Մենք բոլորս պետք է համախմբվենք բանակի ու դիվանագիտական ջանքերի շուրջ ու մի մարդու նման պայքարենք մեր պետականությունը պաշտպանելու համար։

16/11/2021
Բազմիցս ասել եմ, որ Էրդողանն ու Ալիևն ամենականխատեսելի գործիչներն են։ Նրանք միշտ անում են այն, ինչ նախապես հայտարարել են։
Դեռևս նոյեմբերի 09-ի հայտարարության ստորագրումից հետո բազմաթիվ անգամներ նրանք հայտարարել են Հայաստանից միջանցք ստանալու իրենց մտադրության մասին` այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը։ Այդ վերաբերյալ եղել է թե’ հայկական, թե’ ռուսական կողմի մերժումը, նշվել է, որ նման հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել։
Դրանից հետո թշնամին հայտարարել է, որ միջանցքը խաղաղ չստանալու դեպքում այն կստանա ուժի կիրառմամբ։
Այն, ինչ այսօր տեղի է ունենում, Զանգեզուրի միջանքն ուժով ստանալու պրոցեսի մեկնարկն է` գրավելով մեր սուվերեն տարածքը և այդ կերպ փորձելով ցամաքային կապ հաստատել Նախիջևանի հետ։ Դրանով, ըստ էության, կտրվում է մեր կապն Արցախի հետ, Սյունիքի մարզը կտրվում է Հանրապետության այլ մարզերից, կոտրվում է մեր ողնաշարը։
Սա ոչ միայն Հայաստանում ապրող քաղաքացիների, այլ նաև ողջ հայ ժողովրդի միասնական դիմադրությանը պետք է արժանանա։ Պետք է ամեն բան անել այս պլանը վիժեցնելու համար, ինչի համար ողջ հայ ազգը պետք է հասկանա, որ եթե այդ միջանցքն ուժով վերցվի, դա կլինի Հայաստանի վերջի սկիզբը։
Անհրաժեշտ են համակարգված գործողություններ ոչ միայն ռազմական ուժը կենտրոնացնելու և դիմադրելու համար, այլ նաև համակարգված դիվանագիտական լուրջ աշխատանք։
Այսօր աշխարհասփյուռ հայությունն ունի մեկ խնդիր` վիժեցնել Էրդողանի և Ալիևի պլանը` մեր տարածքով Նախիջևանին ցամաքային միջանցքով կապվելու վերաբերյալ։
Այս պահին միջանցքի ճեղքումը չի հաջողվել հայկական բանակի իրականացրած գործողությունների շնորհիվ։ Մենք բոլորս պետք է համախմբվենք բանակի ու դիվանագիտական ջանքերի շուրջ ու մի մարդու նման պայքարենք մեր պետականությունը պաշտպանելու համար։

Բաժին: featured