Պատերազմի սպառնալիքի պարագայում մենք մի անելիք ենք միշտ ունեցել․․․

17/11/2021
Երեկ հայտարարել էի, որ պետք է բոլորս համախմբվենք մեր բանակի և դիվանագիտական ջանքերի շուրջ: Տեղեկացա, որ այդ ձևակերպումս որոշ շրջանակներում քննարկման առարկա է դարձել, թե այդ ինչպե՞ս կարելի է համախմբվել այս իշխանության իրականացրած որևէ ջանքի շուրջ:
Ուզում եմ հստակ արձանագրել, որ պատերազմի սպառնալիքի պարագայում մենք մի անելիք ենք միշտ ունեցել՝ մեր ներդրումն ունենալ բոլոր այն ոլորտներում, որտեղ ներուժ ունենք՝ որպես կուսակցություն ու պրոֆեսիոնալ մարդկանց թիմ: Այս պահին գտնվում եմ Նյու Յորքում, որտեղ միջազգային իրավապաշտպան կառույցների հետ հանդիպումներ և անմիջական տեղեկատվության փոխանակում եմ իրականացնում: Այցիս առաջին օրը համընկավ ադրբեջանական ագրեսիայի նոր ակտի հետ, և հետևաբար, իմ այցի ամբողջ առաքելությունն ու տրամաբանությունը դարձավ եղած կապերն ու անձամբ այստեղ գտնվելու հնարավորությունը ծառայացնելը մեր ազգային շահին:
Թող որոշ մարդիկ էլ շարունակեն պատերազմական պայմաններում տարաձայնություն չփնտրող, այլ բոլորին մեկ՝ մեր պետությունը պաշտպանելու նպատակի շուրջ համախմբելու կոչ անող ու գործ անողին ձեռք առնել կամ պիտակավորել:
Բնականաբար, խաղաղ ժամանակներում մենք ձեզ կհիշենք ու կհիշեցնենք, թե դուք ինչով էիք զբաղված, երբ մեր երկիրն ու խաղաղությունը վտանգված էին:

Բաժին: featured