Մենք այնքան ենք թույլ տվել, որ հակառակ կողմը լկտիացել է. Էդմոն Մարուքյանըˋ Նախիջևանի դեպքի մասին

10/06/2014

ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանըˋ օրեր առաջ Նախիջանի կողմից արձակված ադրբեջանական կրակոցները, որի հետևանքով զոհվել էին 2 պայմանագրային զինծառայող, չի կապում Աստանայում տեղի ունեցած հանդիպման եւ, ընդհանրապես, արտաքին քաղաքականության հետ:

«Սահմանային միջադեպեր են տեղի ունենում, եւ եթե մի կողմից մենք ունենում ենք կորուստներ, բնականաբար, մեր զինված ուժերն էլ պատասխան են տալիս և նաեւ  նրանց կողմից են լինում կորուստներ: Սկսում են փոխադարձ՝ մեկը մյուսին նման հարվածներ հասցնել, որի պարագայում մենք միայն պետք է զգոն լինենք, ավելի ուշադիր լինենք և մեր զինված ուժերը ավելի բարձր, պատրաստ մակարդակի միշտ պահենք: Դիրքերը այնպիսի ինժիներական համակարգերով  եւ դասավորություններով պետք է կազմակերպել, որ շատ բարդ լինի թշնամու դիպուկահարների կողմից մեր  զինվորներին, մեր սպաներին խոցելը»,-ասում է Էդմոն Մարուքյանը Araratnews.am-ի հետ զրույցում:

Այն հարցին, թե Նախիջևանի կողմից կրակոցներ վեջին տարիներին չէին եղել և ինչո՞վ կարելի է բացատրել սա, Մարուքյանը ասաց.

«Այս դեպքում դուրս է գալիս, որ մենք այնքան ենք թույլ տվել, որ հակառակ կողմը լկտիացել է, ու հիմա էլ այս կողմից են կրակում, պետք է համարժեք պատասխան տրվի: Բոլոր դիվանագիտական հարթակներում պետք է ադրբեջանական այդ գործողությունները դատապարտվեն, և մենք խորհրդարանական հարթակներում: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում մեր պատգամավորները միշտ  բարձրացնում են այդ հարցը»,-ասաց Մարուքյանը:

Այն հարցին, որ, այնուամենայնիվ, դրական արդյունք չի գրանցվում, Մարուքյանը ասաց, որ շատ բարդ է դրանով հասնել դրական արդյունքի:

«Բայց մյուս կողմից՝ շատ կարևոր է ինֆորմացիոն պատերազմում մասնակցել եւ ակտիվորեն փորձել  նաև ինֆորմացիոն պատերազմում հաղթել: Որովհետեւ կա փաստ, կա ագրեսիա, կան զոհեր, և սա պետք է միջզագային հանրությանը նորմալ ներկայացվի»,-հավելեց Մարուքյանը:

Աղբյուր՝ araratnews.am

 

Բաժին: featured, Հարցազրույցներ, Մամուլ