Խորհրդարանական ընդդիմադիրները ճիշտ կանեն չմասնակցելու որոշումը վերանայեն և լինեն հակակշիռ արդեն ստեղծված հանձնաժողովում:
Երեկ տեղեկացանք, որ խորհրդարանական ընդդիմությունը չի մասնակցում 44-օրյա պատերազմի հարցերը քննող քննիչ հանձնաժողովի աշխատանքներին։
Մի կողմից, իհարկե պարզ էր, որ ընդդիմությունն այդտեղ չէր կարող մեծամասնություն ունենալ։ Ինքս էլ ժամանակին (2014թ.) դեմ եմ արտահայտվել սահմանադրական այդ կարգավորմանը, որով անվտանգության հարցերով քննիչ հանձնաժողովը կարող է միայն ստեղծվել ԱԺ համանուն մշտական հանձնաժողովի կազմով ու կարգավիճակով: Սահմանադրության փոփոխություններում այդպես չգրելու առաջարկս կտրուկ մերժվել է ամենաբարձր մակարդակով:
Սակայն անգամ այս կազմով մասնակցության պարագայում ընդդիմությունը հնարավորություն էր ունենալու դռնփակ ռեժիմով բանակցային գործընթացի, պատերազմի վարման, սպառազինության վերաբերյալ ու իր ցանկացած այլ հարցերն ուղղել հանձնաժողովի նիստերին հրավիրված անձանց, որոնց թվում կարող են լինել նախկին նախագահները, գործող և նախկին վարչապետները, արտգործ և պաշտպանության նախարարները, ԱԱԾ տնօրենները, ԳՇ պետերը, այլ բարձրաստիճան զինվորականներ և այլոք։
Ընդդիմությունը կարող էր քննության արդյունքներով ներկայացնել նաև հատուկ կարծիք, որը կկցվեր քննիչ հանձնաժողովի հիմնական զեկույցին:
Այսպիսով, այս պրոցեսին ընդդիմության չմասնակցությունը ևս մեկ բաց թողնված հնարավորություն է, որն այլ խողովակներով կամ այլ գործընթացներով չի կարող լրացվել կամ փոխարինվել:
Խորհրդարանական ընդդիմադիրները ճիշտ կանեն չմասնակցելու որոշումը վերանայեն և լինեն հակակշիռ արդեն ստեղծված հանձնաժողովում` ներկայացնելով բոլորին մտահոգող հարցերն ու ստուգման ենթարկեն իրենց կողմից անդադար բարձրաձայնված բացահայտումները:
Բաժին: featured