«Վանաձորում ճշմարտությունը հիվանդացել է… Մարուքյանը կրկին անդրադարձավ Քիմպրոմի խնդրին

11/06/2014

«Վանաձորում ճշմարտությունը հիվանդացել է»,-ԱԺ Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հայտարարեց պատգամավոր Էդմոն Մարուքյանը` կրկին խոսելով Վանաձորի Քիմպրոմ ՓԲԸ-ի խնդրի մասին և հիշեցնելով Էներգետիկայի նախկին նախարար Արմեն Մովսիսյանի ամիսներ առաջ իր կողմից հնչեցրած հարցին պատասխանը, որ ներդրողներ կան, ինչի շնորհիվ կուտակված պարտքերը մարվելու են.

«Ոչ պարտքերն են մարվել, ոչ էլ ներդրողներ կան… ի դեպ, այդ հարց ու պատասխանից հետո ինձ Վանաձորում ասում էին` մի հավատա, որովհետև անընդհատ ասվել ու չի եղել: Հարցս ուղղում եմ Էներգետիկայի նախարարին` միգուցե նախարարը գա մարզ, հանդիպի էդ մարդկանց հետ, բացատրի իրավիճակը ու ընդհանրապես հացը հետևյալն է`ի՞նչ է սպասվում Քիմպրոմին, ո՞վ է մարդկանց աշխատավարձերը տալու, հետո մեկ այլ հարց է, թե ով է այդ ընկերության սեփականատերը»,-հարցրեց Մարուքյանը`կոչ անելով մարդկանց հստակ պատասխան տալ:

Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն իր պատասխանում նշեց, որ իրենք ուսումնասիրել են Քիմպրոմի խնդիրը. «Նախարարությունն այս պահին չի տիրապետում ֆինանսական միջոցների, որպեսզի վճարի աշխատակիցների աշխատավարձերը. քիմպրոմը մասնավոր ընկերություն է, և նախարարության կարծիքով բայդ հարցը պիտի լուծվի բաժնետիրական օրենքի մասին շրջանակներում, մնացած բոլոր մոտեցումները… այս հարցը քննարկվել է նաև Կառավարությունում` պարոն վարչապետի մոտ… Քիմպրոմ ընկերությունն ունի որոշակի լուրջ պարտավորություններ այդ թվում նաև էներեգետիկայի համակարգի կազմակերպությունների նկատմամբ, և այդ կառույցներն այդ մասին նույնպես պիտի մտածեին, այնպես որ ես խորհուրդ կտայի, որպեսզի աշխատակիցները դիմեն համապատասխան կառույցներ`իրենց հարցերն օրենքի րջանակում լուծելու համար»,-ասաց նախարարը:

Մարուքյանն արձագանքեց, որ այս խնդիրը նաև անվտանգության հարց է.

«Եթե Քիմպրոմի էլեկտրոէներգիան անջատվի, այնտեղ թունավոր նյութեր ու քիմիկատեր կան, որ կարող են անվտանգության խնդիր առաջացնել, ես գիտեմ, որ էլեկտրոէներգիայի մեծ պարտք է կուտակված, նաև գազի, և կարծում եմ, որ Կառավարությունը չի կարող ասել, որ մասնավոր ընկերություն է, թող իրենք մտածեն, անվտանգության առումով ակտիվ դեր պիտի ունենանք որպես պետություն»,-ասաց պատգամավորը:

Էներգետիկայի և բնական պաշարների նախարարը նշեց, որ նմանատիպ իրավիճակ է նաև Նաիրիտ գործարանում:

Ի դեպ, Զախարյանն այդպես էլ չանդրադարձավ այն հարցին, թե ով է Քիմպրոմ ընկերության սեփականտերը:

Աղբյուր՝ irakan.info

 

Բաժին: Մամուլ