Երևանի վթարային շենքերին գումար է հատկացրել, աղետի գոտուն՝ ոչ. Էդմոն Մարուքյան

28/10/2014

ԱԺ անկախ պատգամավոր, Էդմոն Մարուքյանը Ազգային ժողովում 2015թ-ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց, որ նախագծով Վանաձորի և Գյումրիի վթարային շենքերի և տնակների քանդման ու, ըստ այդմ, բնակիչներին փոխհատուցման մասին որևէ գումար հատկացված չէ: Մինչդեռ նա ընդգծեց, որ Երևանին բյուջեով հատկացվելու է 2 մլրդ դրամ վթարային շենքերի բնակիչներին՝ դրանք քանդելուց հետո փոխհատուցելու համար:
«Վանաձորում կան վթարային շենքեր ու տնակներ: Ուզում եմ հասկանալ` ի՞նչ սկզբունք է կիրառվել Երևանին 2 մլրդ դրամ հատկացնելու համար, որպեսզի բնակիչներին փոխհատուցում տրամադրվի, մինչդեռ Վանաձոր, Գյումրի և այլ քաղաքներում ոչ մի բան այդ ուղղությամբ նախատեսված չէ»,-հետաքրքրվեց նա:
Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը նախ հորդորեց պատգամավորին չնեղսրտել և ասաց, որ եթե արդյունք չի
լինում, դա դեռ չի նշանակում, որ իր հարցադրումը հաշվի չի առնվում: Իսկ պատճառը, ըստ նրա՝ միայն մեկն է` ֆինանսների բացակայություն:
«Բայց դրանք քննարկման հարցեր են, և մենք, անպայման, կքննարկենք»,- հանգստացրեց փոխնախարարը՝ հիշեցնելով, որ 90-ականներից սկսած պետությունը ահռելի գումարներ է հատկացրել այդ քաղաքներին:
Պատգամավորը համաձայնեց, որ աղետի գոտում գումարներ ծախսվել են, բայց խնդիրը չի լուծվել: «Քանդման շենքերը դեռ իր հերթին, բայց մարդիկ տնակներում են ապրում: Ես հարցնում եմ՝ սկզբունքը որն է, եթե սկզբունքը անարդարությունն է, ուրեմն հարց չկա, այնտեղ այնքան քանդման ենթակա շենքեր կան, որտեղ մարդիկ վախենում են քնել, ճաքեր կան, որ ձեռքդ կմտնի այդ ճաքերի մեջ: Ես կդիմեմ, որ վերաբաշխում կատարվի ու քանդման ենթակա շենքերին գումար հատկացի: Հենց ասում ենք մարզեր, ասում եք՝ ֆինանսների խնդիր»,- ասաց նա:
Պավել Սաֆարյանն արձագանքեց, որ այս հարցն ընդունելի է և ոչ միայն Վանաձորի համար և խոստացավ քննարկել:

«Վանաձորում կան վթարային շենքեր ու տնակներ: Ուզում եմ հասկանալ` ի՞նչ սկզբունք է կիրառվել Երևանին 2 մլրդ դրամ հատկացնելու համար, որպեսզի բնակիչներին …»:

 

Աղբյուր՝ tert.am

Բաժին: featured, Մամուլ