Միջազգային հանրությունից ակնկալում ենք քաղաքական միջոցներ, որ Ադրբեջանն ազատի ՀՀ-ի օկուպացված տարածքները
ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը Եվրամիությունից և միջազգային հանրությունից ակնկալում է ձեռնարկել համապատասխան քաղաքական միջոցներ, ինչի արդյունքում Ադրբեջանի զորքերը կազատեն Հայաստանի տարածքի օկուպացված հատվածը և հետ կվերադառնան մինչև 2021թ. մայիսի 12-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանի ելման դիրքեր:
«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասաց Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:
«Պետք է լինեն ոչ միայն ողջունող կոչեր՝ հրադադարի վերաբերյալ, այլ թիրախային դատապարտող կոչեր՝ Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ: Պետք է լինեն կոչեր, որ այդ ագրեսիան չի հանդուրժվելու միջազգային հանրության կողմից: Չի կարելի հարձակվել սուվերեն տարածքի վրա և խախտել ՄԱԿ-ի կանոնադրության հիմնարար սկզբունքները: Քանի որ գոյություն ունեն հստակ սահմաններ, և այն պնդումը, որ սահման չկա, դա ընդհանրապես զուրկ է որևէ փաստարկից: Մեր ակնկալիքը միայն այն չէ, որ այս պահին ագրեսիան դադարի և վերջ: Ե՛վ այս պահին, և՛ մշտապես դիվանագիտական աշխատանք է տարվում, որ այս ուղղությամբ ունենաք շոշափելի արդյունքներ»,-ասաց նա:
Անդրադառնալով Ադրբեջանի պահանջներին՝ Մարուքյանը նշեց, որ Ադրբեջանի որևէ պահանջ, որը չի բխում Հայաստանի Հանրապետության ազգային պետական շահերից, բնականաբար չի իրականացվելու: «Այս հարցի վերաբերյալ վարչապետը երեկ շատ հստակ և մանրամասն ուղերձներ հղեց Ադրբեջանի իշխանություններին և միջազգային հանրությանը»,- եզրափակեց Մարուքյանը:
Ադրբեջանի զինված ուժերը 2021թ. մայիսի 12-ին Գեղարքունիքի և Սյունիքի մարզի երեք ուղղություններով ներխուժել էին ՀՀ սուվերեն տարածք և դիրքավորվել ու չէին լքում ՀՀ տարածքը: Իսկ 2022թ. սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում է սանձազերծել ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ՝ թիրախավորելով ոչ միայն դիրքեր, այլ քաղաքացիական ենթակառուցվածքներ,խաղաղ բնակիչների: Օգտագործվում էին հրետանի, ԱԹՍ-ներ: Հայկական կողմը վերջին տվյալներով 105 հաստատված զոհ ունի: Վիրավորվել է 6 քաղաքացիական անձ: Կրակը դադարել է սեպտեմբերի 14-ին՝ 20:00-ից:
Բաժին: featured