Ուժեղ պետություն կառուցելուն այլընտրանք չկա. Էդմոն Մարուքյանը խորհուրդ տվեց դասեր քաղել սխալներից
ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Որևէ կորուստ չպետք է մեզ հետ պահի մեր ազգային նպատակներից, որևէ կորուստ չպետք է մեզ հետ պահի ուժեղ պետություն կառուցելուց: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:
Էդմոն Մարուքյանը նախ շնորհավորեց Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 77-րդ տարեդարձի առիթով և ընդգծեց, որ հայ ժողովրդի ներդրումը շատ մեծ է եղել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի գործում:
«Մարդ չեմ ճանաչում, որի պապերի մեկը մասնակցած չլինի պատերազմին: Այսօր այն օրն է, որ հարգանքի տուրք են մատուցում հերոսներին: Փառք հերոսներին: 1992 թվականից սկսած՝ այս տոնը նաև այլ խորհուրդ է ունեցել, որովհետև բերդաքաղաք Շուշիի ազատագրման օրն ենք այսօր նշել: Ինչպես գիտեք, հիմա շատ տխուր ենք այսօրվա հետ կապված, բայց որևէ կորուստ չպետք է մեզ հետ պահի մեր ազգային նպատակներից, որևէ կորուստ չպետք է մեզ հետ պահի ուժեղ պետություն կառուցելուց: Մենք թույլ ենք տվել բազմաթիվ սխալներ, և մեր սխալներն են պատճառը, որ այսօր գտնվում ենք այս վիճակում: Ակնհայտ է, ինչպես եռատոնը նշել ենք, այսօր, բնականաբար, չենք կարող նույն ոգով նշել, բայց սա մեծ դաս է բոլորիս համար, որ կորցրածը վերականգնենք»,- ասաց Մարուքյանը:
Հատուկ հանձնարարություններով դեսպանը ընդգծեց՝ ուժեղ պետություն կառուցելուն այլընտրանք չկա:
«Եթե դու ուժեղ պետություն չես կառուցում, դու ապագա պատերազմներում ես պարտվելու, քո ազգը ցեղասպանության զոհ կարող է դառնալ: Հետևաբար՝ այսպիսի օրերը ինձ համար դաս են ուժեղ պետություն կառուցելու ճանապարհին»,- ասաց Մարուքյանը:
Բաժին: featured