Վճռաբեկ բողոքն անձամբ ներկայացնելու իրավունքը պետք է վերականգնվի. Է.Մարուքյան

22/09/2014

Աժ պատգամավոր Էդմոն Մարուքյանը facebook-յան իր էջում գրել է, որ այսօր շրջանառության մեջ է դրվել «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

«Խնդրո առարկա հոդվածը մասնավորապես նախատեսում է, որ ֆիզիկական ու իրավաբանական անձինք վճռաբեկ բողոք կարող են բերել միայն փաստաբանի միջոցով: Այս կարգավորման նպատակն էր իրավաբանորեն գրագետ ու հիմնավոր վճռաբեկ բողոքների ապահովումը, սակայն նման լուծումը չի ծառայում այդ նպատակի իրագործմանը, ավելին, այդ ճանապարհով խախտվում է Սահմանադրությամբ ու Եվրոպական կոնվենցիայով երաշխավորված՝ քաղաքացիների դատարան դիմելու իրավունքը:

Նախագծի ընդունումը հիմնավորվում է նրանով, որ տվյալ դրույթը խախտում է իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը, արդար դատաքննության իրավունքը, առանց օբյեկտիվ հիմքի ու ողջամիտ նպատակի խտրականություն սահմանում մասնավոր անձանց ու վարչական մարմինների միջև: Խնդիրը հիմնականում հանգում է նրան, որ վարչական գործերով անվճար փաստաբանական ծառայություններից օգտվելու հնարավորությունը մեր օրենսդրությամբ խիստ սահմանափակ է:

Հետևաբար, դատական պաշտպանության իրավունքից ու հնարավորությունից ուղղակիորեն զրկվում են բազմաթիվ քաղաքացիներ:
Ավելին, խտրական մոտեցում է ցուցաբերվում ֆիզիկական ու իրավաբանական անձանց և վարչական մարմինների միջև, քանի որ նորմը սահմանափակում է նախատեսում միայն առաջինների մասով, իսկ վարչական մարմնի անունից վճռաբեկ բողոք կարող է բերել անգամ իրավաբանական կրթություն չունեցող անձը:

Այսպիսով, գործող օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ մասը հակասում է Սահմանադրության 14-րդ, 18-20-րդ հոդվածներին, ՄԻԵԿ 6-րդ հոդվածին և Եվրոպական դատարանի կողմից մինչ այժմ ձևավորված դատական պրակտիկային:

Առաջարկվող նախագծի ընդունմամբ քաղաքացիներն ու իրավաբանական անձինք ևս հնարավորություն կստանան վարչական գործերով անձամբ վճռաբեկ բողոք ներկայացնելու, հետևաբար, նրանց դատարանի մատչելիության իրավունքն այլևս չի խախտվի»,- գրառել է պատգամավորը:

Աղբյուր` Panorama.am

Բաժին: featured, Մամուլ, Օրենսդրական նախաձեռնություններ