Հերթական շառը

21/02/2022
Սոֆիա Հովսեփյանը 5-րդ ալիքի եթերում հայտարարել է, որ Անվտանգության խորհրդի 2020թ. դեկտեմբերին տեղի ունեցած նիստում, որին ներկա է եղել նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչը (խոսքն իհարկե իմ մասին է; ընդ որում՝ նույն նիստերին ներկա է գտնվել նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Արման Աբովյանը), իբր Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հանձնելու է Դիզափայտի բարձունքը, ինչպես նաև Խծաբերդն ու Հին թաղերը։
Պաշտոնապես հայտարարում եմ, որ նման քննարկում մեր մասնակցությամբ որևէ հանդիպման կամ նիստի ժամանակ տեղի չի ունեցել, այսինքն` հայտարարությունը բնականաբար սուտ է, և ընդհանրապես անհասկանալի է, թե ինչու է Սոֆիա Հովսեփյանը տարածում նման սուտ տեղեկություն, և ինչ օրակարգ են սպասարկում այս սուտը ակտիվորեն տարածող տելեգրամյան ալիքներն ու կայքերը։
Զարմանալի է հետպատերազմյան շրջանում Սոֆիա Հովսեփյանի մեղադրանքները լսելը, քանի որ տիկին Հովսեփյանը լքել է իշխող «Իմ քայլը» խմբակցությունը միայն 2021թ. հունվարի 09-ին, ինչը նշանակում է, որ նա «Իմ քայլ»-ի յուրաքանչյուր պատգամավորի հետ միասին համապարտ պատասխանատվություն է կրում թե՛ մինչպատերազմյան շրջանի, թե՛ պատերազմի ընթացքի և թե՛ հետպատերազմյան շրջանի համար։
Վստահ ենք նաև, որ եթե պատերազմը չպարտվեինք, տիկին Հովսեփյանն այսօր էլ կլիներ իշխող ուժի անդամ և կվայելեր իշխանության բարիքները։

Բաժին: featured