Էդմոն Մարուքյանը կոչ արեց հետ կանչել փաստաբաններին վերաբերող օրինագծերը

22/10/2013

ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ով մինչեւ պատգամավոր ընտրվելը զբաղվում էր փաստաբանական գործունեությամբ, ԱԺ-ի հայտարարությունների ժամին ամբիոնից բարձրաձայնեց փաստաբանների համար ոչ բարենպաստ օրենսդրական նախաձեռնությունների մասին:

Խոսքը վերաբերում է արդարադատության նախարարության կայքում տեղադրված  «Փաստաբանության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին: Դրանցով նախատեսվում է փաստաբանների պետական գրանցամատյանը վարելու նոր ընթացակարգ, եւ այդ լիազորությունը վերապահվելու է արդարադատության նախարարությանը: Փաստաբանների պալատի կողմից արտոնագրված փաստաբանից նախատեսվում է գանձել տարեկան 60.000 դրամի չափով պետական տուրք` փաստաբանների պետական գրանցամատյանում մեկ տարի ժամկետով հաշվառելու համար:

Ըստ պատգամավորի`նախագիծն այնպիսին է, որ նույնիսկ թույլ քննադատությանը չի դիմանում: Է. Մարուքյանն ասաց, որ այն զուրկ է տրամաբանությունից եւ ոչ մի կերպ հիմնավորված չէ: Ներկայացված նախագծերով փորձ է արվում իրավապաշտպան գործունեությամբ զբաղվողներից պետական տուրք գանձել, ինչն անընդունելի է, քանի որ մեր երկրում փաստաբանը չունի որեւէ հարկային արտոնություն եւ վճարում է բոլոր այն հարկատեսակները, որը վճարում է ցանկացած ձեռնարկատեր:

Պատգամավորին հայտնի չէր որեւէ զարգացած երկրի փորձ, որտեղ անտրամաբանական ձեւով փաստաբաններից գումար գանձեն:

«Բյուջեն լցնելու համար տեղեր շատ կան, բայց դրանք փաստաբանական գործունեությունից շատ-շատ հեռու են»,- ասաց Էդմոն Մարուքյանը`ավելացնելով, որ փաստաբանների հաշվառումն անվճար եւ պատշաճ կարգով իրականացնում է փաստաբանական պալատը եւ բոլոր անհրաժեշտ տեղեկությունները տեղադրված են պալատի պաշտոնական կայքում: Պատգամավորի համար անհասկանալի է, թե ինչու է նախարարությունը ցանկանում այդ գործառույթն իր վրա վերցնել եւ դրա համար գումար գանձել, ավելին` առանց հիմնավորելու, թե ինչու հենց 60.000 դրամի չափով:

Նախագծի հիմնավորումը հանգեցնում է նրան, որ գումարները ուղղվելու են հանրային պաշտպանի գրասենյակի պահպանմանը: Էդմոն Մարուքյանը անտրամաբանական համարեց նաեւ այս պատճառաբանությունը, քանի որ փաստաբանը պարտավոր չէ վճարել պետության ուղղակի պարտավորությունը հանդիսացող գործառույթների համար: Այդ գործառույթը, որպես սահմանադրական պարտականություն, դրված է պետության վրա եւ վերջինս պարտավոր է լուծել անվճար իրավաբանական օգնության, մեր դեպքում` հանրային պաշտպանի գրասենյակի հարցը:

«Կառավարությանն առաջարկում եմ նշված օրենքի նախագծերի փաթեթը հանել շրջանառությունից եւ չուղարկել Ազգային ժողով»,- ասաց Էդմոն Մարուքյանը:

Նշենք, որ փաստաբանները եւս անընդունելի են համարում կառավարության նման գործելաոճը եւ ստորագրահավաք են կազմակերպում:

Աղբյուր՝ http://hetq.am/

Բաժին: featured, Մամուլ