Մի խումբ պատգամավորներ կիսում են փաստաբանների մտահոգությունը. Մարուքյանը հույս ունի` նախագիծը ԱԺ չի հասնի

11/10/2013

Կառավարությունը նոր նախաձեռնությամբ է հանդես եկել, որի թիրախում այս անգամ հայտնվել են փաստաբանները: Բանն այն է, որ փաստաբանության և պետական տուրքի մասին օրենքներում փոփոխություններ ու լրացումներ են կատարվել, որոնց համաձայն սահմանվել է փաստաբանների պետական գրանցամատյանը վարելու նոր ընթացակարգ և այդ լիազորությունը վերապահվել է ՀՀ արդարադատության նախարարությանը և բացի այդ, գրանցամատյանում մեկ տարի ժամկետով հաշվառելու համար նախատեսվել է գանձել տարեկան պետական տուրք` 60.000 դրամ: Նախօրեին Փաստաբանների պալատի շուրջ 100 փաստաբաններ քննարկում էին կազմակերպել վիճահարույց նախագծերի վերաբերյալ, որտեղ բոլորը միանշանակ դեմ էին արտահայտվում և ասում էին, որ այդ նախաձեռնությունը վտանգում է իրենց անկախությանը: Նախագիծը դեռ քննարկման փուլում է և Ազգային ժողով կհասնի քննարկումներից ու կառավարության կողմից վերջնականապես հաստատվելուց հետո: 

ԱԺ պատգամավոր, նախկին փաստաբան Էդմոն Մարուքյանը ևս կիսում է իր գործընկերների մտահոգությունը և խոստանում է այնպես անել, որ խորհրդարանում այն դիմադրության արժանանա:

-Դուք, որպես նախկին փաստաբան ի՞նչ կարծիքի եք այդ նախաձեռնության մասին, վտանգներ տեսնո՞ւմ եք:

-Գիտեք, իմ կարծիքը, որևէ կերպ չի տարբերվում իմ փաստաբան գործընկերների և Փաստաբանների պալատի պաշտոնական կարծիքից: Նախագիծն այնպիսին է, որ ամենաթույլ քննադատությանն անգամ չի դիմանում: Երեկ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ մանրամասն ներկայացվել են բոլոր փաստարկները և իմ գնահատականը նախաձեռնության վերաբերյալ միանշանակ է այն զուրկ է տրամաբանությունից և որևէ կերպ հիմնավորված չէ: 

-Արդարադատության նախարարը փաստաբանների բողոքը պայմանավորել էր լրացուցիչ գումարների գանձմամբ և ասել էր, որ դա հարկ է ու պետք է դրանով բյուջե լցվի: Արդյոք դա հիմնավորո՞ւմ եք համարում: 

-Տեսեք ներկայացված նախագծերով փորձ է արվում իրավապաշտպան գործունեությամբ զբաղվողներից պետական տուրք գանձել, որը ոչ միայն անընդունելի է, այլ նաև սա արվում է այն դեպքում երբ փաստաբանները մեր երկրում չունեն հարկային որևէ արտոնություն և վճարում են բոլոր այն հարկատեսակները, որը վճարում է ցանկացած ձեռնարկատեր: Ավելին, ինձ հայտնի չէ որևէ մի զարգացած երկրի փորձ, որ նման արհեստական և անտրամաբանական ձևով փորձ արվի փաստաբաններից գումարներ գանձել: Բյուջեն լցնելու տեղեր շատ կան, բայց դրանք փաստաբանական գործունեությունից շատ հեռու են, եթե հետևում եք խորհրդարանի նիստերին, ապա բազմիցս նկատած կլինեք պատգամավորների առաջարկները և քննադատությունն ուղղված բյուջեն լցնելու տեղերը բաց թողնելուն, թող սկսեն այդ տեղերից, որոնք կրկնում եմ որևէ կապ չունեն փաստաբանական գործունեության հետ: Նախագծի հիմնավորումների բաժինը արդեն նշեցի, որ փաստարկված չէ և ես չեմ հիշում այսքան թույլ հիմնավորումներով կազմված նախագիծ, որ ներկայացված կլիներ արդարադատության նախարարության կողմից: Ինչու եմ սա ասում, որովհետև շատ լավ ճանաչում եմ թե ինչ բարձր կարգի մասնագետներ են աշխատում նախարարությունում և ուղղակի տարակուսանք է առաջացնում նման նախագծի ներկայացումը, որը արդարադատության նախարարության բարձր նշաձողը մի քանի անգամ իջեցնում է:

-Իրականում ի՞նչ է փորձում անել կառավարությունը և ինչպե՞ս եք փորձելու դիմադրել այդ նախաձեռնությանը: 

-Թե ինչ է փորձում անել կառավարությունը դա շատ պարզ է, որն արդեն նախարարը բացատրել է` ինչ որ մեկից ուզել լրացուցիչ գումար: Ուղղակի այս դեպքում այդ ինչ որ մեկի դերում փաստաբաններն են: Ինչ վերաբերում է նախաձեռնությանը դիմադրելուն, ապա ես հույս ունեմ, որ նախագիծը չի հասնելու Ազգային Ժողով: Վատագույն սցենարով ասեմ արդեն դիմադրությունը Պալատի կողմից միանշանակ առկա է, որին ես միացել եմ և իմ տեղում պատրաստ եմ իմ պատգամավոր գործընկերներին անկախ կուսակցական պատկանելությունից առանձին-առանձին հանդիպել ու ներկայացնել այն բոլոր վտանգները, որոնք այս նախագծում առկա են: Պետք է նշեմ, որ անգամ գործուղման մեջ լինելով արդեն խոսել եմ մի խումբ պատգամավորների հետ և նրանք կիսում են մեր մտահոգություններն ու պատրաստ են նախագծին դեմ արտահայտվելուն: Վստահ եմ, որ գործընկերներիս հետ միասին մեզ կհաջողվի հասնել նրան, որ նախագծերը դրական եզրակացություն չստանան:

-Փաստաբաններն արդեն հայտարարել են, որ դիմելու են ծայրահեղ քայլի՝ կհայտարարեն գործադուլ: Արդյո՞ք դա ելք եք համարում:

-Հույս ունեմ, որ ծայրահեղ քայլերին չի հասնի, իսկ անհրաժեշտության դեպքում բողոքի օրենքով չարգելված բոլոր ձևերն էլ ընդունելի են:

Հարակից հրապարակում. 

«Ավազակություն է». Կառավարության քայլը բարկացրել է փաստաբաններին, իսկ նախարարն արձագանքում է

 

Աղբյուր՝ panorama.am

Բաժին: Հարցազրույցներ, Մամուլ