Առաջարկվում է մինչև 30 տարեկան դատապարտյալների համար միջնակարգ կրթության պարտադիր կազմակերպում

21/01/2014
Ազգային ժողովի անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ԱԺ-ում շրջանառության մեջ է դրել ՀՀ քրեակատարողական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ նախատեսող օրինագիծ: Նպատակը քրեակատարողական օրենսդրության մեջ հստակեցումներ մտցնելն է:
Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց հեղինակը, օրենսդրական նախաձեռնությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ինքը տևական ժամանակ զբաղվելով իրավապաշտպան գործունեությամբ և 2005 թ.-ից լինելով քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող խմբի անդամ, քաջատեղյակ է քրեակատարողական համակարգի հիմնախնդիրներին:
Օրինագծով պատգամավորը, մասնավորապես, առաջարկում է գործող օրենսգրքում լրացուցիչ ամրագրել ուղղիչ հիմնարկում արգելվող գործողությունները և արտակարգ իրավիճակ հայտարարվելու դեպքում դատապարտյալների սահմանափակվող իրավունքները, իսկ հավելվածով` այն իրերի և սննդամթերքի ցանկը, որոնք կալանքի և ազատազրկման դատապարտված անձանց արգելվում է ունենալ կամ ստանալ հանձնուքներով, ծանրոցներով:
Հասարակության մեջ դատապարտված անձանց հետագա ինտեգրումը հեշտացնելու նպատակով պատգամավորն առաջարկում է ուղղիչ հիմնարկի վարչակազմի կողմից մինչև 30 տարեկան դատապարտյալների համար պարտադիր միջնակարգ կրթության կազմակերպում: Ըստ առաջարկվող լրացման, 30 տարին լրացած դատապարտյալների համար միջնակարգ կրթությունը կազմակերպվում է ըստ դատապարտյալի ցանկության:
Է.Մարուքյանը առաջարկել էր նաև մի շարք այլ փոփոխություններ և լրացումներ՝ պայմանավորված պատշաճ վարքագիծ դրսևորող դատապարտյալների համար որոշակի արտոնություններ սահմանելու անհրաժեշտությամբ: Սակայն կառավարությունը դրանց վերաբերյալ առարկել էր:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին ուղարկված եզրակացության մեջ, նշված կատեգորիայի դատապարտյալներին կարճաժամկետ մեկնում տրամադրելու առաջարկը կառավարությունն առաջարկել է հանել, քանի որ այդ հարցն արդեն իսկ կարգավորված է ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասով:
Կառավարությունն առարկել է նաև պատգամավորի մեկ այլ առաջարկի՝ ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալ հղի, կերակրող մայր և մանկահասակ երեխաներ ունեցող դատապարտյալ անձանց, ովքեր պատիժը կրելու սահմանված կարգի խախտումներ թույլ չեն տվել, մինչև երեխայի երեք տարին լրանալը իրենց ընտանիքների հետ ուղղիչ հիմնարկի տարածքի սահմաններում գտնվող բնակելի տարածքում բնակվելու թույլատրության կապակցությամբ:  Գործադիրը, մասնավորապես, ընդգծել է, որ ուղղիչ հիմնարկը չի կարող այս պայմանն ապահովել իր տարածքի սահմաններում:
Ուղղիչ հիմնարկում ֆիզիկական դաստիարակության ու բուժական ֆիզկուլտուրայի կազմակերպման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու վերաբերյալ առաջարկի կիրառումն էլ, ըստ կառավարության, կապված է մեծ ֆինանսական ծախսերի հետ:
Արդյունքում՝ կառավարությունն եկել է եզրակացության, որ օրենքի նախագիծն «ընդունելի կհամարի իր կողմից ներկայացված առաջարկությունների և դիտողությունների ընդունման դեպքում»:
Ինչպես հայտնեց Է.Մարուքյանը, կառավարության ներկայացուցչի հետ համատեղ լրացուցիչ քննարկման արդյունքում առարկությունների մի մասի վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերվել: Մասնավորապես, դատապարտյալ կանանց հղիության, ծննդաբերության և հետծննդյան ժամանակաշրջանում անհրաժեշտ մասնագիտացված բժշկական օգնություն, իսկ ուղղիչ հիմնարկից դուրս հաշմանդամ երեխաներ ունեցող դատապարտյալներին կարճաժամկետ մեկնում տրամադրելու, ինչպես նաև դատապարտյալի կապն ազատության մեջ գտնվող երեխաների հետ ապահովելու  վերաբերյալ պատգամավորի կողմից առաջարկվող օրենսդրական փոփոխություններն ու լրացումները կմնան նախագծում:
Պատգամավորը հույս հայտնեց, որ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի վաղվա նիստում և հետագա քննարկումների ժամանակ նախագիծը կլրամշակվի:
Հեղինակ: «Փաստինֆո»

 

Բաժին: Հարցազրույցներ, Մամուլ, Օրենսդրական նախաձեռնություններ