Այսօր Վանաձորում վերջին հրաժեշտը տվեցինք մեր սիրելի դասախոս, Վանաձորում շատ հարգված երկար տարիների մանկավարժ տիկին Սոֆյա Քալանթարյանին։

26/10/2021
Երկու օր առաջ նա մահացել էր սրտի կաթվածից։
Տիկին Սոֆյան հայտնի էր նաև իր քաղաքական սկզբունքային դիրքորոշումներով, և ես այս օրերին վերհիշեցի, որ 2008թ. նախագահական ընտրություններին նա եղել էր առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վստահված անձը Վանաձորում, ընտրությունների ժամանակ նա ակտիվ պաշտպանել էր քվեարկության արդյունքները՝ անզիջում պայքարելով ընտրակեղծիքների դեմ։
2008թ. մարտի 1-ից հետո, ինչպես հիշում եք, բազմաթիվ քրեական գործեր հարուցվեցին ակտիվիստների, ցույցերի մասնակիցների, Լևոն Տեր-Պետրոսյանի վստահված անձանց, այդ թվում՝ տիկին Սոֆյայի դեմ՝ ցուցմունք կորզելով առ այն, որ նա իբր խաթարում էր ընտրական գործընթացը տեղամասում։ Այդպիսով, Վանաձորում հայտնի և հարգված տիկին Սոֆյայի դեմ Լոռու մարզի դատախազության մակարդակով մեղադրանք ներկայացվեց դատարանում։
Տիկին Սոֆյայի պաշտպանությունն ստանձնել էինք ես և փաստաբան Կարեն Թումանյանը։ Երեք ատյաններում պաշտպանեցինք տիկին Սոֆյային՝ չհասնելով արդարացման դատավճռի, սակայն նրա նկատմամբ նշանակվեց տուգանք, այլ ոչ թե ազատազրկում։ Կարծում եմ, որ այստեղ դեր խաղացին հատկապես նրա կին և հայտնի մանկավարժ լինելու հանգամանքները։
Տիկին Սոֆյայի հոգին բառացիորեն հանեցին այդ անարդարությամբ. նա չափազանց ծանր էր տանում ու նեղսրտում էր իր և հարյուրավոր այլ մարդկանց նկատմամբ տեղի ունեցող ապօրինություններից։ Կարծում եմ, որ եթե չլիներ այդ ապօրինությունը, տիկին Սոֆյայի սիրտը միգուցե ավելի երկար դիմանար, և նա այսօր մեզ հետ կլիներ. այս իրողությունը հատկապես ավելի ցավալի է այս օրերին, երբ հայտնի պատճառներով մեզ համար թանկ ու հարազատ մարդիկ մեզ հերթով լքում են։
Պատերազմից առաջ պլանավորել էինք դիմել Վճռաբեկ դատարան՝ նորոգելու գործը և հասնելու արդարացման ակտի, բայց սկսվեց պատերազմը, այնուհետև ներքաղաքական ցնցումներն ու արտահերթ ընտրությունները, և այդպես էլ ժամանակ չունեցանք վերսկսելու պրոցեսը, սակայն տիկին Սոֆյան արդար էր և արդար էլ գնաց այս աշխարհից։
Խաղաղություն քեզ, տիկին Սոֆյա ջան ․․․

Բաժին: featured