Հույսս չեմ դնում ո՛չ ՀԱՊԿ-ի, ո՛չ ՆԱՏՕ-ի վրա, միայն՝ մեր բանակի ու մեր պետության. Էդմոն Մարուքյան

10/07/2014

Հնարավոր է՝ Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերությունների սրացման հետևանքով տուժեն ՆԱՏՕ-ՀՀ հարաբերությունները ևս.չ «Անվտանգության նոր մարտահրավերները և ՆԱՏՕ-ն» միջազգային գիտաժողովի շրջանակներում այս մասին ասաց անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով տարածաշրջանային անվտանգությանն սպառնալիքներին ու մարտահրավերներին:

Նա նշեց, որ ամենաառաջին մարտահրավերը նոր բաժանարար գծերի ի հայտ գալն է Հարավային Կովկասում: Ըստ նրա՝ Հայաստանի շրջափակման պայմաններում ՀՀ հարևան Վրաստանը ընթանում է եվրոպական ինտեգրմանի ուղղությամբ՝ հստակ քայլերով վավերացնելով Ասոցացման համաձայնագիրը, Հայաստանը, ըստ էության, ետ կանգնելով Ասոցացման համաձայնագրից, որի համար պատգամավորը շատ ափսոսում է, փորձում է գնալ դեպի Եվրասիական տնտեսական միություն, որը այդպես էլ պարզ չէ, թե ինչ է իրենից ներկայացնում, իսկ Ադրբեջանը պնդում է, թե պետք է ունենա այլ հարաբերություններ այս երկու կառույցների հետ, ռազմավարական հարաբերություններ, որը, բնականաբար, շատ լուրջ վերապահումներ է առաջացնում:

«Անվտանգության հարցում հույսներս պետք է դնենք մեր վրա, որովհետև անվտանգության առումով պետք է տեսնել, թե որտեղ ենք տեսնում ՀՀ-ին ապագա զարգացումներով, այսինքն՝ Հայաստանը որ համակարգում կարող է զարգանալ և նոր դրանից հետո ինչ զարգացումով ապահովել ինքն իր անվտանգությունը: Այսինքն՝ այլ կերպ ես չեմ նայում անվտանգությանը, քանի որ հույսս չեմ դնում ոչ ՀԱՊԿ-ի, ոչ ՆԱՏՕ-ի, ոչ էլ մյուս պաշտպանական կառույցների կամ ռազմավարական գործընկերների վրա, միայն մեր բանակի ու մեր պետության: Այս առումով գտնում էի ու գտնում եմ, որ մեր երկրի զարգացումն ու ապագան միանշանակ եվրոպական ինտեգրման շրջանակում պետք է տեսնել, ու այդպես պետք է լինի ապագայում, վաղ թե ուշ մենք մեր տեղը կգտնենք այդ համակարգում»,- ասաց անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Ինչ վերաբերում է մարտահրավերներին, ապա Մարուքյանը չի բացառում, որ ՆԱՏՕ-Ռուսաստան հարաբերությունների սրացման հետևանքով տուժեն Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները ևս: «Մենք՝ որպես ՀՀ ԱԺ պատգամավորներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, պետք է ամեն բան անենք, որպեսզի կարողանանք ՆԱՏՕ-ի հետ համագործակցության այսօրվա բարձր մակարդակը պահպանել և ոչ միայն պահպանել, այլև խորացնել ու զարգացնել»,- այսպես ավարտեց իր ելույթն Էդմոն Մարուքյանը:

Աղբյուր՝ 1in.am

Բաժին: featured, Մամուլ, Տեսանյութեր