ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԱԾՆԵՐԻ ՀԱՄԱՐ

17/10/2014

ՀՀ ԱԺ պատգամավորներ Հովհաննես Սահակյանը եւ Էդմոն Մարուքյանը օրերս շրջանառության մեջ են դրել «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով մասնավորապես առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայություն անցած, այնուհետեւ պահեստազորում ընդգրկված եւ հաշվառված, բարձրագույն կրթություն ունեցող անձանց պարտադիր զինվորական ծառայության ժամկետը համարել պետական կառավարման ոլորտի ստաժ:

Օրենսդրական այս նախաձեռնության շուրջն էլ ծավալվեց մեր զրույցը ԱԺ պատգամավոր ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԻ հետ:

-Պարոն Մարուքյան, մեր թերթի ընթերցողների համար կխնդրեի մի փոքր ավելի մանրամասնել «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում այսօրինակ լրացում կատարելու նպատակը, անհրաժեշտությունը, կարևորությունը:

-«Զինապարտության մասին» ՀՀ օրենքում կատարվող լրացումը նպատակ է հետապնդում բանակում ծառայած տարիները հավասարեցնել պետական կառավարման ոլորտի ստաժին: Նշված կարգավորման շնորհիվ բանակում ծառայությունն ավարտին հասցրած, զորացրված, այնուհետև պահեստազորում ընդգրկված և հաշվառված, բարձրագույն կրթություն ունեցող անձինք կունենան պետական կառավարման ոլորտի 2 տարվա ստաժ, այսպիսով հավակնելով պետական ծառայության (քաղաքացիական, դատական, դիվանագիտական հատուկ (պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության, հարկային, մաքսային, փրկարար ծառայությունները հանրապետական գործադիր մարմիններում) ծառայությունները, ՀՀ ԱԺ աշխատակազմում պետական ծառայությունը, Ազգային անվտանգության խորհրդում, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտում, ինչպես նաև օրենքներով նախատեսված այլ ծառայություններ) դասային աստիճանով առնվազն կրտսեր պաշտոններից ավելի բարձր պաշտոնի:

-Դուք առաջարկում եք, որ պարտադիր զինվորական ծառայություն անցած, բարձրագույն կրթություն ունեցող անձանց որոշակի արտոնություններ տրվեն: Ճիշտ է, քաղաքացին իր սահմանադրական պարտականությունն է կատարում, բայց գտնում եք, որ պետությունն էլ իր հերթին պետք է արժևորի, գնահատի նրա ծառայությունը՝ որոշակի արտոնություններով խրախուսելով ու եւս մեկ անգամ ապացուցելով, որ հայրենիքին ծառայող զինվորը պետական հոգածության ներքո է: Կարծում եմ՝ իրապես ողջունելի նախագիծ է: Իսկ որքանո՞վ եք իրազեկ՝ ուրիշ երկրներում արդյոք կա՞ նմանատիպ մոտեցում:

-Նշված խնդիրը տարբեր երկրներում տարբեր կերպ է լուծվել, օրինակ՝ Միացյալ Նահանգներում գործող արտոնությունների համակարգը զինված ուժերում ծառայած ամերիկացի զինվորների համար:

Հաշվի առնելով, որ Հայաստանը գտնվում է սառեցված հակամարտության մեջ, ինչպես նաև ներկայիս իրավիճակը, առաջարկվող կարգավորումն առավել նպատակահարմար է:

– Դուք նշում եք նաև, որ այս լրացումը յուրատեսակ խթան կհանդիսանա պարտադիր զինվորական ծառայությունից չխուսափելու համար. խնդրում եմ պարզաբանել՝ ինչպե՞ս:

-Բանակում ծառայելու համար խթան պետք չէ ըստ էության, քանի որ դա մեր յուրաքանչյուրի պարտքն է հայրենիքի նկատմամբ և սահմանադրական պարտականությունը, սակայն նոր իրավակարգավորումը բանակում ծառայած լինելու հանգամանքն ավելի գնահատված կդարձնի հատկապես նրանց համար, ովքեր կարծում են, որ բանակում ծառայած 2 տարին ժամանակի կորուստ է, և դրանով նրանք անհավասար պայմաններում են հայտնվում բանակ չգնացած և այդ ընթացքում աշխատող (հետևաբար նաև աշխատանքային ստաժ ձեռք բերած) անձանց համեմատ:

-Հետաքրքիր է, իսկ հասարակությունն ինչպե՞ս է արձագանքում «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում Ձեր առաջադրած այս լրացմանը:

-Մեր ստացած բոլոր արձագանքները բացառապես դրական են, և բոլորը միաբերան խնդրում են հնարավորության դեպքում ամեն կերպ արագացնել օրենքի ընդունումը՝ հաշվի առնելով նաև այն, որ օրենքին տրվելու է հետադարձ ուժ, այսինքն՝ մինչ օրենքի ընդունումը ծառայությունն արդեն իսկ ավարտած անձանց վրա ևս հավասար հիմունքներով տարածվելու է:

-Պարոն Մարուքյան, բանակին, զինծառայությանն առնչվող ի՞նչ նոր ծրագրեր ունեք առաջիկայում:

-Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն ուսումնասիրում է քրեական արդարադատության որոշ հարցեր՝ կապված զինծառայության հետ, և հետագա նախաձեռնությունների մասին հավելյալ կտեղեկացնենք:

-«Հայ զինվոր» թերթի անունից հաջողություն ենք մաղթում Ձեր բոլոր ծրագրերին:

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
մայոր

Աղբյուր՝ hayzinvor.am

Բաժին: featured, Մամուլ, Օրենսդրական նախաձեռնություններ