ՃՈ աշխատակիցները անհարկի կանգնեցնում են զբոսաշրջիկների մեքենաները. Մարուքյանն առաջարկով դիմել է ոստիկանապետին

06/06/2013

Ազգային ժողովի անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին առաջարկում է, որ ՃՈ աշխատակիցները ամառային ամիսներին օտար երկրներից հայրենիք այցելող քաղաքացիների մեքենաները դեպի Հայաստան ճանապարհին անհարկի չկանգնեցնեն: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում պարոն Մարուքյանն ասաց, որ իրեն են դիմել մի քանի դժգոհ զբոսաշրջիկներ և խնդրել լուծում տալ այդ հարցին:

Մարուքյանի խոսքով, ամառային ամիսներին, երբ հատկապես շատ է զբոսաշրջիկների հոսքը Հանրապետություն, բազմաթիվ հայրենակիցներ Ռուսաստանի Դաշնությունից և Վրաստանի Հանրապետությունից իրենց անձնական մեքենաներով Հայաստան գալուց դժվարությունների են հանդիպում. ճանապարհային ոստիկանության աշխատակիցները հաճախակի առանց որևէ բացատրելի պատճառի և հիմնավորման կանգնեցնում են իրենց մեքենաները, ստուգում փաստաթղթերը և այլն:

«Առավել մտահոգիչն այն է, որ շատերը նշում են, թե երբ գալիս են Վրաստանով և ամբողջ Վրաստանի տարածքում ճանապարհային ոստիկանությունն անգամ որոշակի խախտումներ թույլ տալու դեպքում մեքենան չի կանգնեցնում և հանդուրժող վերաբերմունք է ցուցաբերում օտարերկրյա պետհամարանիշներով ավտոմեքենաների վարորդների նկատմամբ՝ բնականաբար երկրում զբոսաշրջության զարգացմանը նպաստելու նկատառումներով», -նկատեց պատգամավորը:

Այդ պատճառով էլ խորհրդարանականը դիմել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին` առաջարկելով ճանապարհային ոստիկանության հետ քննարկել հատկապես ամռան ամիսներին օտարերկրյա պետհամարանիշներով ավտոմեքենաներն անտեղի չկանգնեցնելու և նրանց հանդեպ ճանապարհային ոստիկանության հնարավորինս հանդուրժող վերաբերմունք դրսևորելու հարցը:
«Այլ կերպ ևս մեկ դժգոհության պատճառ է ավելանում, որպեսզի կրճատվի մեր երկրում առանց այն էլ առանձնակի ծավալներով աչքի չընկնող զբոսաշրջությունը», -ասում է պատգամավորը:

Աղբյուրը՝ http://www.panorama.am/

Բաժին: Հարցազրույցներ