Դուք անհասանելիության խնդիր ունեք. Էդմոն Մարուքյանը՝ մարդու իրավունքների պաշտպանին

20/10/2014

ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը այսօր Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ հայտարարեց, որ մարդու իրավունքների պաշտպանի՝ ԱԺ-ին ներկայացրած իր տարեկան զեկույցը ավելի լավն է՝ նախորդ տարվա զեկույցի համեմատ:
Անդրադառնալով մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի գործունեությանը՝ նա նշեց, որ ողջունում է այն, որ ՄԻՊ գրասենյակը հաճախ է դիմում Սահմանադրական դատարան տարբեր հարցերի կապակցությամբ: Անդրադառնալով թերություններին՝ պատգամավորը նշեց, որ Կարեն Անդրեասյանը իրականում հասանելի մարդ չէ Հայաստանում:
«Դուք, անհասանելիության խնդիր ունեք, ձեր գրասենյակի աշխատակիցները, իհարկե, արագ արձագանքում են, բայց Դուք հասանելի պետք է լինեք հասարակ մարդկանց համար, դա բխում է Ձեր պաշտոնից: Վերջերս ձեր գրասենյակից ինձ և գործընկերներիցս մեկին հրավիրեցին ՄԻՊ գրասենյակ քննարկման և պարզվեց, որ Դուք Հայաստանում եք ու ներկա չեք քննարկմանը: Ես ապշած էի, Դուք հրավիրում եք պատգամավորների ու չեք մասնակցում, բայց ասում եք հետո, որ չենք համագործակցում ձեզ հետ: Դուք Ձեր կողմից պետք է քայլեր անեք, նոր քննադատեք խորհրդարանին»,-ասաց նա:
Էդմոն Մարուքյանը նաև նշեց, որ անընդունելի է համարում ՄԻՊ գրասենյակի կողմից տարվող «ռելիզային» (մամուլի հաղորդագրություններ) պատերազմը պետական գերատեսչությունների հետ: «Սա ճիշտ մեխանիզմ չէ, սա չի տանում մարդու իրավունքների պաշտպանությունը ավելի բարձր մակարդակ»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է նուն հաշվետվությանը, պատգամավորը զարմանալի համարեց այն, որ ՀՀ գլխավոր դատախազությանը քննադատելիս, որպես օրինակ է վերցված ամուսինների խնդիրները, այսինքն՝ ամուսնական հարաբերություններում առաջացած գույքի հետ կապված խնդիրներ:
«Դուք նշում եք, որ Գլխավոր դատախազությունը 360 դեպքերով մակերեսային քննություն է իրականացրել, բայց վերցնում եք ամուսինների դեպքի հիման վրա եք զեկույցը գրում: Դուք պետք է այնպիսի գործերով կայացնեք ձեր զեկույցը, որ որևէ մեկը չկարողանա վիճել Ձեզ հետ: Դուք անշառ թեմա եք ընտրել, սա, կարծես, Գլխավոր դատախազության գովասանագիրը լինի»,- ասաց նա:
Էդմոն Մարուքյանը կոչ արեց Կարեն Անդրեասյանին անդրադառնալ քրեակատարողական հիմնարկների անկախ հանձնաժողովների խնդրին: «Այստեղ զանգվածային խախտումներ են լինում, դատապարտյալները չեն կարողանում օգտվել պայմանական վաղաժամկետ ազատման իրավունքից, դրանց որոշումները բողոքարկման ենթակա չեն: Արդարադատության նախարարության բոլոր նախարարները ասել են, որ կբարելավեն, բայց խնդիրը չի լուծվում»,-ասաց նա:

 

Աղբյուր՝ tert.am

Բաժին: Մամուլ