Ինչ պետք է անի այսօր ԱԺ ընդդիմությունը

26/11/2021
Հաշվի առնելով, որ Հայաստանը խորհրդարանական երկիր է՝ ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցություններին առաջարկում եմ հանդես գալ Ազգային ժողովի միասնական հայտարարության նախագծով, որում հստակ կձևակերպվի հետևյալը՝
ՀՀ Սահմանադրության՝
– 88-րդ հոդվածի 1-ին մասի ուժով՝ Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է:
– 105-րդ հոդվածի 1-ին մասի սահմանմամբ՝ Խորհրդարանի խմբակցությունները նպաստում են Ազգային ժողովի քաղաքական կամքի ձևավորմանը:
– Հայաստանը բացառում է սուվերեն միջանցքի տրամադրումը Ադրբեջանին կամ որևէ այլ երկրի:
– Հայաստանը կողմ է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից 3 տասնամյակ տևող շրջափակման վերացմանը, ճանապարհների ու կոմունիկացիաների բացմանը:
– Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը չպետք է կապվի դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացի հետ և պետք է քննարկվի այդ գործընթացից զատ։ Արցախի Հանրապետության տարածքի հաշվին, առանց Արցախի ժողովրդի ազատ կամքի արտահայտության, չի կարող տեղի ունենալ որևէ դեմարկացիա և դելիմիտացիա Հայաստանի և Ադրբեջանի միջև։
– Ադրբեջանական զորքը պետք է անհապաղ լքի ՀՀ տարածքը՝ սպասելով և հնարավորություն տալով ստեղծվող հանձնաժողովին կառուցողական աշխատանք իրականացնել։
Կարծում եմ՝ այս մասով թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունն ունեն միևնույն դիրքորոշումը և, ըստ այդմ, որպես երկրի բարձրագույն օրենսդիր մարմին, կարող են և պետք է միասնաբար հանդես գան արտաքին ճակատում՝ ընդունելով Ազգային ժողովի հայտարարությունը:

Բաժին: featured