Երկու բիոզուգարանի փոխարեն կարելի էր 20 ընտանիքի ազատել տնակային ավանից
Կառավարության ծրագրի վերաբերյալ ելույթ ունեցավ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Նա, դիմելով ԱԺ դահլիճում նստած վարչապետին, ասաց, որ կառավարության ծրագրի ներկայացման ելույթը շատ նման է եղել Օբամայի որդեգրած ոճին, ինչը գովելի է: Սակայն, պատգամավորը նշեց մի շարք խնդիրներ, որոնք պետք է անհապաղ լուծվեն:
Ըստ Էդմոն Մարուքյանին՝ ինքը հանդիպումներ է ունեցել Վանաձորի փոքր բիզնեսի ներկայացուցիչների հետ եւ դժգոհություններ լսել, որ նրանց համար հունվարի 1-ից հարկային բեռը ծանրացել է` կապված նաեւ շրջանառության հարկին:
«Այսօր ունենք մի իրավիճակ, որ մանրածախ առեւտրի կետերը ստիպված կամ չեն տպում ՀԴՄ կտրոնները եւ ստվերում են մնում, կամ նրանք վնասով են աշխատում: Խնդրում եմ՝ վերանայեք այդ 3 տոկոսը, որովհետեւ շատ մեծ բեռ է դարձել նրանց համար»,-ասաց Էդմոն Մարուքյանը:
Պատգամավորը կառավարության այս ծրագիրը համեմատել է նախորդ ծրագրերի հետ եւ դրական միտումներ է տեսնում թե՛ կառուցվածքային, թե՛ որոշակի ցուցանիշների առումով: Սակայն, պատգամավորի ասելով, այս ծրագիրը չի պատասխանում «ինչպես» եւ «երբ» հարցերին, այսինքն` ինչպես եւ երբ են արվելու կոնկրետ միջոցառումները եւ ծրագրերը:
Է. Մարուքյանը դժգոհեց, որ ինչքան էլ վարչապետը հորդորում է համագործակցելու, այնուամենայնիվ, կառավարություն-ԱԺ համագործակցությունը լավ չի ստացվում: «Հիվանդի նման է, որ հարցնում են ինչպես է, ասում են` կայուն ծանր վիճակ: Հիմա դա է: Ես Ձեզ 24 գրություն եմ ուղարկել, մոտ 70 գրություն էլ` կառավարության անդամներին եւ այլ գերատեսչություններին եմ ուղարկել: Եղել է, որ իմ գրություններով հարցեր են լուծվել, խախտված իրավունքներ են վերականգնվել, բայց դրա տոկոսը շատ քիչ է»,- ավելացրեց Էդմոն Մարուքյանը:
Օրենսդրական նախաձեռնությունների առումով էլ չի ստացվում համագործակցել կառավարության հետ: Պատգամավորի խոսքով` ոչ իշխանական ուժերի պատգամավորները հանդես են գալիս նախաձեռնություններով, սակայն կառավարությունը տալիս է հիմնականում բացասական եզրակացություններ` «ժամանակավրեպ է» կամ «աննպատակահարմար է» պատճառաբանություններով:
«Ո՞նց եղավ, որ կառավարության բոլոր նախաձեռնությունները նպատակահարմար են, իսկ մերը` աննպատակահարմար»,- ասաց պատգամավորը՝ կոչ անելով վերանայել մոտեցումը:
Էդմոն Մարուքյանը նշեց, որ կառավարության ուսերին դրված բեռը թիվ 30 ընտրատարածքում ինքն է կրում` հանդիպելով ժողովրդի հետ: «Դուք չեք գալիս այնտեղ հանդիպում: Ես Ձեզ մեկ անգամ խնդրեցի ինձ հետ գնալ տնակային ավան, բայց դուք չեկաք, արձագանք չեղավ»,- ավելացրեց Էդմոն Մարուքյանը՝ նշելով, թե համագործակցությունը միակողմանի չի լինում, եւ ինքը պատրաստ չէ միակողմանի համագործակցության:
Որպես դրական տեղաշարժ՝ պատգամավորը նշեց, որ իր ընտրատարածքի ներհամայնքային ճանապարհների վերանորոգման համար կառավարությունը հատկացրել է 300 մլն դրամ, թեեւ գումարը քիչ է եղել, սակայն «էլի մի բան է»:
Էդմոն Մարուքյանը, ուսումնասիրելով Վերահսկիչ պալատի բացահայտումները, նշեց, որ երբ առաջարկություններ են ներկայացնում եւ կառավարությունը պատասխանում է, թե միջոցներ չկա, բայց հետո միջոցներն անարդյունավետ են ծախսվում, որեւէ կերպ չի կարողանում տրամաբանությունը հասկանալ:
Կառավարության կողմից յուրաքանչյուրը 50 մլն դրամով 2 բիոզուգարանների ձեռքբերումը բուռն քննարկումների տեղիք տվեց ինչպես մամուլում, այնպես էլ համացանցում: Էդմոն Մարուքյանն ասաց, որ այդ զուգարաններն այսօր չեն օգտագործվում:
«Եթե դա գնվել է, որ հասարակական վայրերում դրվեն, տուրիստներն օգտվեն, բայց չի օգտագործվում եւ ամբողջությամբ անարդյունավետ ծախս է եղել: 100 մլն դրամը հաշվեցի, այդ գումարով կարելի էր մոտ 20 բնակարան գնել Վանաձոր քաղաքում եւ տնակային ավանից 20 ընտանիքի ազատել»,- ավելացրեց Է. Մարուքյանը:
տեքստը` hetq.am-ի
Բաժին: Ելույթներ ԱԺ-ում, Տեսանյութեր