Կյանքն այլ բան է ցույց տալիս. թանկացումները կշարունակվե՞ն մինչև հունվար

02/12/2014

Մոտավորապես տասը տոկոս թանկացել են առաջին սպառման ապրանքները, ու սպասվում է, որ կշարունակեն թանկանալ մինչև հունվարի մեկը: Այսօր Ազգային ժողովում ԵՏՄ անդամակցության պայմանագրի քննարկման ժամանակ ասաց անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: ՛՛Տարբերակ առաջինն այն է, որ սա դրամի արժեզրկման հետ է կապված, և տարբերակ երկրորդ, որ տնտեսությունը, շուկան պատրաստվում է հունվարի մեկից հետո նոր տնտեսական հարաբերությունների, այսինքն՝ նրանք, որ թանկանալու են կամ չեն թանկանալու՝ ըստ ձեր տված տեղեկության, դրանք էլ են թանկանալու, այսինքն՝ գոնե տեղական արտադրության բաներ կան, որ դոլարի հետ ոչ մի կապ չունեն, բայց թանկանում են՛՛,-ասաց նա:

Պատգամավորն օրինակ բերեց կաթը՝ նշելով, որ այն գյուղացիներից դրամով են մթերում, սակայն կաթնամթերքը թանկացել է: ՛՛Ինչքա՞նով է սա կապված մեր տնտեսական անդամակցության հետ՛՛,-հարցրեց պատգամավորը:

Ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը պատասխանեց, որ այդ թանկացումները բացարձակորեն ոչ մի կապ չունեն մեր ինտերգրացիոն գործունեության հետ: ՛՛Թակացումների մեջ որոշակի ապրանքատեսակներ կան, որ տեղական արտադրություն ունեն և գտնվում են մեր բացառությունների ցուցակում, և անկախ նրանից հունվարից հետո մենք դառնում ենք ԵՏՄ անդամ, թե ոչ, այդ ապրանքների մասով մաքսատուրքերի դրույքաչափերը չեն բարձրանալու: Այն սեգմենտը, որի մասին ասում եք ու որոնց մասին խոսակցություններ են գնում, որ պիտի թանկանան, դրանք բացարձակապես կապ չունեն ԵՏՄ-ի հետ մեր ինտեգրացիոն գործընթացներին՛՛:

Սուրեն Կարայանը հայտարարեց, որ ապրանքների թանկացումը ներքին շուկայում այլ բան է, մաքսատուրքերի դրույքաչափերի բարձրացումն՝ այլ, պարտադիր չէ, որ որքան դրույքաչափը բարձրանա, նույնքանով բարձրանա ապրանքի գինը: ՛՛Դա ներքին շուկան որոշում է առաջարկով ու պահանջարկով, իսկ մաքսատուրքի դրույքաչափը կարող է ազդել ներմուծվող ապրանքների գնային որոշակի գործոնների կամ ազդեցության վրա՛՛:

Մարուքյանն արձագանքեց, որ լավ կլինի, որ այդպես էլ լինի, սակայն հիշեցրեց, որ ժամանակին կրկին ասվում էր, որ կաթնամթերքը չի թանկանա դրոշմապիտակավորման ժամանակ, ՛՛կյանքն այլ բան է մեզ ցույց տալիս՛՛,-նկատեց նա: Փոխնախարարն էլ ասաց, որ դա դրոշմապիտակի հետ չէր կապված, այլ շահութահարկի:

Աղբյուր՝ henaran.an

Բաժին: Մամուլ