«Նախագծի հիմքում դրվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, մինչդեռ մեր Սահմանադրությամբ սահմանված են շատ ավելի բարձր չափանիշներ». Էդմոն Մարուքյան

13/05/2014

Ազգային Ժողովում շարունակվում են քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրինագծի քննարկումները: Նախագծով նախատեսվում է Հայաստանում ներդնել ոչ նյութական վնասի հատուցման ինստիտուտը՝ նախատեսելով վնասի փոխհատուցման չափը որոշելու սկզբունքները: Նախագիծը ներկայացնող ՀՀ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանից ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը հետաքրքրվեց, թե մինչ օրս մեր երկիրը պետական բյուջեից որքա՞ն գումար է վճարել Եվրոպական դատարանում շահած քաղաքացիներին կողմից կայացված վճիռների արդյունքում: Արման Թաթոյանը նախ նշեց, որ մեր երկրից Եվրոպական դատարանը 2007 թվականից է ընդունում հայցեր և մինչ օրս 2028 հայց է ընդունվել, որոնցից 148-ը ճանաչվել է անընդունելի և ցուցակից հանվել է: Իսկ գումարային առումով ընդհանուր առմամբ 16 միլիոն եվրո է կազմել բավարարված հայցերի տուգանքը, որից Հայաստանի պետական բյուջեից մոտ 576 000 եվրո է վճարվել:

Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ կարծիք հայտնեց, թե նախագիծը ընդամենը կիսաքայլ առաջ է, քանի որ սահմանվում է միայն կյանքի իրավունքի, խոշտանգումների, անձի անձեռնմխելիության և անարդարացի դատապարտումների մասով. «Նախագծի հիմքում դրվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, որը նվազագույն չափանիշներ է սահմանում, մինչդեռ մեր Սահմանադրությամբ ավելի բարձր չափանիշներ են սահմանված: Իրավունքների մի ողջ ցանկ, որ ամրագրված է մեր Սահմանադրությամբ, պետք է ունենա ոչ նյութական փոխհատուցման հնարավորություն»,- կարծում է Էդմոն Մարուքյանը: Նա նաև գտնում է, որ օրենքին պետք է հետադարձ ուժ տալ:

Աղբյուր՝ Nyut.am

Բաժին: Մամուլ