Զվարթնոց օդանավակայանի մասին

01/08/2014

Ես միշտ նյարդայնանում էի, որ Երևան ժամանելիս Զվարթնոց օդանավակայանում սահմանապահներից ոմանք ռուսերեն են խոսում Հայաստան ժամանած մարդկանց հետ… 
Երեկ Վիեննա – Երևան չվերթով գործուղումից վերադառնալիս սպասում էինք, որ մեր հերթը հասնի և մոտենանք անձնագրային ստուգման կետին և այդ ընթացքում մի կին սահմանապահ ծառայողի համազգեստով ռուսերեն լեզվով ցուցումներ էր տալիս հերթում սպասող և տարբեր երկրներից ժամանած մարդկանց, որոնց մի մասը հայեր չէին և ակնհայտորեն ռուսերեն չգիտեին, իսկ մյուս մասը սփյուռքահայեր էին, որոնք նույնպես ռուսերեն չգիտեին…
Կարճ պատմեմ. երբ իմ հերթը հասավ անձնագիրս ստուգման հանձնելու համար մոտեցա սահմանապահ ծառայողներից մեկին և բացատրություն պահանջեցի թե ինչու է այդ կինը ռուսերեն ցուցումներ տալիս ՀՀ պետական սահմանը հատող մարդկանց և պատասխանը հետևյալն էր. այդ կինը ազգությամբ ռուս է, իսկ սահմանապահ ծառայությունը ՀՀ-ն ՌԴ-ի հետ համատեղ է իրականացնում… Պարզվեց նաև, որ խոսքը միայն գնում է Զվարթնոց օդանավակայանի մասին, քանի որ Բագրատաշենում, Բավրայում և մյուս սահմանային անցակետերում չկա համատեղ ծառայություն: Անգամ սահմանապահներից մեկը բողոքեց, որ ռուս սահմանապահները մոտ մեկ միլիոն դրամ աշխատավարձ են ստանում ՌԴ բյուջեից, իսկ ՀՀ սահմանապահները մի քանի անգամ քիչ….

Իմ վրդովմունքը կայանում էր նրանում, որ ՀՀ պետական սահմանը հատող մարդկանց ռուսերեն լեզվով են ցուցումներ տալիս և մարդիկ տարակուսած նայում էին միմյանց երևի մտածելով թե այս ուր ենք ժամանել Հայաստանի Հանրապետություն թե այլ երկիր…
Վրդովմունքս հայտնելով և բացատրություն պահանջելով, պարզեցի, որ ՀՀ սահմանապահները մեր պետական սահմանը ՌԴ սահմանապահների հետ համատեղ են հսկողություն իրականացնում և դա նոր բան չէ, սակայն բազմաթիվ հարցեր ունեմ դրա հետ կապված ինչն էլ փորձելու եմ ճշտել…

P.S. ՀՀ Սահմանադրություն
Հոդված 12. Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է:

Բաժին: featured