աննա Կոստանյանը:
Բաց դասի մասնակիցները լուսանկարվել են ԱԺ նիստերի դահլիճում:
Աղբյուրը՝ parliament.am
Բաժին: featured