Պատերազմը չի ավարտվել, և այն սիրում է պատասխան. Էդմոն Մարուքյան

07/06/2014

Մենք ունենում ենք զոհեր, սա անընդունելի է, 21-րդ դարում սա չի կարելի ուղղակի հանդուրժել:«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը` անդրադառնալով սահմանային վերջին միջադեպերին:

«Դա միանշանակ դատապարտման ենթակա է՝ բոլոր մակարդակներում և բոլոր հնարավոր տարբերակներով, այդտեղ երկրորդ կարծիք չկա: Ի՞նչ պետք է անել. բնականաբար, մենք պետք է ավելի զգոն լինենք, հնարավորինս կարողանանք մեր դիրքերն ուժեղացնել, որ նման կորուստները` եթե ոչ բացառվեն, գոնե նվազեցվեն, միևնույն ժամանակ, պետք է պատասխան տանք, առանց դրա չի լինի: Պատերազմը չի ավարտվել, և պատերազմը սիրում է պատասխան, դրա համար ցանկացած գործողություն, ես կարծում եմ, պետք է իր պատասխանը ստանա: Ամեն մի զոհ, ամեն վիրավոր մեծ ողբերգություն է մեր ազգի համար»,- նշեց Մարուքյանը:

Նրա խոսքով` խորհրդարանական բոլոր հարթակներում մեր պատգամավորները դատապարտում են նման ակտերը, այդ հարցերը բարձրացնում են, այսինքն` ցանկացած ագրեսիա, նմանատիպ դեպք դառնում է քննարկման առարկա, բայց որքանով միջազգային հանրությունը դրան ուշադրություն կդարձնի, դրա վրա կկենտրոնանա՝ դա հարցի մյուս կողմն է: Պատգամավորի խոսքով`աշխարհն իր խնդիրներն ունի, և հայ-ադրբեջանական սահմանին գրանցվող միջադեպերի վրա չի կենտրոնացնում իր ուշադրությունը, պետք է, սակայն, հարցը տարբեր հարթակներում անընդհատ հնչեցնել, բարձրացնել:

Աղբյուր՝ 1in.am

Բաժին: Հարցազրույցներ, Մամուլ, Տեսանյութեր