Նախընտրական ծրագիր
Առաջադրվելով ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորության թեկնածու` իմ ընտրողներին տեղեկացնում եմ, որ որևէ կուսակցության անդամ կամ քաղաքական հոսանքի հետևորդ չեմ հանդիսանում: Կարևորում եմ` պատգամավորական մանդատի հնարավորությունների օգտագործումն ի նպաստ մարդու իրավունքների պաշտպանության, քաղաքացիական ակտիվության, մասնակցային ժողովրդավարության, հանրային նշանակության հարցերի բարձրացման և հանրային քննարկումների միջոցով ՀՀ Ազգային Ժողովում որոշումների ընդունումը:
Որպես ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորության թեկնածու, իմ ընտրողներին ներկայացնում եմ այն նպատակներն ու խնդիրները, որոնց հասնելուն և լուծմանն ուղղված կլինի իմ օրինաստեղծ գործունեությունը ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր ընտրվելու դեպքում:
- Մարդու իրավունքներ և հիմնարար ազատություններ.
- Օրենսդրական բոլոր նախաձեռնությունները միտված են լինելու մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների անվերապահ հարգմանը,
- Պետության հաշվետվողականության ապահովման նպատակով քաղաքացիական վերահսկողության արդյունավետ մեխանիզմների ներդրում:
- Դատաիրավական բարեփոխումներ.
- Դատական համակարգի լիարժեք բարեփոխում`ինչը քաղաքացիներին թույլ կտա արդարություն գտնել ներպետական դատական ատյաններում,
- Փաստաբանական ինստիտուտի հզորացմանը միտված օրենսդրական նախաձեռնություններ,
- Անվճար իրավաբանական օգնության մեխանիզմների ներդրում:
- Ազատ մամուլ.
- «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի փոփոխություններ, որոնք միտված են լինելու հեռարձակման ոլորտում բազմակարծության ապահովմանը, ինչպես նաև մետրային հեռարձակման ոլորտում հեռուստաընկերությունների գործունեության ապահովմանը 2015 թվականից հետո:
- Երիտասարդական քաղաքականություն.
- Օրենսդրական նախաձեռնությունների միջոցով խրախուսել սերնդափոխությունը պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում:
- Կրթություն և գիտություն.
- Տեղայնացնելով լավագույն միջազգային փորձը և հիմք ընդունելով ազգային արժեհամակարգը` մշակել կրթության բնագավառի հայեցակարգ,
- Պետության կայացման և զարգացման համար կարևորագույն ոլորտներում երիտասարդության գիտական պոտենցիալի արդյունավետ կիրառում,
- Գիտությանը հատկացվող ֆինանսավորումը պետք է կազմի ՀՆԱ-ի առնվազն 1%-ը` հետագայում տարեկան 0.2 %-ի աճի միտումով:
- Փոքր և միջին բիզնես.
- Օրենսդրական նախաձեռնություններով բարձրացնել փոքր և միջին բիզնեսի պաշտպանվածության մակարդակը, ինչը կստեղծի ոլորտի զարգացման հեռանկարներ և կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը,
- Տնտեսական մրցակցության պաշտպանության նոր քաղաքականության ներդրում, որի պարագայում մոնոպոլ տնտեսական դիրք ունեցող ընկերությունները չեն կարող փոքր և միջին բիզնեսին դուրս մղել մրցակցությունից:
- Հարկային վարչարարության մեխանիզմների պարզեցում, ինչը կնպաստի բիզնես միջավայրի բարելավմանը և տնտեսության զարգացմանը:
- Ազատ շուկայական հարաբերությունների զարգացում.
- Ապրանքների ներկրման հստակ չափորոշիչների մշակում և ներդրում, ինչը կբացառի անորակ և առողջության համար վնասակար ապրանքների, հատկապես դեղորայքի, մանկական խաղալիքների ու սննդամթերքի ներկրումը Հայաստան,
- Ավտոմեքենաների և սարքավորումների մաքսազերծման համար սահմանված անտրամաբանական և չհիմնավորված գործակիցների վերանայում,
- Տեղական արտադրանքի արտահանման համար նպաստավոր հարկային և մաքսային արտոնությունների սահմանում` նպաստելով արտադրության ոլորտի զարգացմանը:
- Կառավարում.
- Համայնքային և պետական բյուջեների ծախսային հոդվածների նկատմամբ նպատակայնության չափանիշների և քաղաքացիական վերահսկողության սահմանում,
- Համայնքների ինքնավարության աստճանի բարձրացում, ինչը կնպաստի կառավարման ապակենտրոնացմանը, ինչպես նաև համայնքների համաչափ և կայուն զարգացմանը:
- Հակակոռուպցիոն քաղաքականություն.
- Կոռուպցիայի դեմ պայքարի իմիտացիայի փոխարեն հստակ հակակոռուպցիոն քաղաքականության մշակում, ներառելով զսպումների և հակակշիռների այնպիսի մեխանիզմներ, որոնք նվազագույնի կհասցնեն կոռուպցիոն ռիսկերը,
- Իրավախախտներին խիստ պատժի ենթարկելու իրական ընթացակարգերի ներդրում և անպատժելիության երաշխիքների բացառում բոլոր մակարդակներում,
- Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման բնագավառում հնարավոր շահերի բախումները բացառող օրենսդրական փաթեթի ներկայացում:
- Սոցիալական ապահովություն.
- Սահմանված սպառողական զամբյուղի չափի վերանայում` հաշվի առնելով ներկա սոցիալ-տնտեսական իրավիճակը,
- Հաշմանդամության կարգերի սահմանման, դրանց փոփոխման և դրանցից զրկելու ընթացակարգերի հստակեցմանն ուղղված օրենսդրական նախաձեռնություններ,
- Նպաստների, թոշակների, նվազագույն աշխատավարձի և այլ սոցիալական փաթեթների համապատասխանեցում ներկա կենսապայմաններին:
- Բնապահպանություն.
- Էկոլոգիապես մաքուր էներգետիկ աղբյուրների ներդրում և զարգացում` Հայաստանի առանց այն էլ վտանգված էկոհամակարգի քայքայման փոխարեն,
- Կանաչ տարածքների, այգիների, հանգստյան գոտիների, արգելանոցների պահպանմանը և պաշտպանությանը միտված օրենսդրական նախաձեռնություններ:
Ներկայացված ծրագրային խնդիրներն ու նպատակները ուղղված են Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետություն դարձնելուն, ուր մարդիկ կցանկանան վերադառնալ և չեն մտածի արտագաղթելու մասին:
Ընտրվելու դեպքում Վանաձոր քաղաքում հիմնադրելու եմ մշտական հիմունքներով գործող ԱԺ պատգամավորի գրասենյակ, որի միջոցով մշտական կապ եմ պահպանելու իմ ընտրողների հետ:
Բաժին: Նախընտրական նյութեր